Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՓԱՐՎԱՆԱՊՐՈՄԸ» ԷԼԻ՞ ԿՀԱՂԹԻ

Մայիս 12,2010 00:00

Պետական լաբորատորիայի հիմնանորոգումը ստանձնած ու գործը «պրավալ» տված այս ընկերությունը հիմա էլ փորձագիտական շենքն է ուզում նորոգել:

Պետական գնումների գործակալության սահմանած մրցույթների համար ընկերությունները գլուխ են ջարդում, թե ով պետք է մրցույթը շահի: Սա պատահական չէ, քանի որ մրցույթում հաղթելը ընկերությունների համար զուտ թասիբի հարց չէ, պարզապես նրանք էլ են գիտակցում, որ կարող են մեծ գումարներ աշխատել: Ի վերջո, հաղթում է նա, ով տանիք կամ լավ թիկունք ունի: Այն, որ այս կամ այն դպրոցի, մանկապարտեզի, բնակելի շենքի, ճանապարհի շինարարությունը ստանձնած ընկերությունը կարող է նորմալ շինանյութի փոխարեն անորակ գաջ, ցեմենտ, բիտում ու ներկ օգտագործել ու արդյունքում գումարներ գրպանել, փաստ է: Այդ են վկայում նաեւ այսօր հանրապետության մի շարք վերահսկողական ծառայությունների՝ հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքների կատարման ընթացքում տասնյակ ընկերություններում հայտնաբերած չարաշահումները եւ դատախազությունում հարուցված քրեական գործերը:
Մեր երկրում Պետական գնումների գործակալության անցկացրած մրցույթներից բացի, միջազգային կազմակերպությունների տրամադրած գումարների հաշվին էլ են մրցույթներ անցկացվում, որոնք կազմակերպում են արդեն առանձին ծրագրերի իրականացման գրասենյակները (ԾԻԳ-եր): Համաշխարհային բանկի միջոցներով արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման համար Դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակը մրցույթ է հայտարարել: Նշյալ մրցույթին մասնակցում է 3 ընկերություն, եւ եթե պետական գնումների դեպքում ՀՀ պաշտոնյաներին առանձնապես չի մտահոգում պետության գումարները յուրացնելու հանգամանքը, ապա միջազգային կառույցների դեպքում այլ է. նրանք բացի այն, որ իրենց տված գումարները կոպեկ առ կոպեկ հաշվում են, ուշադրություն են դարձնում նաեւ, որպեսզի տվյալ ընկերությունը անբասիր վարկ ունենա: «Առավոտի» տեղեկություններով, ՀԲ-ի միջոցներով ֆինանսավորվող այս մրցույթին 3 ընկերությունների թվում հայտ է ներկայացրել նաեւ մեծ գումարներ յուրացրած եւ վերջերս «սեւ ցուցակում» հայտնված «Փարվանապրոմ» ընկերությունը: Թե ո՞ւմ հույսով է «Փարվանապրոմը» շարունակում մնալ հայտատու՝ անհասկանալի է:
Իսկ մենք մեջբերենք ՀՀ գլխավոր դատախազության՝ բոլորովին վերջերս հրապարակած տեղեկատվությունից մի հատված: Այսպես. «Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի տարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայի մասնաշենքի հիմնանորոգման եւ նույն մարզի Մեծ Մասրիկ համայնքի ոռոգելի հողերի ջրապահովվածության բարձրացման շինարարական աշխատանքները ստանձնած «Փարվանապրոմ» ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է 1 204 900 դրամ»: Նշենք, որ վերոնշյալ աշխատանքները կատարելու համար ՀՀ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Փարվանապրոմ» ընկերության միջեւ պայմանագիրը կնքվել է 2008 թվականի մարտին: Ըստ դատախազության հաղորդագրության, ընկերությունը կատարողական ակտերում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ տվյալներ ներառելու միջոցով՝ հավելագրել է, համապատասխանաբար, 554700 եւ 650200 դրամի չկատարված աշխատանքներ: Նշենք, որ խախտումները բացահայտվել են ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչության կատարած ստուգումների արդյունքում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերի խարդախություն): Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու:
Նկատենք, որ նշյալ մրցույթի հայտերն ամփոփվել են ապրիլի 16-ին, սակայն մինչ օրս հաղթող ճանաչված ընկերության անունը չի հրապարակվում: Դատաիրավական բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակից եւ Համաշխարհային բանկի հայաստանյան մասնաճյուղի պատասխանատուներից տեղեկացանք, որ այս առումով օրենքի խախտում չկա, քանի որ այն կարգավորվում է ոչ թե «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ հաղթող ճանաչված ընկերության անունը պետք է հրապարակվի հայտերի բացման օրվանից մինչեւ 10 օրվա ընթացքում, այլ՝ Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգով: Այն է՝ հայտերի բացման օրվանից սկսած՝ 105 օրվա ընթացքում:
Այս օրերին 3 ընկերություններն էլ շունչները պահած սպասում են, թե ով է մրցույթում հաղթող ճանաչվելու: Մեր տեղեկություններով, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ շահագրգռված են, որպեսզի հենց «Փարվանապրոմն» էլ հաղթի: Ուստի ամենեւին էլ զարմանալի չի լինի, եթե հանկարծ «Փարվանապրոմի» քրգործը «ջրվի», ընկերությունն էլ մրցույթում հաղթող ճանաչվի: Ամեն անգամ նման պատմությունների ականատես լինելով՝ պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետի, նախագահի սկսած չարաշահումների դեմ պայքարն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են բարձրաստիճան պաշտոնյաների շահերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել