Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլեկտրոնայի՞նն է ծախսատար, թե՝ ձեռքովը

Մայիս 12,2010 00:00

1999 թ. ընդունված «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ ՀՀ-ում յուրաքանչյուր 10 տարին մեկ պետք է անցկացվի մարդահամար: Առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թվականին: Հաջորդ մարդահամարի անցկացման հստակ ժամկետը 2009 թվականի կառավարության համապատասխան որոշումով սահմանվել է 2011-ը: Նույն որոշմամբ նախատեսված էր, որ փորձնական մարդահամարի անցկացումը տեղի կունենա 2010 թվականի ապրիլին, սակայն ֆինանսական որոշ դժվարություններով պայմանավորված՝ այն հետաձգվել է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 21-30-ը:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համար ստեղծվել է համապետական հանձնաժողով, որի նախագահն է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Հանձնաժողովի անդրանիկ նիստի որոշումով մարդահամարի ընդհանուր աշխատանքների նախահաշիվը 2009-2013 թթ. համար կազմել է 2.5 մլրդ դրամ, սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով հնարավորությունները, տեղեկացրել է, որ ծախսերի նախահաշվի միայն 21%-ն է հնարավոր իրականացնել պետական բյուջեի միջոցներով: Տիկին Կույումջյանը հայտնեց, որ դիմել են Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակին՝ որոշակի աջակցություն ստանալու համար: Այս ծրագիրն այժմ քննարկման փուլում է: Կ. Կույումջյանի խոսքով՝ աջակցելու տրամադրվածություն ունեն նաեւ Նորվեգիայի, Իտալիայի կառավարությունները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Այս մարդահամարի հարցաշարը նախորդի համեմատությամբ նորություններ է պարունակում: «Առաջարկել ենք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցադրումներ, որպեսզի տեղեկատվություն ունենանք՝ տվյալ տնային տնտեսությունները գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվո՞ւմ են, թե՞ ոչ, որքա՞ն հող է մշակվում, ի՞նչ անասնագլխաքանակ կա եւ այլն»,- ասաց բանախոսը: Փորձնական մարդահամարի թերթիկում այս անգամ ներառված է նաեւ անձի կրոնական դավանանքի մասին հարցադրումը: Փորձնական մարդահամարի վայրը Սեւան քաղաքն է, Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր եւ Խաշթառակ համայնքները: 2001 թվականի մարդահամարով ՀՀ բնակչության թիվը շուրջ 3 մլն 213 հազար է եղել: Ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ նշեց, որ մինչեւ 2004 թվականը բնակչության թվաքանակի նվազում է տեղի ունեցել, իսկ դրանից հետո աճը ընդամենը 0,1% է կազմել: Մասնագետի խոսքով՝ 90-ականներից սկսած, կապված ծնելիության նվազման հետ, ժողովրդագրական ծերացման հիմնախնդիրը շարունակվում է, եւ 4-5 տարի հետո լուրջ խնդիրներ կլինեն:
Վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող մի հանդիպման ժամանակ Երեւանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ինժեներ, ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը նշեց, որ դեռ 3 տարի առաջ էլեկտրոնային քվեարկության եւ մարդահամարի նոր համակարգի մասին առաջարկություններ են ներկայացրել, որոնք քննարկվել են ԱԺ-ում, սակայն մինչ այսօր կիրառություն չունեն: Ըստ ակադեմիկոսի՝ «Հայաստանում մարդահամարն անցկացվում է նույն սկզբունքով, ինչ 50 տարի առաջ, իսկ, օրինակ, Դանիայում տվյալների բազայում հավաքված տեղեկատվության թարմացմամբ մարդահամար կարող է արվել յուրաքանչյուր օր, ոչ թե 10 տարին մեկ»: «Առավոտը» Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ Հայաստանն էլ չի օգտվում այս նոր համակարգից: «Դրանք այն երկրներն են, որոնք ունեն բնակչության էլեկտրոնային ռեգիստրներ եւ հնարավորություն՝ նորացնել, թարմացնել այն: Մեր բնակչության ռեգիստրը սկսել է գործել 2005 թվականից, որը Ոստիկանության անձնագրային բաժնի բազաներով է ձեւավորվել, բայց դեռ տեխնիկական խնդիրներ կան: Հիմա նրանք առաջարկություններ ունեն, միջոցառումներ են մշակում»,- պատասխանեց տիկին Կույումջյանը: Իսկ թե ե՞րբ է հնարավոր այդ համակարգի ներդրումը, Կ. Կույումջյանը դժվարացավ պատասխանել. «Դա բավականին ծախսատար, մեծ ֆինանսներ պահանջող խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել