Էրեբունու երիտասարդները «պարտաճանաչ» գալիս են՝ վետերաններին «հարգելու»
Էրեբունի վարչական շրջանի նախկին «Պիոներպալատում», այժմ՝ «Մանկապատանեկան մշակույթի կենտրոնում» Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար կազմակերպված միջոցառմանը, ցավոք, հայտնի երգիչներից եւ արվեստագետներից ոչ մեկը չկար, փոխարենը ներկա էին համայնքի «հայտնի սեմուշկա չրթողները», որոնք եկել էին, ինչպես իրենք էին ասում՝ «կայֆեր բռնելու»: «Տղերք, բռնվեք՝ չընկնեք, հեսա տեսեք՝ ինչ կայֆարիկ անուններ են հայտարարելու: Ամեն տարի պարտաճանաչ գալիս եմ ստե, մի լավ ծիծաղում եմ»՝ արտահայտվեց «պարտաճանաչ» երիտասարդներից մեկը: Եվ ահա հնչեցին վետերանների անուն- ազգանունները, բայց փոխարենը հարգանք մատուցելու եւ ոտքի կանգնելու՝ երիտասարդները, այդ թվում նաեւ համայնքի մանկավարժները, որոնք ստիպված էին եկել, քանի որ տնօրեններն էին պարտադրել, զբաղված էին «ադի-բուդի» ուտելով: Եթե մեկ-երկու ծափահարություններ էլ հնչում էին, ապա բեմում կանգնած ոստիկանի դիտողություններից հետո, թե՝ «ժողովուրդ, ծափ տվեք», որին ի պատասխան՝ մի 17 տարեկան տղա ասաց. «Լսի, կարող ա եկել եմ ստեղ ձեռներս մաշցնեմ, հեսա էս պարի խմբերից մեկից մի հատ ծիտ կպցնեմ, նստցնեմ «Ռենջս» տանեմ, ծափս որն ա»: Ոստիկանը ոչինչ չպատասխանեց, անգամ դուրս չհրավիրեց, երեւի թե արդեն շատերի պես կռահելով, թե Արեշի հեղինակություններից ում որդին էր այդ երիտասարդը:
Իսկ վետերանները ստանում էին իրենց շնորհակալագրերն ու դրամական պարգեւները եւ շտապում ծրարի մեջ նայել՝ 15.000 դրամ: Վետերանները թեեւ ֆիզիկապես տկար էին, բայց հոգեպես՝ առողջ, որովհետեւ շատերը չէին դիմանում տիրող մթնոլորտին եւ շտապում էին, պարգեւները ստանալուն պես, դուրս գալ դահլիճից: Նրանցից երկուսին հարազատները շտապ դուրս բերեցին եւ հաբեր տվեցին: Այս տարի, փառք Աստծո, մահացու դեպքեր չգրանցվեցին՝ ի տարբերություն անցած տարվա, երբ դեռ պարգեւը չստացած՝ մուտքի դռան մոտ մահացավ 80-ամյա վետերանը:
Միջոցառումը տեւեց 2 ժամ, դրամական պարգեւներից հետո պարեցին մեկ-երկու պարային խմբեր, երգեցին համայնքի դպրոցների երգչախմբերը: Բայց այս վերջին մեկ ժամում արդեն սրահում ներկա էին միայն 20 հոգի՝ նրանցից 10-ը «չրթողասերները», որոնք, հավանաբար, զբաղված էին արդեն աղջիկ «ջոկելով»: