Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների մատույցներում հուշարձանների մասին պատմող ցուցանակների գրեթե չես հանդիպի: Անցած տարի Մեղրու տարածաշրջանում «ՎիվաՍել ՄՏՍ»-ի կողմից ցուցանակներ են տեղադրվել, սակայն մարզում դեռ շատ «անցուցանակ» հուշարձան կա:
Ցուցատախտակների բացակայության եւ մարդկանց ոչ տեղեկացված լինելու պատճառով՝ հաճախ են տուժում մարզի պատմամշակութային վայրերն ու հուշարձանները: Ինչպես տեղեկացանք Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությանից, նմանատիպ դեպք արդեն արձանագրվել է Սիսիանի տարածաշրջանում:
Սիսիանի Նորավան գյուղում գտնվող պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Դամբարանադաշտում, որին հարակից է տարածաշրջանում տեղակայված զորամասերի զորավարժարանը, զինվորականները զորախաղեր են անցկացրել, իսկ պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության դժգոհությանն ի պատասխան՝ զինվորներն ասել են, թե համապատասխան ցուցանակներ չկան եւ իրենք չեն իմացել, որ տվյալ վայրում չի թույլատրվում զորավարժություններ անցկացնել: