Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ավարտված ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի վեցերորդ փուլում Լիլիթ Մկրտչյանի խաղը կարելի է համարել ինչ-որ չափով չստացված, իսկ Էլինա Դանիելյանի մրցելույթը՝ ձախողված:
Եզրափակիչ տուրում մեր երկու աղջիկներն էլ անհաջողության մատնվեցին: Լիլիթը պարտվեց մրցաշարի ավարտից արդեն մեկ տուր առաջ հաղթողի կոչումն ապահոված ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւային, իսկ Էլինան՝ նրա հայրենակից Բաիրա Կովանովային:
Վերջնահաշվարկում Մկրտչյանը Չժաո Սյուեի (Չինաստան) եւ Բաիրա Կովանովայի հետ միասին վաստակեց 5,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Իսկ Էլինան, չտանելով ոչ մի հաղթանակ եւ բավարարվելով ընդամենը երեք ոչ-ոքիով, եզրափակեց ամփոփիչ մրցաշարային աղյուսակը: