Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎԱՐՏԵԼՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑ՝ ԵՍ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՌՈՒՍ ԷԻ, ՔԱՆ ՀԱՅ»

Մայիս 12,2010 00:00

\"\"Սա հիմնավորումներից է այն բաց նամակին միացողներից մեկի, որով առաջարկվում է Ռուբեն Վարդանյանի բացելիք միջազգային դպրոցում հիմնական դասավանդումը կազմակերպել հայերեն:

Համացանցում բազմաթիվ են ստորագրահավաքները եւ բաց նամակները ընդդեմ կառավարության նախաձեռնության՝ Հայաստանում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու վերաբերյալ: Դրանցից մեկը, որը տեղադրված է հատուկ ստեղծված https://nochangeinlanguagelaw.org/ կայքում եւ նախապատրաստել են տառաստեղծ Ռուբեն Թարումյանը եւ ծրագրավորող Արամ Ապատյանը՝ ուղղված է «Դիլիջան» միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Նամակի հեղինակները նշում են, թե կառավարության այս նախաձեռնության դրդապատճառներից մեկը «Տրոյկա դիալոգ» ընկերության խորհրդի տնօրեն Ռուբեն Վարդանյանի (լուսանկարում) նախաձեռնած եւ կառավարության հովանավորությունը վայելող «Դիլիջան» միջազգային դպրոցի (dilijanschool.org) ստեղծման ծրագիրն է, ըստ որի՝ դասավանդումն այդ ավագ դպրոցում պիտի ընթանա անգլերեն:
Նամակում մասնավորապես նշված է, թե «Դիլիջան» միջազգային դպրոցի ստեղծման մասին լուրը Հայաստանում մեծ արձագանք գտավ. «Համաշխարհային արդի պահանջներին համապատասխանող միջնակարգ ուսումնական հաստատության ստեղծումը, որի մակարդակը կարող է բոլոր այլ դպրոցների համար հիմնօրինակ դառնալ՝ չէր կարող անտարբեր թողնել բոլոր նրանց, ովքեր ծանոթ են Հայաստանում միջնակարգ կրթության ներկայիս վիճակին։ Իրոք, դպրոցի խնդիրները՝ ապահովել ակադեմիական բարձր հիմնօրինակները, զարգացնել աշակերտների ստեղծագործական մտածելակերպը եւ ինքնուրույնությունը՝ դրույթներ են, որոնք պիտի դրվեն Հայաստանի կրթական ամբողջ համալիրի հիմքում»:
Այսուհանդերձ՝ նշվում է, որ «Դիլիջան» միջազգային դպրոցի հայեցակարգի արմատական դրույթներից մեկը խոր մտահոգություն է առաջացնում՝ այն է, որ դպրոցում հիմնական առարկաների դասավանդումը պիտի կատարվի անգլերենով։ Իսկ քանի որ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների համաձայն՝ Հայաստանում կրթական համակարգերում դասավանդման լեզուն գրական հայերենն է, «Դիլիջան» դպրոցի հայեցակարգի՝ անգլերեն դասավանդման մասին դրույթը հակասում է գործող օրենսդրությանը։ Ու թերեւս հենց այս հակասությունը հաղթահարելու նպատակով էլ նախաձեռնվել են վերոհիշյալ օրենքներում փոփոխությունները:
Նամակի հեղինակները կարծում են, որ ոչ հայալեզու դասավանդմամբ դպրոցներով կսկսվի «աստիճանական, բայց անդառնալի մի գործընթաց, երբ ծնողներն իրենց երեխաների համար առավել լավ կրթություն փնտրելիս կնախընտրեն օտարալեզու դպրոցը, դրանց աշակերտները՝ ստանալով առավել լավ կրթություն, կընդունվեն լավագույն բուհերը. կզբաղեցնեն առաջատար դիրքեր մասնավոր եւ կառավարական հատվածներում. կձեւավորվի օտարախոս վերնախավ, որը լավագույն դեպքում կտիրապետի խոսակցական հայերենին»: Նրանք վստահ են, որ վերնախավին կհետեւեն մնացածները, որոնք կուզեն, որ իրենց երեխաները նույնպես հասնեն հաջողությունների. «Դա կտրուկ կիջեցնի հայերենի հաղորդակցական հնարավորությունները եւ հեղինակությունը՝ դուրս մղելով նրան հասարակական կյանքի բոլոր բնագավառներից»:
Խնդիրը դիտարկված է նաեւ այլ տեսակետից. «Կրթության աջակցումը մի քանի լեզուներով կբերի առանց այն էլ սահմանափակ միջոցների փոշիացման, ուսումնական ծրագրերի եւ մասնագետների պատրաստմանն ուղղված ջանքերի բազմակի կրկնության ու անհամաձայնեցվածության»:
Նամակի հեղինակները կարեւորել են. «Շեշտը պիտի դրվի հայալեզու դպրոցում հանրակրթական առարկաների, այդ թվում՝ օտար լեզուների դասավանդման լավացման վրա, այլ ոչ թե փորձ արվի անտեսել ու շրջանցել այն դժվարությունները, որոնք ստիպված է հաղթահարել Հայաստանի կրթական համակարգը։ Պետք է հստակորեն տարանջատել «օտար լեզուների ուսուցում» եւ «օտարալեզու ուսուցում» հասկացությունները։ Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի եւ այլ երկրների օրինակը վկայում է, որ մայրենիի հիմքի վրա լիովին հնարավոր է ապահովել բարձր մակարդակով տիրապետումն օտար լեզուներին»: Եվ ծավալուն նամակը եզրափակված է այսպես. «Վերնախավային գիշերօթիկ դպրոցի հայեցակարգն ինքնին արդյունավետ է եւ, անկասկած, կնպաստի Հայաստանի միջնակարգ կրթության զարգացմանը, եթե դասավանդման լեզուն հայերենը լինի։ Դրա շնորհիվ «Դիլիջան» դպրոցը կդառնա հայկական դպրոցի հիմնօրինակ եւ հայազգի երեխաների ձգողության համաշխարհային կենտրոն»:
Երեկ այս նամակին իրենց ստորագրություններով միացել էին 5 տասնյակից ավելի անձինք, որոնցից ոմանք հավելել էին նաեւ մեկնաբանություններ: Հատվածներ մեջբերենք դրանցից ընդամենը երկուսից: «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը մասնավորապես գրել է. «Մայրենին որպես սկզբնաղբյուր չի ընդունում միայն դավաճանը, որը հետեւողականորեն ի կատար է ածում երկիրը քանդելու նախագիծը: Ասածիս մեջ ոչ մի պաթետիկ բան չկա. նույնիսկ անհարմար է, որ պարզ ճշմարտություններ եմ կրկնում: Դպրոցը կոկա-կոլայի հետ շփոթողները չգիտեն, որ օտար լեզուներ սովորում են մայրենիի հիմքի վրա: Թող հայկական դպրոցում տասը օտար լեզու սովորեցնեն (խեղաթյուրած պատմության փոխարեն), բայց միայն ա՛յն աշակերտներին, ովքեր արդեն փայլուն տիրապետում են հայերենին»:
«ՍՓՅՈՒՌ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանն իր մեկնաբանությունը վերնագրել է. «Համաձայն եմ, քանի որ դա ես զգացել եմ իմ կաշվի վրա»: Եվ մանրամասնել է. «Ավարտելով ռուսական դպրոց՝ ես ավելի շատ ռուս էի, քան հայ: Ավելի հեշտ ռուսական գրականություն ու թերթեր էի ընթերցում, քան հայկական, ավելի շատ ռուսերեն էի մտածում, քան հայերեն: Ռուսերենն ավելի հարազատ էր, քան հայերենը: Իմ կարծիքով, այդպիսին էին նաեւ գրեթե բոլոր ռուսական դպրոցներ ավարտողները: Եվ իսկապես, այն ժամանակ ռուսական դպրոցները համարվում էին էլիտար: Համալսարան ես ընդունվեցի հայկական բաժին ու մինչեւ հիմա հիշում եմ, թե ոնց էին համակուրսեցիներս առաջին կուրսում ծիծաղում իմ խոսքի վրա, երբ ես բացատրում էի դասը գրատախտակի մոտ կենցաղային հայերենով: Հիմա ես շատ գոհ եմ, որ իմ բուհական կրթությունը հայկական է, քանի որ այդ 5 տարիների ընթացքում ես նորից դարձա հայ (չնայած ուղղագրությունս դեռ կաղում է): Հիմա ամեն ինչ շուռ է եկել դեպի անգլերենը: Շատ երիտասարդներ ավելի լավ գիտեն անգլերեն, քան հայերեն: Աշխատանքի ընդունվելիս ինձ «ռեզյումե» են հանձնում, չգիտես ինչու, անգլերեն, երիտասարդ գործարարներն ինձ նամակ են գրում, չգիտես ինչու, անգլերեն… Եվ սա այն դեպքում, երբ մենք դեռ չունենք անգլիական դպրոցներ: Իսկ եթե անգլիական դպրոցները սնկի պես սկսեն աճել, ապա պատկերացնում եմ՝ ինչ աղետալի վիճակ կլինի: Իսկ միգուցե դա մեր ճակատագիրն է՝ լուծվենք, դառնանք անգլիացի: Եվ «Լեզվի օրենքում» նախատեսվող փոփոխությունը կլինի այդ ուղղությամբ մեր առաջին քայլը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել