Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտում խաղացված 11 տուրից հետո հաշիվը հավասար է՝ 5,5:5,5 եւ ամեն բան կարող է որոշվել այսօր կայանալիք վերջին տուրում: Իհարկե, եթե մրցակիցներից մեկը հաղթական միավոր վաստակի: Ամբողջ մրցամարտն ընթանում է անչափ լարված, բայց հավասար պայքարում: Թե գործող չեմպիոն Վիշին եւ թե հավակնորդը տարել են երկուական հաղթանակ, կրել երկուական պարտություն եւ արել յոթական ոչ-ոքի:
Մասնագետների կարծիքով, 12-րդ տուրում մի փոքր նախապատվելի իրավիճակում է Տոպալովը, քանի որ նա խաղալու է սպիտակներով, ինչը, որպես կանոն, աննշան առավելություն է տալիս: Բայց պակաս կարեւոր չի լինելու այն, թե գրոսմայստերներից ո՞ւմ նյարդերն ամուր կգտնվեն: Երկուսն էլ շախմատի առաջին մեծության գերաստղ են, երկուսն էլ թրծված են ամենաբարձր մակարդակի մրցումներում: Բայց Սոֆիայում խաղասեղանին դրված է աշխարհի թագը ու վերջին պարտիայում ամենաաննշան վրիպումն անգամ կարող է արքային գահընկեց անել, կամ էլ «կտրել» նրա գահին ձեռք մեկնողի գլուխը: