Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քաղաքականությունը տնտեսական գործունեություն է

Մայիս 12,2010 00:00

Երեկ Մամուլի ազգային ակումբում գնահատեց Աշոտ Մանուչարյանը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանն օրեր առաջ մասնակցել էր «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժման» հավաքին եւ ելույթ ունեցել: Այս փաստը նկատի առնելով՝ երեկ ասուլիսում «Թերթ» կայքէջի թղթակիցը հետաքրքրվեց, թե այդ շարժման ստեղծման նպատակը ո՞րն է: Ի պատասխան՝ Աշոտ Մանուչարյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել կազմակերպիչներին, քանի որ ինքն այդ հավաքին միայն հրավիրյալի կարգավիճակով է ներկա եղել. «Վերջերս ես սկսել եմ ընդունել հրավերները այս կամ այն հավաքին մասնակցելու։ Դրանից առաջ Մակեյանի կուսակցության հավաքին  էի  մասնակցում  եւ  ելույթ  ունեցա, դրանից առաջ՝ բլոգերների հավաքին»:
«Առավոտը» հիշեցրեց, որ իր գործունեության ողջ շրջանում Աշոտ Մանուչարյանն առավել ստվերային գործչի համարում է ունեցել, որը նախընտրում է աշխատել քաղաքական հետնաբեմերում: Հետաքրքրվեցինք, թե քանի որ այժմ դարձյալ ակտիվացել է քաղաքականության մեջ՝ արդյոք վերանայե՞լ է իր գործելակերպը եւ այն ավելի բա՞ց կլինի: Աշոտ Մանուչարյանը նախ խոստացավ, որ ավելի բաց կլինի, հետո հավելեց. «Վերանայել բառին համաձայն չեմ եւ պարզաբանեմ՝ ինչու: Բանն այն է, որ ազգային անվտանգությունը սպեցիֆիկ ոլորտ է: Ես միշտ եղել եմ հրապարակային քաղաքականության մեջ՝ կյանքիս նախկին հատվածում: Բայց ազգային անվտանգությունում դու տիրապետում ես շատ գիտելիքների, ինչ-որ գործելակերպերի եւ այլն, որոնք ինչքան քիչ հրապարակվեն…»: Ընդմիջեցինք՝ հիշեցնելու, որ ինքն այդ մարմիններում համեմատաբար կարճ ժամանակահատված է եղել, մինչդեռ ավելի երկար է նախընտրել ոչ հրապարակային գործելաոճը: Աշոտ Մանուչարյանն այս կապակցությամբ ասաց. «Ես հրապարակային քաղաքականությունն ինձ համար ոլորտ չէի համարում։ Ավելի շատ այդ պահերին վերլուծական աշխատանքն էր, եւ ինձ օգնական էի տեսնում շատ ու շատ արդյունավետ ու բաց գործող գործիչների։ Այսինքն՝ այդ իմաստով երբեւիցե փակ չի եղել, ես երբեք չեմ թաքցրել իմ այցելությունները, կապերը որեւէ անձի, քաղաքական գործիչների հետ: Եվ շատ-շատերի հետ աշխատելով՝ ես ինչ-որ իմաստով նաեւ մասնակից եմ եղել այն հրապարակային գործընթացներին, որոնք տեղի են ունեցել»։
Իր վերջին շրջանի ակտիվացումն էլ այսպես բացատրեց. «Ես նորից երեւի հանդես չէի գա: Ինձ համար հիմա նախընտրելի է, որպեսզի այն երիտասարդ սերունդը, որը տեսնում եմ, որը մի կողմից՝ արագ գիտելիքներ է հավաքում, փորձ, մյուս կողմից էլ՝ շատ հետաքրքիր մտածելակերպ ունի, շատ կրեատիվ համակարգ է ձեւավորվում… դե, համակարգ դեռ չեն, ցավոք սրտի: Այ, խնդիրն այն է, որ նրանք դառնան համակարգ կամ համակարգեր, որ նրանք դուրս գան ու կարողանան գործել: Որովհետեւ Հայաստանում հիմա զարմանալի մի իրավիճակ է. այն, ինչ որ մենք համարում ենք քաղաքականություն՝ իրականում քաղաքականություն չի, դա տնտեսական գործունեություն է: Այսինքն՝ Հայաստանի կուսակցությունների ճնշող մեծամասնությունը փորձում է վերաբաշխել ազգային եկամուտն իր օգտին»: Աշոտ Մանուչարյանն ընդգծեց. «Քաղաքականությունը դուրս է մղվել Հայաստանի կյանքից: Հիմա քաղաքականությունը, ինչքան էլ զարմանալի է, վերականգնվում է՝ շնորհիվ այդ երիտասարդության»:
«ՀԱ» թղթակիցը պրն Մանուչարյանին ասաց, թե նա նախկինում՝ 2 տարի շարունակ պնդում էր, որ Մեղրին ծախում են կամ ծախել են, եւ հետո հարցրեց՝ չի՞ ցանկանում այժմ ներողություն խնդրել իր այդ հայտարարության համար։ Պատասխանը հետեւյալն էր. «Մեղրիի հարցը եղել է սեղանին, հասցվել մինչեւ պայմանագրի տեքստի կազմում։ Տեքստը գոյություն ունի։ Եթե հանկարծ Հայաստանն ունենա պառլամենտ, որն ի վիճակի կլինի այդ հարցը հետաքննել՝ որոշակի մարդիկ պետք է պատասխան տան դրա համար, ու մենք պետք է իմանանք՝ ովքեր են մեր երկրի թշնամիները։ Որովհետեւ Մեղրիի հարցի բարձրացումը եւ այլն ուղղակի քայքայիչ գործողություն էր ընդդեմ Հայաստանի, եւ այդ հարցն անպայման պետք է արծարծվի։ Այդ ժամանակ կորոշենք՝ ով ներողություն խնդրի, ով պատասխանատվություն կրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել