Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վտանգավոր միտումներն առկա են

Մայիս 12,2010 00:00

«Ցանկացած ժողովուրդ մեծագույն փորձության է ենթարկվում, երբ վճիռներ կայացնելուն խառնվում են ազգայնականները: Նրանք իրենց անսահման սնապարծությամբ, պոռոտախոսությամբ ու անպատասխանատվությամբ ցանկացած գործի վնաս են հասցնում»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ հայ-վրացական այդպես էլ չկարգավորված հարաբերություններում նորից լարումներ են նկատվում` Ջավախքի ՏԻՄ ընտրություններում հայերի ու հայկական կազմակերպությունների առաջադրման խոչընդոտումները, վրացական կողմն անհասկանալի պատճառներով չի վերականգնում գազի մատակարարումը Հայաստան եւ այլն. վտանգավոր միտումներ չե՞նք տեսնում այս ամենում: Ըստ մեր զրուցակցի, հայ-վրացական հարաբերություններն, ըստ էության, կարգավորվել են դարերի ընթացքում, իսկ առկա լարումները մեր ժամանակների ծնունդ են. «Հայկական տարրը Վրաստանում միշտ էլ եղել է, Թբիլիսիում այն միշտ էլ էական դեր է խաղացել, բայց հայկականությունը երբեք չի եղել հակավրացական: Ընդհակառակը: Արեւելահայկական մշակույթի խոշորագույն կենտրոններից մեկը, եթե ոչ ամենամեծը, եղել է Թբիլիսին: Այդ երկիրը միշտ էլ մեզ հարազատ է եղել, ու միշտ էլ մենք՝ հայերս, այնտեղ մեր տեղն ենք ունեցել: Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է կատարվում գազի մատակարարման հետ կապված, դա իմ բնագավառը չէ, բայց պարզ երեւացող վտանգավոր միտումներ տեսնում եմ հայ-վրացական հարաբերություններում: Ի հայտ են եկել Վրաստանի ու վրացահայության խնդիրներով զբաղվող տարաբնույթ կազմակերպություններ, որոնք նստած այստեղ՝ Հայաստանում, որոշում են, թե ինչպիսին պետք է լինի Վրաստանը, ինչ վարչատարածքային բաժանում պետք է ունենա եւ ինչ կանոններով պետք է ապրի: Անհասկանալի պահանջներով միտինգներ ու ցույցեր են կազմակերպում Վրաստանի դեսպանատան մոտ: Այս կարգի ելույթներն իրենց արձագանքը Վրաստանում չգտնել չեն կարող: Այստեղից էլ ձեր հիշատակած ՏԻՄ ընտրություններում հայկական կազմակերպությունների եւ հայերի առաջադրման խոչընդոտումները: Այնտեղ էլ են գործում մեզանում գործող հակավրացական կազմակերպությունների կարգի կազմակերպություններ, որոնք վրացական լինելով՝ իրենց առաջ հակահայկական խնդիրներ են դնում»:
Իրավապաշտպանի կարծիքով, երկու երկրներում էլ գործող ազգայնականների ջանքերով, ոչ թե Հայաստան-Վրաստան հարաբերություններում, այլ հայ-վրացական հարաբերություններում սկսում են վտանգավոր միտումներ ի հայտ գալ, որոնք, եթե խորանան, կարող են նաեւ ազդել Հայաստան-Վրաստան՝ դեռեւս հուրախություն մեզ, շարունակվող բարեկամական հարաբերությունների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել