Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դինամիտներով պայթեցնում են Բինգյոլի պատմական Քիղի ամրոցը

Մայիս 11,2010 00:00

Իսկ ժայռոտ հիմքից պոկված քարերով կառուցում են ամբարտակ

«Բինգյոլում ամբարտակի կառուցման նպատակով տարվող աշխատանքները վերածվեցին բնության եւ պատմության կոտորածի: Փերի գետի վրա կառուցվող ամբարտակի պատճառով սկիզբ առան ավերածությունների շղթաներ: Այս անգամ էլ կառուցվող ամբարտակի ավերածության զոհը դարձավ պատմական Քիղի ամրոցը: Ամրոցի հիմքը կազմող ժայռերը պայթեցվում են դինամիտով եւ գործածվում Քղիի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի շինարարության մեջ, որը սկսել էին կառուցել դեռեւս 9 տարի առաջ: Պատմական այս անօրինության դեմ դուրս եկող բնակչության բողոքը մնաց անպատասխան»,- գրում է «Թարաֆ» թերթը: Թերթը փոխանցում է նաեւ, որ Քիղիի երիտասարդների միությունը կազմակերպել է ստորագրահավաք, որպեսզի կանխի պայթեցումը, սակայն դարձյալ անարդյունք:
Այս ամենով, սակայն, զավեշտը չի սահմանափակվում. իշխանությունները արգելել են նաեւ տեսնել ամրոցի քանդման գործընթացը եւ կատարել լուսանկարներ:
Քիղի ամրոցը գտնվում է ռազմական անվտանգության գոտում, իսկ նման պայմաններում իբրեւ թե կարող են մոտենալ միայն շինարարությունն իրականացնողները: Ամրոցը տեսնել ցանկացողները ստիպված են զինվորներից թույլտվություն ստանալ, իսկ քանդվող ամրոցը լուսանկարելը արգելված է թե’ զինվորների եւ թե’ վերոհիշյալ ընկերության անվտանգության տեսուչների կողմից: 
Այս գավառում պատմության հիշատակումները թվագրվում են մինչեւ Ք.Ա. 3000-ական թվականներ: Ժամանակի հզոր ու քաղաքակրթություններով հարուստ ժողովուրդներն են այստեղ հաստատվել ու թողել իրենց մշակութային կոթողներն ու ժառանգությունը: Այդ ժողովուրդներից ու ազգերից են խեթերն ու ուրարտացիները, Պարսկաստանն ու Հռոմը, Մակեդոնիան ու Սասանյան պետությունները:
Քիղի ամրոցը գտնվում է գավառի կենտրոնական մասի հարավ-արեւելյան հատվածում: Ուղղաբերձ ժայռերով շրջապատված եւ գետահայաց պարիսպներով ամրոցում դեռեւս երեւելի են բնակավայրերի ավերակների հետքերը: Ենթադրվում է, որ այս պատմական ամրոցը կառուցվել է ուրարտացիների կողմից:
Քիղին նաեւ մինչեւ 1915թ. հայաբնակ կարեւոր բնակավայրերից մեկն էր համարվում:
Մինչեւ 1914 թ. Քիղիի գյուղերում ապրում էին 19859 հայեր (3028 տուն): Տվյալ շրջանում կային հայերին պատկանող 45 եկեղեցիներ եւ 5 վանքեր: Քղիի կենտրոնում բնակվում էին 2116 հայեր (396 տուն): Ամբողջ շրջանում եւ գավառում, որտեղ կային տարբեր մշակույթների հետքեր, ներկայում քանդվել եւ ոչնչացվել են: Ամրոցը եզակի հին հայկական վկայություններից մեկն էր, որն այսօր պայթեցվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել