Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ ՈՒՆԵՆ

Մայիս 12,2010 00:00

\"\"Վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը

Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կմեկնի Թուրքիա եւ մի շարք հանդիպումներ կունենա այդ երկրի ղեկավարների հետ: Այս այցելությունից օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շտապեց հայտարարել, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումների ժամանակ կխոսվի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Ըստ որոշ վերլուծությունների, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվեց հատուկ նպատակով, այն է՝ նախ քննել եւ լուծել Ղարաբաղի հարցը եւ հետո միայն սահուն անցում կատարել դեպի հայ-թուրքական հարաբերություններ: Եվ եթե իրոք այդպես է, չի՞ նշանակում, որ իրոք կային նախապայմաններ, եւ դրանց կատարումն այժմ ընթացքի մեջ է: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի կիսում այս կարգի մոտեցումները եւ երեկ «Առավոտի» հետ զրույցում հերթական անգամ կրկնեց, որ հայ-թուրքական արձանագրություններում չեն եղել, չկան եւ չեն կարող լինել նախապայմաններ: Մեր զրուցակիցը շեշտեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապ չունի Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, եւ բոլոր փորձերը՝ դրանք կապել միմյանց, դատապարտված են: Հիշեցնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այս խմբում ողջունելի է ՌԴ գործունեությունը, որովհետեւ ՌԴ-ն առաջին հերթին մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է, եւ թե Ղարաբաղի հարցում, թե հայ-թուրքական խնդրում ՌԴ-ն հանդես է բերում կշռադատված մոտեցում: Կոնկրետ ԼՂՀ հարցում ՌԴ-ի մոտեցումը հետեւյալն է՝ պատրաստ են միջնորդել հարցի լուծմանը՝ խաղաղ բանակցությունների միջոցով, հարցի այնպիսի կարգավորմանը, որին համաձայն կլինեն բոլոր կողմերը: Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե այդ հարաբերությունները կարող են զարգանալ առանց նախապայմանների, ավելին՝ ՌԴ վարչապետը հենց Թուրքիայի վարչապետի ներկայությամբ շեշտեց, որ սխալ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցերը կապել մեկ փաթեթի մեջ»:
Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ նախագահի հետ պետք է քննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը, պարոն Շարմազանովին ամենեւին էլ զարմանալի չի թվում: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, այդ երկրների ղեկավարները ազատ են խոսել տարբեր հարցերի շուրջ, նախ՝ որովհետեւ այդ երկրները տարածաշրջանային երկրներ են եւ ունեն փոխադարձ հետաքրքրություններ արդեն հարյուրամյակներ շարունակ. «Երկրորդը՝ գաղտնիք չէ, որ վրաց-ռուսական վերջին պատերազմից հետո աշխարհը եւս փոխվեց, մեր տարածաշրջանում նոր մարտահրավերներ առաջացան, եւ, եթե հիշում եք, այդ պատերազմից հետո էր, երբ Թուրքիայի վարչապետն առաջարկեց նաեւ ՌԴ-ին՝ ստեղծել Կովկասյան պլատֆորմ: Այսինքն՝ նոր մոտեցումներ կան, թե Թուրքիան եւ թե Ռուսաստանը այս տարածաշրջանում մշտապես ունենում են իրենց շահերը, եւ սա նոր երեւույթ չէ։ Իսկ որեւէ հարցի քննարկումը, այդ թվում եւ ԼՂՀ հարցի քննարկումը չի կարող նշանակել, թե դրանում Թուրքիան կարող է դերակատարություն ունենալ: Դա չի կարող լինել, որովհետեւ բազմիցս ենք ասել՝ այդ երկիրը ԼՂ հարցում անկողմնակալ չի կարող լինել: Մյուս կողմից՝ ուզենք թե չուզենք, Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ իր գործընկերոջ հետ, այս դեպքում՝ Ռուսաստանի, կարող է քննարկել ցանկացած հարց, բայց, էլի եմ կրկնում՝ դա չի նշանակելու, թե դերակատարություն եւս ունենալու է»:
Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությամբ՝ այն, որ թուրքերը տարիներ շարունակ ապրիլի 24-ից առաջ սկսում են նյարդայնանալ, իսկ ադրբեջանցիները նյարդայնանալ են սկսում մայիսի 8-ից առաջ. «խոսում է այն մասին, որ կողմերը նյարդային վիճակում են: Բացի դրանից, եւ թուրքերը, եւ ադրբեջանցիները ունեն հայկական բարդույթ: Եվ այդ բարդույթը հաղթահարելու ամենալավ ճանապարհն այդ երկուսի համար, վստահ եմ, իրենց իսկ պատմությանը ուղիղ եւ շիտակ նայելու համարձակությունն է: Ադրբեջանցիները պետք է ընդունեն, որ սկսել են ագրեսիոն պատերազմ, օկուպացրել են ԼՂ ժողովրդի հողերի մի մասը, եւ ղարաբաղցիները, օգտվելով իրենց ինքնորոշվելու բնական իրավունքից, ազատագրվել են, ծնկի են բերել ադրբեջանցիներին, եւ ադրբեջանցիներին այլ բան չի մնում, քան ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ուշ թե շուտ իրենք ստիպված են լինելու այդ բանն անելու: Լավ կլինի, որ դա շուտ տեղի ունենա, հակառակ դեպքում դեռ կշարունակեն ապրել այդպես բարդույթավորված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել