Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾԵՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մայիս 11,2010 00:00

Հասարակության գիտակցության մեջ նվազել է գիտաշխատողի կարիերայի գրավչությունը

Մայիսի 6-9-ը Ջերմուկ քաղաքում կայացավ «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեն: Քննարկվեցին գիտության ոլորտի զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները, անդրադարձ եղավ գիտության զարգացման ռազմավարության, ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի, գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթներին, գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների գիտական եւ գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ:
Նշենք, որ 2008-2009թթ. կոմիտեի կողմից իրականացվել են գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներից բխող միջոցառումներ:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ գիտության զարգացման ռազմավարությանը, ասաց, որ պետք է գիտական հանրության հետ քննարկել ոլորտի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաեւ լսել գիտնականների առաջարկներն ու դիտողությունները: Ս. Հարությունյանը հավելեց, որ ոլորտի զարգացման ռազմավարությունը առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը: Գիտության զարգացման ռազմավարության մասին զեկույցը ներկայացնելով՝ նա ասաց, որ այն ՀՀ գիտության ոլորտի ներկա վիճակի առկա հիմնախնդիրների հեռանկարային զարգացման նպատակների եւ ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջություն է. «Ռազմավարությունը հիմք է գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թթ. ռազմավարական ծրագրերի մշակման համար, որոնք ապահովելու են գիտության ոլորտի նպատակաուղղված զարգացումը եւ իրականացվելու են ՀՀ կառավարության, Սփյուռքի ջանքերի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների զուգակցմամբ: Չնայած գիտության ոլորտում ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, կան նաեւ լուրջ հարցեր, որոնց բարեփոխումների ձգձգումը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների: Մասնավորապես՝ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի պետական քաղաքականության մշակումն ու աշխատանքների կազմակերպումը բավարար չափով չեն իրականացվում՝ հաշվի առնելով ոլորտի կայուն զարգացում ապահովող պահանջները: Ինչպես նաեւ խզվել է հիմնարար հետազոտություններ-կիրառական հետազոտություններ-ինովացիոն գործունեություն կապը, առկա նյութատեխնիկական բազան եւ ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը»: Ս. Հարությունյանը նաեւ շեշտեց, որ բացակայում է ներհանրապետական գիտատեղեկատվական միասնական համակարգը, ներառյալ՝ էլեկտրոնային գրադարանների ցանցը: Եվ հավելեց, որ գիտության ոլորտից շարունակվում է բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքը, շարունակվում է ոլորտի ծերացումը: Կոմիտեի նախագահը կարծում է, որ հասարակության գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը եւ գիտաշխատողի մասնագիտական կարիերայի գրավչությունը: Կոմիտեի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել երիտասարդ կադրերի ներհոսքը գիտության ոլորտ, իրականացնել գիտական ներուժի կառավարելի, սահուն սերնդափոխություն, ինչպես նաեւ խթանել գիտական կազմակերպություններում տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեւավորմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում ընդլայնել միջազգային համագործակցությունը: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա, ըստ Ս. Հարությունյանի՝ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացման կարեւորագույն պայմանն է գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ստեղծումը, եւ գիտական ծրագրերի թեմաների, հայտերի եւ իրականացվող ծրագրերի հաշվետվությունների՝ գնահատման միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննության կարգի կիրառումը:
Այս առնչությամբ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կարեն Հայրապետյանն էլ ասաց, որ գիտական ծրագրերի հայտերի, հաշվետվությունների ներկայումս գործող փորձաքննության կարգի պայմաններում գիտության ոլորտի ֆինանսական հատկացումները փոշիացվում են եւ ամբողջությամբ չեն ծառայում գիտության զարգացման խնդրին՝ «անգամ ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական ֆինանսավորման բազմաձեւության առկայության պայմաններում»: Նա վստահ է, որ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային եւ նպատակային ծրագրային ֆինանսավորման նոր կարգերի ընդունումը թույլ կտա ներդնել ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն պետության կողմից հատկացվող միջոցների փոշիացումը. «Ֆինանսավորումը պետք է իրականացվի բացառապես մրցութային կարգով, ծրագրային հիմնավորման սկզբունքով»: Կ. Հայրապետյանը, ներկայացնելով կոմիտեի ապագա ծրագրերը, հավելեց. «Գիտության զարգացումը եւ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի համար համարելով կարեւորագույն ռազմավարական խնդիր ու ելնելով գիտության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից՝ կոմիտեն որդեգրել է գիտական հանրության հետ սերտ համագործակցելու քաղաքականությունը, որը ենթադրում է «հետադարձ կապ» մեխանիզմի ակտիվ աշխատանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել