Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անմահները չեն մեռնում»

Մայիս 11,2010 00:00

Միափորի լեռնաշղթայի փեշերին թառած շեն է Արծվաբերդ գյուղը: Արծվաբերդցին գիտի ճշմարիտ ապրել ու արարել, գիտի համառ պայքարել, երբ վտանգվում են իր իրավունքներն ու արժանապատվությունը: Արծվաբերդցին չի հանդուրժում ոչ մի ոտնձգություն եւ պատրաստ է անգամ կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին:
Մեծ հայրենականում տարած փառահեղ հաղթանակի 65-ամյակին՝ արդեն 65 տարի արծվաբերդցին երախտագիտությամբ եւ անուն առ անուն հիշում է իր ծոցից ելած 270 զավակներին, որ հարյուր-հազարավոր հայորդիների հետ ֆաշիզմի դեմ ելան եւ հաղթեցին:
Արծվաբերդցի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կա գյուղի բարձունքներից մեկում՝ հաղթանակի լուրն ավետող, հրացանը գլխից վեր պահած զինվորի հուշարձան է: Իսկ 65-ամյակին ընդառաջ՝ նոր հուշաքար է դրվել Արծվաբերդի Թագավորենց թաղամաս կոչվող հատվածում: Այս թաղամասից 40 հոգի է մասնակցել Մեծ հայրենականին՝ 22-ը զոհվել: Նահատակների հիշատակին ի խոնարհումն, Թագավորենց թաղին հարող բարձունքում տեղադրվել է ավելի քան երկու մետր բարձրությամբ գրանիտե հուշաքար՝ «Անմահները չեն մեռնում» գրությամբ եւ 22 զոհերի անուններով: Մտահղացումը պատերազմի 85-ամյա վետերան Աղալո Հարությունի Բադալյանինն է: Բադալյանները վեց եղբայր են: Վեցն էլ մասնակցել են պատերազմին, երկուսը՝ Գարեգինն ու Արտաշը, ռազմի դաշտից չեն վերադարձել:
Զոհվածների հարազատները շնորհակալության եւ երախտիքի խոսքեր են ասում Աղալո Բադալյանին, իսկ հուշաքարը ոչ միայն ուխտատեղի է դարձել, այլեւ՝ երիտասարդ սերնդին հայրենասիրությամբ դաստիարակելու միջոց:
«Եթե պատերազմը չլիներ, հիմա հարյուրավոր ընտանիքներ ավելի կունենար մեր գյուղը: Իմ ծրագիրը այս հուշաքարով չի ավարտվում: Նպատակ ունեմ իմ 22 եղբայրների այս հուշաքարը վերածել փոքրիկ հուշահամալիրի, 22-ից յուրաքանչյուրի համար մեկ ծառ տնկել: Սրտիցս մի մեծ քար ընկավ: Ինձ հաջողվեց իմ 22 եղբայրներին տուն բերել, ես նրանց անուններին ու գերեզմանին մատաղ»,- հուզմունքը թաքցնել չկարողանալով՝ ասաց Աղալո Բադալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել