Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակամենաշնորհայի՞ն, թե՞ վիճակագրական

Մայիս 11,2010 00:00

Վերջին ամիսներին, հիմնականում վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով, հայաստանյան իշխանական շրջանակներում մոդայիկ դարձավ օլիգոպոլիայի, մենաշնորհների դեմ պայքարի եւ, որպես դրա հետեւանք, խոշոր հարկատուների արտոնյալ վիճակի մասին խոսակցությունների թեման: Հետաքրքրական է, որ այս երեւույթների դեմն առնելու մեխանիզմները մեր երկրում վաղուց են ներդրված: Դրա համար անգամ բազմամիլիոնանոց վարկային ծրագրեր են իրականացվել, տեղայնացվել է, այսպես կոչված, միջազգային փորձը, բայց թե ի՞նչ արդյունքներ ունենք այս ասպարեզում՝ անզեն աչքով էլ երեւում է: Վերոհիշյալ մեխանիզմներից մեկը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ստեղծումն էր, որը ավելի հաճախ հենց այդպես էլ անվանում են՝ հակամենաշնորհային հանձնաժողով: Արդեն անվանումից իսկ հասկանալի է, թե ինչ գործառույթներ պետք է իրականացնի սույն պետական մարմինը: Սակայն բոլորին էլ հայտնի է, որ այս հանձնաժողովը գրեթե գործոն չի հանդիսանում հայաստանյան տնտեսական կյանքի կարգավորման գործընթացներում: Անցած տարիների ընթացքում հանձնաժողովը հասցրել է մի քանի ղեկավար փոխել: Հիմա էլ այն ղեկավարում է նախկինում պետական ազդեցիկ օղակներում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արտակ Շաբոյանը: Սակայն փաստն այն է, որ դրանից այդ մարմնի արդյունավետությունը չի աճում: Չի փոխվում նաեւ աշխատաոճը: Գործարար աշխարհում այս հանձնաժողովը ավելի շատ ընկալվում է որպես վիճակագրական ծառայության հերթական մի մասնաճյուղ, որը համեմատաբար պարտաճանաչ կերպով, պարբերաբար ինչ-որ ուսումնասիրություններ է իրականացնում եւ պաշտոնապես հրապարակում դրանք մամուլում: Օրինակ, ի՞նչ է փոխվում նրանից, որ հանձնաժողովը «բացահայտում» է, որ բուսական յուղի, վառելիքի կամ բջջային հեռախոսների ներկրման շուկայում այս կամ այն ընկերությունը ունի մենաշնորհային կարգավիճակ: «Սայլը տեղից» ինչպես չէր շարժվում, այնպես էլ չի շարժվելու: Մի խոսքով, օլիգոպոլիայի ներկայացուցիչները մեծ հաջողությամբ շարունակում են իրենց գործը, իսկ հանձնաժողովականները՝ իրենցը: Արդյունքում խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելու ամպագոռգոռ հայտարարությունները զուտ հերթական պրոպագանդիստական հնարքի են վերածվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել