Այսօր աշխատանքային այցով Երեւան ժամանող ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն վաղը հանդիպելու է ԱԺ խմբակցություններին: ՀՅԴ խմբակցությունը երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրավոր հայտնել է. «Տեղեկացանք, որ պրն Չավուշօղլուն հրաժարվել է 1915 թ. Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարին: Նախկինում ԵԽԽՎ ղեկավարության ներկայացուցիչները երբեք իրենց թույլ չեն տվել նման անհարգալից վերաբերմունք՝ անկախ այն բանից, թե նրանց երկրները ճանաչե՞լ են, թե՞ չեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Փաստորեն, տվյալ դեպքում պրն Չավուշօղլուն չի թաքցնում, որ Հայաստան է այցելում ոչ այնքան որպես ԵԽԽՎ ղեկավար, որքան թուրք քաղաքական գործիչ: Այս պայմաններում մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում հանդիպել նրա հետ»: Ըստ ՀՅԴ տեղեկությունների՝ Չավուշօղլուն ասել է, թե այցելությունը Ծիծեռնակաբերդ իր համար վիրավորական է, եւ ինքը Թուրքիայում կարող է խնդիրներ ունենալ: Այսուհանդերձ, ԱԺ այլ խմբակցությունները հանդիպելու են ԵԽԽՎ նախագահին: Ընդ որում՝ հանդիպմանը մասնակցելու որոշում երեկ երեկոյան նիստում կայացրեց նաեւ «Ժառանգությունը»: