Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ԵՆ

Մայիս 12,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսում շարունակում են պնդել, թե Սերժ Սարգսյանը ԼՂ շուրջ հինգ տարածքները սկուտեղի վրա հանձնելու է Ադրբեջանին՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու:

2010թ. ապրիլի 6-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ եւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արձանագրել էր, թե «հակառակ թվացյալ հրատապությանը»՝ անիմաստ ու ավելորդ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, քանի որ այն, ինչպես 2008թ. հոկտեմբերից ի վեր ՀԱԿ-ը բազմիցս էր պնդել, «կախված է բացառապես Ղարաբաղի խնդրի լուծումից կամ, ավելի ճիշտ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում էական տեղաշարժի արձանագրումից։ Իսկ էական տեղաշարժ հասկացության տակ, Մինսկի խմբի համանախագահների միջեւ գոյացած կոնսենսուսի համաձայն, այսօր հասկացվում է ոչ այլ ինչ, եթե ոչ հինգ շրջանների անմիջական վերադարձը Ադրբեջանին՝ անորոշ թողնելով ապագայում լուծվելիք մնացյալ սկզբունքային հարցերը, ինչպիսիք են, մասնավորապես, խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայումը, Լաչինի միջանցքի ռեժիմը եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։ ՀՀ առաջին նախագահը նաեւ շեշտել էր, թե Սերժ Սարգսյանը «կանգնած է դժվարին, եթե ոչ ճակատագրական երկընտրանքի առջեւ», որովհետեւ ե՛ւ առաջարկված համաձայնագիրը ստորագրելու, ե՛ւ ժամանակ շահելու համար այն մերժելու դեպքում արդյունքը նույնն է լինելու՝ իշխանության անխուսափելի կորուստ: Այդուհանդերձ, Լ. Տեր-Պետրոսյանը կարծիք էր հայտնել, թե Սերժ Սարգսյանն «ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը եւ շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված հինգ շրջանները։ Որովհետեւ այդ դեպքում նա կարող է վստահ լինել, որ միջազգային հանրությունից կստանա եթե ոչ իշխանությունը պահպանելու, ապա առնվազն անձնական անձեռնմխելիության եւ ունեցվածքը վայելելու երաշխիքներ, ընդհուպ մինչեւ Նոբելյան մրցանակի շնորհումը եւ քաղաքական ապաստանի տրամադրումը, ինչը բացառված է հակառակ պարագայում»։
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահն այսպիսի կանխատեսում էր արել նախքան Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական զույգ արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին հրամանագրի ստորագրումը: Արդյոք այս հրամանագրի ստորագրումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում վերը մատնանշված, մասնավորապես՝ Ս. Սարգսյանի կողմից ԼՂ շուրջ անվտանգության գոտի ձեւավորած հինգ շրջանները սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցելու վերաբերյալ կանխատեսումներում ՀԱԿ-ը սրբագրումնե՞ր է արել:
Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը  երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում զարգացումներն ընթանում են Հայաստանի համար անբարենպաստ ուղղությամբ: Հատկապես հայ-թուրքական հարաբերություններում  երկրորդ անգամ ետ կանգնելով իր խոստումից՝ Ս. Սարգսյանը ցույց տվեց, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ չէ: Հետեւաբար, Ղարաբաղի հարցում նա կարող է ենթարկվել այնպիսի  ճնշումների, որ ետ կանգնի նաեւ նախկինում իր նախանշած պայմաններից»: Վլ. Կարապետյանը մեր հարցին ի պատասխան՝ մանրամասնեց, թե հատկապես ինչ պայմանների մասին է ակնարկում: Պարզվեց՝ խոսքը Ս. Սարգսյանի արած այն հայտարարությունների մասին է, ըստ որոնց՝ ադրբեջանցի փախստականները կարող են Ղարաբաղ վերադառնալ միայն ԼՂ կարգավիճակի հստակեցումից հետո, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը պետք է ընդհանուր սահման ունենան: Վլ. Կարապետյանը, ըստ էության, պնդեց, թե հինգ շրջանները Ադրբեջանին «սկուտեղի վրա հանձնելու» վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի կանխատեսումները շարունակում են ուժի մեջ մնալ:
Իսկ արդյոք ուժի մե՞ջ է նաեւ Կոնգրեսի՝ հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը, որը դեռ մարտի սկզբներին դիտարկվում էր իբրեւ երկրում առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհներից մեկը: Հունիս-սեպտեմբերին մնացել է շատ քիչ ժամանակ, եւ արդյոք այդ պահանջի իրագործումը ՀԱԿ-ը ռեա՞լ է համարում:
«Դա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ արված մեր առաջարկությունն էր, որը այլ առաջարկների հետ միասին ներկայացվել էր ԵԽԽՎ-ին եւ ԽՎ՝ Հայաստանի հարցով այն համազեկուցողներին, որոնք խոստացել էին գարնանը գալ Երեւան, բայց մինչ օրս էլ չեն եկել»,- ասաց Վլ. Կարապետյանը՝ շեշտելով, թե երկրում արտահերթ ընտրությունների համար ինչպես մեկ-երկու ամիս առաջ, այնպես էլ այսօր քաղաքական բավարար նախադրյալներ կան:
Ի դեպ, դրանց մասին նույն՝ ապրիլյան հանրահավաքում հպանցիկ խոսել էր նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը՝ արձանագրելով, թե՝ վերջին շրջանում որոշ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, նրա ասելով, փոխվել է միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքը կամ ավելի ճիշտ՝ արտահայտչաոճը մասնավորապես քաղբանտարկյալների հարցում։ «Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտագործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը»,- ասել էր ՀՀ առաջին նախագահը, նաեւ հիշեցնելով Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստացված զեկույցն ու նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։ Իհարկե, դրանք նա կապել էր ԼՂ հարցում ՀՀ գործող նախագահի վրա գործադրվող ճնշումների հետ: Բացի այդ, նա արձանագրել էր, որ իշխանությունների կողմից ընդդիմության հասցեին հոխորտանքը պակասել է՝ տեղը զիջելով իշխանական ճամբարում փոխադարձ քննադատություններին ու մեղադրանքներին, իսկ նկատվող աննախադեպ խուճապի հետեւանքով սկիզբ է առել «ներքին գզվռտոցն ու ինքնահոշոտման գործընթացը»։ «Այդպիսի բան սովորաբար տեղի է ունենում իշխանության մոտալուտ վախճանի զգացողության պարագայում, երբ ամեն ոք մտածում է պատասխանատվությունից խուսափելու եւ սեփական կաշին փրկելու մասին»,- հայտարարել էր Կոնգրեսի առաջնորդը։
Իհարկե, Հայաստանում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար համապատասխան նախադրյալների առկայություն ոչ բոլոր կոնգրեսականներն են նշմարում: Օրինակ, երեկ էլ մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պնդեց, որ դա իրատեսական չէ: Նրա կարծիքով՝ «քաղաքական գործիչները քաղաքական սեզոնը պլանավորելու իրավունք ունեն, բայց կանխատեսելու իրավունք չունեն»: «Ես համարում եմ, որ  ՀԱԿ-ը ոչ թե պահանջներ, այլ առաջարկներ է ներկայացրել: Իհարկե, դա ռեալ չէ, եւ մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրություններ չեն անցկացվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել