Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էկոտուրիզմ՝ քարուքանդ ճանապարհներո՞վ

Մայիս 12,2010 00:00

Շիրակի մարզի ամենախուլ գյուղում ազգային պարկ են կառուցում

«Արփի լիճ» ազգային պարկ կառուցելու ծրագիրը մշակվել էր դեռեւս 3 տարի առաջ, սակայն շինաշխատանքները մեկնարկեցին երեկ: Շիրակաի մարզի ամենամեծ լճի՝ Արփիի ափին գտնվող Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղում դրվեց պարկի վարչական շենքի հյուրատան առաջին հիմնաքարը: Քանի որ ծրագիրը բնապահպանական է եւ ֆինանսավորվում է Գերմանական վերակառուցման բանկի (KFW) միջոցներով, ուստի եւ այս պաշտոնական արարողությանը եկել էին մասնակցելու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի գլխավորած պատվիրակությունը: Ըստ նախարարի, ծրագրի հիմնական նպատակը կենսաբազմազանության, հազվագյուտ բույսերի, Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանումն ու էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալն է: Պաշտոնյաները նախ եղան Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում, որը ծառայելու է որպես «այցելուների կենտրոն»: Նրանք, որոնք ցանկություն կունենան այցելել Ազգային պարկ՝ առաջին տեղեկատվությունը կստանան այստեղից:
Հետաքրքիրն այն է, որ Աշոցքից Ամասիա հասնելու համար առնվազն 2-3 ժամ է պահանջվում, նաեւ՝ «Ջիփ» կամ «Համմեր» մեքենաներ, այլապես սովորական միկրոավտոբուսները տեղ չեն հասնի՝ քարուքանդ ճանապարհների պատճառով: Նկատենք, որ Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղը ձմռան 6 ամիսներին աշխարհից կտրված է, ճանապարհները փակ են, նույնիսկ շտապօգնության մեքենա չի կարող մտնել, ու կանայք տանն են ծննդաբերում, մի քանի տարի առաջ էլ գյուղի հարսներից մեկը ծննդաբերելիս մահացել է: Գյուղացիները, որոնք իրենց ամբողջ կյանքում այսքան հյուրեր չէին տեսել, մեզ հետ զրույցում ասում էին, որ եթե ծրագիրը իրականություն դառնա, գյուղը միգուցե չդատարկվի: «Գոնե ճանապարհները կսարքեն ու բաց կլինեն ձմռանը, բանտարկված չենք մնա գյուղում, տեսեք՝ ինչ հետամնաց ռեգիոն է, մի հեկտար հող չենք կարող մշակել, 100 ծուխ կար գյուղում, հիմա մնացել է 30-35-ը: Վերջապես պիտի հասկանան, որ ամեն ինչ չի կարելի կենտրոնացնել Երեւանում, ի՞նչ կարիք կա 1,5 միլիոն բնակչությամբ մայրաքաղաք ունենալ, երբ գյուղերում բնակչությունն այսքան նոսր է, կարելի էր անասնապահությունը զարգացնել ու սահմանամերձ շրջաններում բնակչությանը ամրացնել: Միգուցե ազգային պարկը առաջին պիոնե՞րն է, ու սրանով կսկսվի՞ էս աչքից ընկած, անտեր-անտիրական ռայոնների զարգացումը: Ո՞վ է տեսել քաղաք գնալու համար 4 ժամ ծախսես, երբ կես ժամն էլ բավարար է: Սա մեր հայրենիքն է, վերջապես պիտի մտածեն այնպես զարգացնել, որ մարդիկ չփախնեն»,- ասում էր գյուղացիներից մեկը:
Արդյո՞ք հնարավոր է զարգացնել էկոտուրիզմը այսպիսի քարուքանդ ճանապարհների պայմաններում, մի՞թե տուրիստները կհամաձայնեն Արփի լճի ափին հանգստանալու համար նախապես ուղեղի ցնցում ստանալ՝ մեր այս դիտարկմանը բնապահպանության նախարարը համամիտ էր, ըստ նրա՝ խնդիրը արդիական է, հրատապ լուծում պահանջող, բայց եւ այնպես կարծում է, որ էկոտուրիզմը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատ ճանապարհ, այլեւ սար բարձրանալ ու իջնել, ծառ տեսնել: Իսկ թե ի՞նչը կհրապուրի տուրիստին, ի՞նչ կգա տեսնելու, ըստ պարոն Հարությունյանի. «Ղազանչի գյուղում ստեղծվելու է այցելուների կենտրոն, այստեղ հազվագյուտ բուսատեսակներ կան, մասնավորապես՝ ջրաշուշանը, կենդանական աշխարհ կա, օձի տեսակ կա, եւ հենց Ղազանչի գյուղում այցելուն կարող է ծանոթանալ տուրիստական երթուղիներին եւ կենդանական-բուսական այն տեսակներին, որոնք հնարավոր կլինի տեսնել: Կարելի է այստեղ գալ, հանգիստ անցկացնել լճի մոտ ու տեսարանը վայելել»: Քանի որ ազգային պարկը մի կողմից սահմանակից է Վրաստանին, մյուս կողմից՝ Թուրքիային, նախարարը ծրագիրը կարեւորեց նաեւ նրանով, որ տեղում ստեղծվելու է անդրսահմանային պահպանվող տարածք: Նրա տեղեկացնելով, Վրաստանում համապատասխան կառույցը արդեն ստեղծված է, հետագայում այս ծրագրին կմիանա նաեւ Թուրքիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել