Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻ՞Ք Է

Մայիս 12,2010 00:00

Թույլ չտանք, որ ոչխարները մեզ ուտեն

\"\"

«Հայաստանի համար ոչխարաբուծությունը չարիք է եւ հողերի էրոզացման, երկրի անապատացման, վայրի, բուսական ու կենդանական աշխարհի աղքատացման հիմնական պատճառը, այն էապես խոչընդոտում է տավարաբուծության, մեղվաբուծության զարգացմանը, նպաստում է աղբյուրների ցամաքեցմանը եւ առուների սակավաջրությանը»,- հավատացնում է գրող, հրապարակախոս Արամ Հովհաննիսյանը:
Երեկ Գրողների միությունում նրա նախաձեռնությամբ ոչխարաբուծության դրական ու բացասական հետեւանքների մասին էին քննարկում մտավորականները: Պարոն Հովհաննիսյանին զարմացնում է հատկապես գյուղատնտեսության նախարարության մտադրությունը՝ առաջիկայում ոչխարների գլխաքանակը հասցնել մինչեւ 1,5 միլիոնի. «Հիմա Հայաստանում կա 540 հազար գլուխ ոչխար, ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ իմաստ ունի գլխաքանակը հասցնել 1,5 միլիոնի, այն դեպքում, երբ թույլատրելի չափը 300-350 հազարն է՝ այն էլ պայմանով, որ արածեցումը անկարգ ու վայրիվերո չիրականացվի, ինչպես հիմա են անում, նույնիսկ Խոսրովի անտառում ֆերմա ու ոչխարի հոտ կա»: Նա իր պնդումները հիմնավորում է այլ երկրների օրինակով. «Աշխարհի գրեթե բոլոր զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում ոչխարի քանակությունը նվազագույնի է հասցված: Կանադայում ոչխարների քանակը կազմում է 700 հազար, Շվեյցարիայում՝ 200 հազար, Շվեդիայում՝ 180 հազար, Բելգիայում՝ 100 հազար, Հոլանդիայում՝ 10 հազար»: Պարոն Հովհաննիսյանի խոսքով, հակառակ պատկերն է հետամնաց երկրներում: «Թույլ չտանք, որ ոչխարները մարդկանց ուտեն, ինչպես կասեր անգլիացի մեծ մտածողը, թույլ չտանք, որ ասիական մտածողության տեր պաշտոնյաները իրենց գրոհը հաջողությամբ ավարտեն, եւ իրականում անմեղ կենդանին խժռի մեզ, մեր բնությունը»,- կոչ արեց մտավորականը:
Նա նաեւ հավելեց, որ աշխարհում մանր եղջերավոր անասունի գլխաքանակի կրճատման միտում է նկատվում՝ մոտ 15%, մինչդեռ մենք խրախուսում ենք հին, դարն ապրած ասիական, տնտեսապես վնասաբեր ճյուղը: «Գարուն» ամսագրի թղթակից Մարգո Ղուկասյանն էլ ասաց, որ վերջին շրջանում գործարարները հողը քայքայելով իրենց շահույթն են ապահովում, եւ նրանց դժվար է բացատրել հողի պահպանման կարեւորությունը. «Այս խնդիրը կար նաեւ խորհրդային տարիներին, այն ժամանակ, երբ այս հարցը բարձրացվեց, իշխանությունները համապատասխան քայլեր ձեռնարկեցին, բայց այժմ իրավիճակն անվերահսկելի է հատկապես լեռնային շրջաններում, 1000-ավոր ոչխարներ են արածեցնում եւ մեր հողերը քայքայում, ինչի հետեւանքով Եղեգնաձորի եւ մի շարք այլ տարածքներում լեռնանցքեր են առաջացել, այս հարցը շատ խիստ պետք է դրվի, թե չէ հետագա սերունդները մեզ կանիծեն»:
Քննարկման մասնակից՝ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, սակայն, չի կիսում մտավորականների մտահոգությունը. «Ինչ խոսք, ոչխարաբուծությունը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում բնապահպանական առումով եւ նպաստում է հողերի էրոզիային ու արժեքավոր բուսատեսակների վերացմանը, սակայն նշեմ մի կարեւոր հանգամանք, որ հանրապետության լեռնային շրջաններում անասնաբուծությունը հիմնական զբաղմունքն է, այս պատճառով որոշ սահմանափակումներով, բայց պետք է զարկ տալ այս ճյուղին: Վերջին տարիներին ոչխարների գլխաքանակը մոտ 4,5 անգամ կրճատվել է, ինչի արդյունքում հանրապետության 1 միլիոն 118 հազար հեկտար արոտավայրերից ավելի քան 60%-ը չի օգտագործվել եւ ոչ մի ոչխար այնտեղ չի արածել»: Նա նաեւ հավաստիացրեց, որ իրենց հաշվարկներով՝ գլխաքանակի 1 միլիոն 50 հազարի չափը բնապահպանական խնդիրներ չի առաջացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել