Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Մայիս 11,2010 00:00

Հարգելի պարոն Աբրահամյան, կուզենայինք ներկայացնել մեր «ընդդիմադիր» կարծիքը «Առավոտի» մայիսի 5-ի համարում «Պետք է արմատական լուծում» խմբագրականի վերաբերյալ:

Նախ ուզում ենք նշել, որ եթե ասպիրանտուրայի առկա ուսուցման (տարկետումով) տեղերի քանակը նվազել է, ապա նույնը չի կարելի ասել ասպիրանտուրայում հեռակա ուսուցման համար հատկացված անվճար տեղերի մասին, որոնք գրեթե կրկնակի ավելի են, ինչը հենց վկայում է այն մասին, որ առկա տեղերի քանակի կրճատումը նպատակ ունի 100 հոգու հաշվին համալրել մեր բանակը: Այսինքն՝ այն վերաբերում է առաջին հերթին բանակին, այլ ոչ թե կրթության ոլորտի բարելավմանը: Պատահական չէ, որ տարկետման իրավունքով ասպիրանտական տեղերի կրճատումը լայնորեն քարոզվում է առաջին հերթին բարձրաստիճան զինվորականների կողմից:
Համաձայն ենք Ձեր այն դիտարկման հետ, որ մագիստրատուրան դեռեւս կայացած չէ ՀՀ-ում, սակայն չենք կարող համաձայնել Ձեր այն պնդման հետ, որ ասպիրանտուրան կրթության շարունակություն չէ: Հարց է առաջանում. այդ դեպքում ի՞նչ է ասպիրանտուրան եւ ինչպիսի՞ իրավական կարգավիճակ ունեն ասպիրանտները ՀՀ-ում: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ասպիրանտուրան համարվում է բարձրագույն կրթության վերջին փուլը, որը տվյալ անձին տալիս է գիտական կոչում:
Համաձայն չենք նաեւ այն փաստարկի հետ, որ միայն բակալավրի կոչումը բավական է աշխատանք ունենալու համար: Ցավոք, բոլորը Ձեզ պես չեն մտածում: Բերենք օրինակ մեր գիտության ոլորտից: Ցանկացած բուհում դասավանդելու կամ գիտահետազոտական հիմնարկում գիտահետազոտական գործունեությամբ զբաղվելու եւ նույնիսկ դրամաշնորհների դիմելու համար անհրաժեշտ է լինել գիտությունների թեկնածու:
Այդ կոչումի բացակայությունը գիտնականի համար հավասարազոր է ինքնասպանության, քանի որ թե միջազգային ասպարեզում եւ թե Հայաստանում երիտասարդ գիտնականի զարգացման նորման պահանջում է գիտությունների թեկնածուի (PhD) կոչման առկայությունը:
Համաձայն ենք Ձեր այն կարծիքի հետ, որ կան «սուտի» գիտնականներ, բայց արդյունքում տուժում են մեր լավագույն երիտասարդները, որոնք լքում են երկիրը, քանի որ չեն տեսնում ՀՀ-ում գիտությունը զարգացնելու ցանկություն: Անհրաժեշտ է բարեփոխել համակարգը, այն դարձնել այնպիսին, որ նման մարդիկ գիտական կոչում չստանան: Սակայն համակարգի բարեփոխումը չի նշանակում այդ համակարգի ոչնչացում (չկան մարդիկ, չկան եւ խնդիրներ. հիշո՞ւմ եք՝ ում խոսքերն են): Եթե այսօր լրագրողների ու իրավաբանների պակաս մեր երկրում չկա, ապա նույն կենսագիտության ոլորտում՝ տարբեր ուղղությունների մասնագետներին կարելի է հաշվել մատների վրա, իսկ նրանց տարիքը գերազանցում է 60-ը: Եվ մեր երկրում երիտասարդ գիտնականի՝ ֆիզիկոսի կամ կենսաբանի հանդեպ այսպիսի վերաբերմունքը նպատակ ունի կասեցնել նոր գիտական սերնդի աճը: Հարյուրի թիվը չգերազանցող խենթ երիտասարդներ, ովքեր գիտահետազոտական հիմնարկում համաձայնել են աշխատել 30000 դրամ աշխատավարձով եւ չեն փախել շատ շատերի պես, արժանի են գոնե ունենալու հնարավորություն իրենց կատարած գիտահետազոտական աշխատանքը հասցնել տրամաբանական ավարտի եւ ստանալ գիտական կոչում: Իսկ ինչ վերաբերում է 18 տարեկանից բանակ զորակոչվելուն, ապա Դուք լիովին իրավացի եք, եթե, իհարկե, ծառայության ժամկետը կրճատվի եւ լինի մեկ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել