Հատուկ՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ընթացքում իմ հիշատակումը, թե մայրենի լեզվի եւ մտածողության կապը հաստատված է նաեւ ճապոնացի գիտնականների կողմից, արժանացավ հաղորդման հյուրի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետեւյալ արձագանքին. «Հղումներ անել անհայտ գիտնականների կամ անգամ հայտնի գիտնականների ինչ-որ հետազոտությունների վրա… գիտեք, կարելի է հասնել Չուկոտկայի շամաններին ու ասել, որ իրենք նույնպես կանխատեսում են, որ այս նորամուծությունը կքանդի մեր ազգային մտածելակերպը»:
Ցանկանում եմ մանրամասնել արված հղումը՝ որպես օրինակ մեջբերելով ճապոնացի պրոֆեսոր Թադանոբու Ցունոդայի հետազոտական աշխատանքը ուղեղ-մայրենի լեզու հարցի շուրջ: Ցունոդան համաշխարհային հեղինակություն է բնախոսական (ֆիզիոլոգիական) հոգեբանության ասպարեզում, եւ նրա ուսումնասիրությունների արդյունքներն արժանի են վստահության:
Ցունոդան հետազոտել էր մարդու ուղեղի խոսքային գրգռունակության կամ ընկալունակության բնախոսական առանձնահատկությունները, որքանով որ դրանք առնչվում են տվյալ անձի մայրենի լեզվի հետ: Այսինքն՝ թե տվյալ անձի մայրենի լեզուն բնախոսական ինչ կնիք է դնում նրա ուղեղի վրա կամ ինչ հատկություններ է ձեռք բերում ուղեղը՝ պայմանավորված տվյալ մարդու մայրենի լեզվով: Գիտնականը փորձերի է ենթարկել իսպանախոս, պորտուգալախոս, անգլիախոս ճապոնացիների, ինչպես եւ ճապոնախոս ամերիկացիների ու կորեացիների: Բոլոր փորձերը ցույց են տվել, որ մարդու ուղեղի խոսքաձայնային գրգռունակությունների բնախոսական առանձնահատկությունները կապված չեն մարդու ծագման, նրա մարդաբանական-ցեղային առանձնահատկությունների հետ, այլ պայմանավորված են բացառապե՛ս մայրենի լեզվով:
Այս ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում հայտնի դարձան դեռ 1980-ականների վերջին՝ շնորհիվ Ռաֆայել Իշխանյանի, որն իր «Մայրենին» գրքույկում մասնավորապես նշում է. «Երբեմն հաջողվում է գրեթե անսխալ որոշել, թե, ասենք, 10 կամ 15 հայազգի ծնված աղջիկների մեջ ո՞ւմ մայրենի լեզուն է հայերենը, ումը՝ ոչ: Այժմ ահա Ցունոդայի փորձերով պարզվում է, որ դա իր բնախոսական հիմքն ունի. եթե մայրենի լեզուն պայմանավորում է կենտրոնական նյարդային համակարգի՝ ուղեղի աշխատանքի ինչ-որ հատվածների յուրահատկությունները, ապա, բնականաբար, դա իր արտահայտությունն է ունենում մարդու ազգային կերտվածքի վրա: Ամեն մի ժողովուրդ բաղկացած է անհատներից, եւ այն հանգամանքը, թե այդ անհատների որ մասի մայրենի լեզուն է տվյալ ժողովրդի ազգային լեզուն, որ մասինը՝ ոչ, հատուկ գիտական հարց է դառնում»:
Ի դեպ, Ցունոդայի փորձերը ցույց են տվել, որ մարդու մայրենի լեզուն ձեւավորվում է մանկությունից: Ո՞րն է տվյալ երեխայի ընտանեկան, դպրոցական, նաեւ մանկապարտեզային լեզուն՝ դա էլ դառնում է նրա մայրենին: Իսկ այն վիճակը, երբ մի անհատի մայրենի լեզուն նրա ազգային լեզուն չէ, ինչպես տեսանք, իր կնիքն է դնում այդ անհատի կենտրոնական նյարդային համակարգի՝ ուղեղի, ուստի՝ մտածողության ու հոգեկան աշխարհի վրա: Այստեղից էլ բխում են այլ եզրակացություններ, թե օտար լեզվի ուսուցումն արդյունավետ է միայն մայրենիի հենքի վրա, այլապես լեզվամտածողությունը խեղվում է:
Նշենք նաեւ, որ համացանցում «Tsunoda Tadanobu» անվան ցանկացած որոնման արդյունքները լինում են այնպիսին, ինչպիսին, ասենք, «The Japan Times»-ում 2005-ի ապրիլին հրապարակված այս հոդվածի վերնագիրն է. «The Japanese are Japanese because they speak Japanese», այսինքն՝ «Ճապոնացիները ճապոնացիներ են, քանի որ նրանք խոսում են ճապոներեն»: Խիստ ակնհայտ է, ինչպես Հայաստանում վերստին օտարալեզու կրթական դպրոցներ բացելու կողմնակիցները սա կանվանեին՝ «Մենք ենք, մեր սարերը» գավառամիտ մտածողության դրսեւորումը, այս անգամ՝ Ճապոնիայում: