Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվիրված՝ հաղթանակի օրվան

Մայիս 11,2010 00:00

Օրերս Ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ներկայացում՝ «Նվիրված Հաղթանակի օրվան» խորագրով: Օրվա խորհուրդը ոգեւորել էր թատրոնի դերասանուհի Վերոնիկա Սարոյանին, ով այս անգամ ոչ միայն ներկայացման հերոսուհիներից մեկն էր, այլ նաեւ սցենարի հեղինակն ու ներկայացման բեմադրիչը:
Մոտ մեկուկես ժամ հանդիսականը մտովի տեղափոխվեց ռազմի դաշտ ու խրամատներ: Դերասանների հետ հավասար երգեց ու ասմունքեց:
Ներկայացման մեջ ընդգրկված էին թատրոնի դերասաններ Վյաչեսլավ Շամիրյանը, Երվանդ Ենգիբարյանը, Յուրի Իգիթխանյանը, Աննա Բալանդինան, Սամվել Խաչատրյանը, Լուսինե Ղազարյանը, Անահիտ Գաբրիելյանը, ինչպես նաեւ թատրոնին կից ստուդիայի սաները:
«Առավոտի» հարցին՝ արական սեռի դերասաններից ոմանց հե՞շտ էր զինվորականի դեր խաղալ, գուցե ոմանք չե՞ն ծառայել բանակում: Ներկայացման բեմադրիչ Վ. Սարոյանը կատակեց. «Ես չեմ ծառայել, բայց տղաներից շատերը ծառայել են բանակում»:
Դերասան Երվանդ Ենգիբարյանը պատմեց, որ ծառայել է ռուսական սահմանապահ զորքերում: Ասում է, որ բավական հեշտ է ընտելացել բանակային «օրենքներին»: Մայրաքաղաքային գնդում ժամկետային զինծառայությունն անցած Յուրի Իգիթխանյանն էլ հիշեց, որ բանակում ակտիվ մասնակցություն է ունեցել ՈՒՀԱ-ում: Հիշեց, որ մայրաքաղաքային գունդը բոլոր զորամասերի միջեւ հայտարարված մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
Դերասանուհի Աննա Բալանդինան էլ հուշերի գիրկն ընկավ եւ ասաց, որ մայիսի 9-ը իր համար սպասված տոներից մեկն է եղել: Նա հիշեց իր մանկությունը ու տոնական շքերթները: Իսկ դերասանուհի Լուսինե Ղազարյանը, ով ներկայացման մեջ անվերջ սպասում էր ռազմի դաշտից սիրելիի նամակին, նշեց, որ կյանքում էլ ունեցել է նմանատիպ զգացողություն, երբ համադասարանցուն բանակ էին զորակոչել. «Բայց այդպես էլ նամակ չստացա, թեեւ խոստացել էր»: Լուսինեն բավական գեղեցիկ կատարեց «երկնագույն ամպերի» մասին պատմող երգը, որը շատերին հայտնի է Քրիստինա Օրբակայտեի կատարմամբ՝ «Մոսկովյան սագա» կինոֆիլմից:
Հավելենք, որ դերասանները կենդանի ձայներով էին երգում: Վյաչեսլավ Շամիրյանի «Կռունկներ» երգը եւ հայկական «Դլե յամանը» պարզապես անզուգական էին…
Ներկայացման վերջում դերասաններին եւ հյուրերին սպասվում էր «զինվորական» խնջույք: Ներկաներին առաջարկվեց սնունդ՝ մետաղյա տարաներով: Իսկ ովքեր չմասնակցեցին հյուրասիրությանը, թատրոնը լքեցին Գեորգիեւյան ժապավեններով ու բարձր տրամադրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել