Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԼՈՒՍԻՆ ԹՌՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Մայիս 11,2010 00:00

Կամ բրիտանացիների «Մի փոքր քայլ» ներկայացումը

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը եւ Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը մայիսի 8-ին եւ 9-ին ներկայացրին «Մի փոքր քայլ» բեմադրությունը (սցենարի հեղինակ՝ Դեյվիդ Հասթինգս, ռեժիսոր՝ Թոբի Հասըլ)՝ «Օքսֆորդ փլեյհաուս» ստեղծագործական խմբի մատուցմամբ: «Մի փոքր քայլը» հումորային ներկայացում էր, որն առաջին անգամ բեմադրվել է 2008թ. Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնի համար: Այն ունեցել է հաջողություններ Միացյալ Թագավորության տարբեր անկյուններում, ինչի մասին փաստում են տեղական ԶԼՄ-ները: Հայաստանը 13-րդ երկիրն է, որտեղ ներկայացումը խաղացվեց 56-րդ անգամ:
Մեկ գործողությամբ աշխույժ ներկայացման մեջ նկարագրվում է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի մրցակցությունը՝ մարդուն առաջինը Լուսին ուղարկելու համար։ Դերասաններ Ռոբին Հեմինգսը եւ Օլիվեր Միլինգհեմը, ովքեր 60 րոպեի ընթացքում բազում կերպարներ ներկայացրին, առօրյա կենցաղային իրերի միջոցով ստեղծել էին տասնյակ պատկերներ: «Ապոլոն», «Երկվորյակ» եւ «Սպուտնիկ» հայտնի տիեզերանավերը պատրաստված էին դույլերից, լամպերից եւ ստվարաթղթե տուփերից՝ գրավելով հանդիսատեսի ուշադրությունը։ Զվարճալի էր նաեւ այն, որ ներկայացման ժամանակ Լուսին թռչող «տիեզերագնացները» մեկ էլ հանկարծակիի եկան երեւանյան ամպրոպից, որի ձայնը լսելի էր թատրոնի շենքում: Այդ փոքրիկ «միջադեպն» էլ դարձավ բեմադրության հանպատրաստից բաղադրիչ: Դերասաններն անընդհատ կրկնում էին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու խոսքերը՝ «Մենք որոշեցինք Լուսին թռչել ոչ այն պատճառով, որ դա հեշտ է, այլ նրա համար, որ դա շատ դժվար է»: Դահլիճում նստածները ժամանակ առ ժամանակ «փռթկացնում» էին կամ բարձրաձայն ծիծաղում, բայց մեկ է՝ ներկայացումն առանձնապես ցնցող չէր, վերջում նույնիսկ մի քիչ ձանձրալի էր: Գուցե «Մի փոքր քայլը» կհարմարեր անգլերենին տիրապետող 5-6-րդ դասարանի աշակերտներին, որովհետեւ առանձնապես խորք չուներ, մտածելու ու վերլուծելու տեղիք չէր տալիս: Մյուս կողմից էլ, լավ է, որ Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության առաջավոր թատրոններից մեկի համբավը վայելող՝ «Օքսֆորդ փլեյhաուսի» արվեստին հայ հանդիսատեսին հաղորդակից լինելու հնարավորություն է տալիս: «Օքսֆորդ փլեյhաուսի» խաղացանկն այսօր ընդգրկում է տարբեր ժանրերի ներկայացումներ՝ դրամա, պարային, երաժշտական թատրոն, մանկական բեմադրություններ եւ այլն: Ինչ վերաբերում է դերասաններին, Ռոբին Հեմինգսը խաղացել է բազմաթիվ դերեր՝ թատրոնում, մարմնավորել է Նեյլ Ֆրասթերի կերպարը՝ «Անտառում» ֆիլմում:
Օլիվեր Միլինգհեմն էլ պարբերաբար հանդես է գալիս Բրիսթոլի տարբեր թատերական ընկերությունների հետ: Նա նկարահանվել է ֆիլմերում, հեռուստատեսային եւ ռադիոներկայացումներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել