Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ 1 ՄԻԼԻՈՆ ՏՈՒԳԱՆՔ

Մայիս 12,2010 00:00

Երեւանում գործող պաշտոնապես գրանցված 47 կարուսելներից միայն 13-ն է անցել փորձաքննություն: Երեկ այս մասին տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանը. «Հաղթանակի զբոսայգում տեղակայված ոչ մի կարուսել փորձաքննություն չի անցել, փորձաքննություն չեն անցել նաեւ Վանաձորի կարուսելները, Կապանի կարուսելներն էլ փորձաքննության արդյունքում ստացել են բացասական գնահատական»: Երեւանի տեխնիկական անվտանգության ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանն էլ արձանագրեց, որ «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ում թվով 7 կարուսելի փորձաքննություն իրականացրել է «Տեգ» ընկերությունը՝ դեռեւս նախորդ տարվա օգոստոսին եւ տվել է դրական եզրակացություն, պարոն Հովսեփյանը հիշեցրեց, որ փորձաքննության գնահատականը, օրենքի համաձայն, ուժի մեջ է մեկ տարի. «Սակայն դժբախտ դեպքերի ժամանակ պետք է կրկնակի փորձաքննություն իրականացնել, այժմ այդ 7 կարուսելների եւ մնացած չգրանցված ու փորձաքննություն չանցած կարուսելների ուսումնասիրություն է կատարվում, դրանք բոլորը փորձաքննություն են անցնելու. որոնք կստանան դրական եզրակացություն՝ կշահագործվեն, իսկ որոնք բացասական՝ կդադարեն շահագործվել»: Նա նշեց, որ Հաղթանակի զբոսայգում նախօրեին վնասված «Թայֆունը» ոչ գրանցված էր, ոչ էլ փորձաքննություն էր անցել: Նա նաեւ հավելեց, որ դրա շահագործումը դադարեցվել է. «Թայֆուն» ատրակցիոնը շահագործման էր հանձնվել մեկ ամիս առաջ, նախագծվել է անհատ մարդու կողմից ու տեղադրվել ապօրինի, այս մասով պատասխանատվությունն ընկնում է կոնկրետ շահագործող, ինչպես նաեւ փորձաքննություն անցկացրած կազմակերպության վրա»: Արտակարգ իրավիճակների նախարարությունը յուրաքանչյուր չգրանցված օբյեկտի համար սահմանել է 1 միլիոն դրամի չափով տուգանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել