Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕՍՎԵՆՑԻՄՈՒՄ» ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ «ՆԱՌՆ» ՈՒՆԵՐ

Մայիս 12,2010 00:00

Քրեակատարողականի աշխատակիցների դատավարությունն ավարտվեց

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Ա. Գաբրիելյանի նախագահությամբ) ավարտվեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ Աղասի Սմբատյանի, Սմբատ Արթինյանի, Վանիկ Հարությունյանի, Սերժիկ Թամրազյանի, Արա Աթաբեկյանի դատաքննությունը:
Նրանք մեղադրվում են ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի՝ անցյալ տարվա նոյեմբերին իրականացրած փախուստի գործով պաշտոնական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանք:
Մինչ ամբաստանյալների վերջին խոսքը լսելը, Աղասի Սմբատյանի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդեց, որպեսզի իրեն ներկայացվի «ծանր հետեւանքն» ապացուցող, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ինքնասպանության փորձի արձանագրությունը: Պաշտպանն այն որակեց դատախազ Հարություն Հարությունյանի կողմից դատարան ներկայացված կեղծ ապացույց: Ըստ փաստաբանի, դատախազն ասել է, թե Մհերը ձերբակալման պահին է դանակով հարվածել ինքն իրեն, մինչդեռ Արսենյանին երեկ փոխանցված՝ Ենոքյանին 2009թ. դեկտեմբերի 18-ին ԱԱԾ բերման ենթարկելու մասին արձանագրությամբ պարզվեց, որ Ենոքյանը իր մոտ եղած գաղտնի փականով դանակով է հարվածել ինքն իրեն: «Ինչո՞ւ ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ չի հարուցվել քրեական գործ»՝ հարցրեց պաշտպանը: Ու երբ մեղադրողը հարցրեց, թե ո՞ւմ է ուղղված պաշտպանի հարցումը՝ պատասխանեց. «Ձեզ չի ուղղված, այլ ձեր անմիջական ղեկավարին: Խաղեր էիք տալիս, փրփուրից կառչում: Անձնապես մեզնից ուրախ եք լինելու, երբ ազատվեն այս տղաները, գլխավոր դատախազը էտ ինչ է կերել-խմել… մի քիչ հայրենասեր պիտի լինել»: Նախագահող դատավորն ասաց, որ Արսենյանի ուսումնասիրած ապացույցը գործին չի կցվել: Իսկ փաստաբանը դեռ շարունակում էր. «Այս մարդիկ շահագործվել են: Օսվենցիմում յուրաքանչյուրն իր «նառն» է ունեցել: Ո՞վ պետք է պատասխան տա, որ «Նուբարաշենի» ամեն մի խցում 17-20 ավելի մարդ են պահում: Արդարադատության նախարարը վաղուց պետք է հրաժարական տար, դատախազը՝ նույնպես: Այս տղաներից յուրաքանչյուրը 4 մարդու է նայում: Ինչո՞ւ»:
Ցմահ ազատազրկվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանի վերջին խոսքի ժամանակ դահլիճում եղան հուզվողներ: Նա ասաց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 8-ից կալանավորված է, մայրը մահացել է եւ չի կարողացել նրա շիրիմին այցելել, Զատիկին, ծննդյան օրը, քանի որ ՔԿՀ նախկին պետի՝ Արսեն Աֆրիկյանի ցուցմունքի պատճառով իրեն կալանավորել են: Ամբաստանյալն ասաց, որ նյութական վնասի հատուցման պահանջով չէ, որ բողոքելու է, այլ իր ընտանիքին, իր արժանապատվությանը հասցրած բարոյական վնասի հատուցման համար: Նա իրեն մեղավոր չճանաչեց, քանի որ ասաց, թե իր լիազորությունների մեջ չկա բանավոր կամ գրավոր պահանջ, որ ցմահների 6-րդ հարկում գտնվող թիվ 1 զբոսախուցը պիտի պահպաներ:
Անվտանգության պետ Սեդրակ Արթինյանն էլ իրեն մեղավոր չճանաչեց, ասելով. «Փախուստի մասին ինֆորմացիա չի եղել: Ես կատարող եմ, ես ինֆորմացիա ձեռք բերող չեմ: Անփույթները գալիս են շատ վերեւից: Ես ամեն օր կանգնել եմ ՁԻԱՀ-ների հետ, թմրամոլների, հանցագործների, ոչ մի անգամ չեմ ստացել նկատողություն, ատեստացիայի ժամանակ ստացել եմ գերազանց»: Արա Աթաբեկյանն ու Վանիկ Հարությունյանը դատարանից խնդրեցին արդարացման դատավճիռ:

Հ. Գ. Այսօր ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կշարունակվի ցմահ ազատազրկման դատապարտվածներ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել