Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

300 հազարը եւս կհեռանա՞ն

Մայիս 12,2010 00:00

Ինչպես տեղեկացնում է panorama. am կայքը՝ երեկ «Միգրացիա եւ մարդկային զարգացում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» ազգային զեկույցի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան նշեց, թե ճիշտ կառավարման դեպքում միգրացիան կարող է դրականորեն ազդել տնտեսական աճի վրա, սակայն առայժմ տեղի են ունենում բացասական երեւույթներ, օրինակ՝ ուղեղների արտահոսք: «Համաձայն տարածված կարծիքի՝ 1991թ.-ին՝ միգրացիայի առաջին ինտենսիվ ալիքի սկսվելուց ի վեր, մոտ 700 հազարից 1 մլն 300 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից»,- ասաց Դ. Գերչեւան:
Հայաստանում, ըստ զեկույցի ուսումնասիրությունների, միգրացիայի դրդապատճառներն են՝ աշխատատեղերի պակասը, գործարարությամբ զբաղվելու խոչընդոտները եւ մարդու համարժեք գնահատվելու պայմանների անբավարարությունը:
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն իր խոսքում նկատեց, որ միգրացիոն հիմնախնդիրների լուծումը ՀՀ իշխանությունների առջեւ ծառացած հրատապ լուծման ենթակա հարցերից է: 2008-09թթ. ընթացքում կառավարությունը իրականացրել է ոլորտի օրենսդրական եւ մի շարք այլ բարեփոխումներ: Այս աշխատանքներում, ինչպես նկատեց Ա. Գեւորգյանը, մշտապես ՀՀ կառավարությունը համագործակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում միգրացիոն իրավիճակը մնում է մտահոգիչ, քանի որ կան գործոններ, որոնք կարող են միգրացիայի նոր ալիքի պատճառ դառնալ։ Դրանցից առանձնացվեց գյուղատնտեսական հողերի խոշորացման գործընթացը, ինչի հետեւանքով շատ գյուղացիներ կարող են գործազուրկ դառնալ, գործոններից մեկն էլ այն էր, որ արտերկիր աշխատանքի մեկնած եւ այնտեղ հաստատված տղամարդիկ կարող են իրենց ընտանիքներին Հայաստանից տեղափոխել։ Եթե միգրանտների վերադարձի ծրագիր չիրագործվի, ապա, զեկույցի հեղինակների կանխատեսմամբ, եւս 200-300 հազար հայ մշտական բնակության կմեկնի արտերկիր։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում միգրացիոն նոր վտանգները կարելի է կանխել, եթե գիտականորեն մշակված միգրացիոն քաղաքականություն իրականացվի։ Իսկ «Ա1+»-ին «Մարդկային զարգացման ազգային զեկույց-2009» հեղինակային խմբի ղեկավար Վարդան Գեւորգյանը հայտնել է, որ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններից ստացված տվյալների համաձայն՝ նախորդ 2 տարիների համեմատ՝ 2009թ. քաղաքական ապաստան ստանալու համար եվրոպական երկրներ մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը աճել է 43 տոկոսով:
«Ա1+»-ը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին հարցրեց՝ «Չե՞ք կարծում, որ 2008թ. մարտի 1-ից հետո ՀՀ-ից արտագաղթը նոր թափ է առել, եւ ՀՀ-ից մեկնում են արդարություն չգտնելու պատճառով»: Փոխվարչապետը նախ շատ կարճ եւ կտրուկ պատասխանեց՝ ոչ, իսկ հետո փորձեց հիմնավորել իր «ոչ»-ը. «Մեր փորձագետները հստակ ներկայացրին արտագաղթի հիմնական շարժառիթներն ու պատճառները: Դրանք հիմնականում կապված են աշխատանքի որոնման հետ եւ մեր ազգին բնորոշ դինամիկ հատկություններով, որը պայմանավորված է մեծ սփյուռք ունենալու հանգամանքով: Ես չեմ տիրապետում թվերի, որոնք կապացուցեն, որ մարտի 1-ից հետո արտագաղթը մեծացել է: Ընդհակառակը՝ վերջին տարիներին միտում է նկատվել, որ որոշ մարդիկ սկսել են վերադառնալ: Անցյալ տարի, օրինակ, սալդոն դրական էր: Համենայնդեպս, այն թվերը չէին, որ մեզ անհանգստացնեին: Տնտեսական ճգնաժամի պատճառով շատերը մնացին Հայաստանում, որովհետեւ ժամանակավոր աշխատանքի պատճառով չեն կարողացել գնալ Հայաստանից»:
Հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանի արտագաղթածների 80 տոկոսը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նրանց սպասվում է ծանր եւ ցածր վարձատրվող աշխատանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել