Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԵՐԻՆ ԿԳՆԱՀԱՏԵՆ

Մայիս 12,2010 00:00

ՏՄՊՊՀ-ն խոստանում է, որ մարզերի գործարարները դեղ ներկրողների «բախտին» չեն արժանանա

Այս տարվա հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովը նախատեսում է այս տարի հանրապետության մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: «Փորձելու ենք լայնածավալ գործունեություն իրականացնել մարզերում՝ հասկանալու, թե իրականում ինչպիսին է այնտեղ իրավիճակը»,- ասել էր Դավիթ Հարությունյանը: Հայտարարությունից անցել է ավելի քան երեք ամիս: Դավիթ Հարությունյանը հրաժարական է տվել, այժմ ՏՄՊՊՀ նախագահը Արտակ Շաբոյանն է: Դավիթ Հարությունյանի հրաժարականից հետո համառ լուրեր եղան, թե դեղ ներկրող յոթ խոշոր ընկերությունների դեմ ՏՄՊՊՀ կտրուկ քայլերից՝ նրանց հակամրցակցային պայմանավորվածության համար տուգանելու որոշում ընդունելուց հետո, Դավիթ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ եւ անգամ սպառնացել են զենքով: Արտակ Շաբոյանը եկավ, եւ հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Դավիթ Հարությունյանի օրոք ընդունված՝ դեղ ներկրողներին տուգանելու որոշումը: Այսքանից հետո մեզ հետաքրքիր էր, մարզերում մրցակցային իրավիճակի գնահատումը կլինի՞, թե՞ ոչ: Դավիթ Հարությունյանի հիշյալ հայտարարությունից ավելի քան երեք ամիս անց ի՞նչ է արվել, եղե՞լ են այցեր մարզեր, եթե՝ այո, ապա ո՞ր մարզեր, ո՞ւմ հետ են հանդիպել, ի՞նչ հարցեր քննարկել: Մեր այս հարցերին ի պատասխան, ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը ասաց. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս աշխատում է հանրության հետ կապերի ընդլայնման ծրագրի վրա, որտեղ էական տեղ է հատկացված մարզերում մրցակցային իրավիճակի գնահատման, իրազեկման եւ քարոզչության աշխատանքներին: Ըստ այդմ, ձեր նշած ծրագիրը Հանձնաժողովի աշխատանքային օրակարգում է, եւ արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել դրանք իրագործելու համար: Ծրագիրը, Հանձնաժողովի նախագահի փոփոխությունից հետո ընդլայնվել է եւ այնտեղ՝ մարզերում մրցակցային իրավիճակի գնահատումից բացի, ընդգրկվել են նաեւ հանրապետության մարզերում մրցակցության քարոզչության եւ իրազեկման աշխատանքների իրականացումը, հետագայում նաեւ բարելավմանն ուղղված քայլերի մշակումը: Ծրագիրը մեծ մասշտաբներ է ընդգրկում եւ մարզերում մրցակցային իրավիճակի գնահատման մտադրության մասին հայտարարելուց ի վեր, այս ընթացքում Հանձնաժողովը կազմել է միջոցառումների պլան, կոնկրետ թիրախային խմբեր (տնտեսվարող սուբյեկտների ցանկեր եւ այլն), որոնց ուղղված կլինեն քարոզչության եւ իրազեկման աշխատանքները, ընտրվել են մեխանիզմները, որոնց միջոցով կկատարվեն մրցակցային իրավիճակի գնահատման աշխատանքները («կլոր սեղանի» քննարկումներ, հանդիպումներ, մասնագիտացված սոցիոլոգիական հարցումներ) եւ այլն»:
Հիշելով դեղ ներկրողների եւ ՏՄՊՊՀ շուրջ զարգացումները, Արմինե Ուդումյանին հարցրինք. ե՞րբ կավարտվեն աշխատանքները, հանձնաժողովի նախագահի փոփոխությունը կարո՞ղ է որեւէ կերպ ազդել ծրագրի իրականացման վրա: «Որոշ կազմակերպչական խնդիրներից ելնելով, այս պահին հստակորեն հնարավոր չէ նշել, թե կոնկրետ երբ տեղի կունենա այս կամ այն միջոցառումը, սակայն դա կլինի այս տարվա ընթացքում: Բնականաբար, Հանձնաժողովը ծրագիրը կիրականացնի առավելագույն հրապարակայնության պայմաններում»,- ասաց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել