Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը անհատական ցուցանիշները բարելավելն է

Մայիս 11,2010 00:00

Երեկ Աստրախանում մեկնարկեց շախմատի տղամարդկանց «Grand Prix»-ի վերջին՝ վեցերորդ փուլը, որտեղ որոշվելու է 2010/11 թթ. հավակնորդների մրցաշարի երկրորդ մասնակցի անունը:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը մասնակցելով այս մրցաշարի երեք փուլերի՝ Սոչիում (2008 թ.), Նալչիկում (2009) եւ Ջերմուկում (2009), վաստակել է 500 միավոր եւ ժամկետից շուտ տիրել առաջին ուղեգրին: Ավելացնենք նաեւ, «Grand Prix»-ի ընդհանուր ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերը առայժմ բաժանում են Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Նրանք իրենց անվան դիմաց գրանցել են 363,3-ական միավոր: Ամենայն հավանականությամբ հենց այս երկուսն էլ, գումարած եւս մեկ կամ երկու հոգի, կպայքարեն երկրորդ ուղեգիրը նվաճելու համար:
Հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որ նույնպես հանդես է եկել երեք փուլում եւ 190 միավորով 17-րդն է, ցավոք, չի կարող միջամտել նրանց պայքարին եւ Աստրախան մեկնել է ընդհանուր մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավելու եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում անհատական գործակիցը բարձրացնելու նպատակով:
Երեկ վիճակահանությամբ որոշվեցին առաջին տուրի զույգերը. Էլյանով-Սվիդլեր, Հակոբյան-Գելֆանդ, Մամեդյարով-Յակովենկո, Հաշիմով-Իվանչուկ, Վան Յուե-Լեկո, Ալեքսեեւ-Ռաջաբով, Ինարկիեւ-Պոնոմարյով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել