Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՏԱՇԵՆ. 19 ՏԱՐԻ ԱՆՑ

Մայիս 11,2010 00:00

1991 թվականի մայիսի 1-8-ը, ռուսական տանկերի մասնակցությամբ, ազերիներին հաջողվեց իրենց բնօրրանից դուրս հանել «ամենապնդաճակատ» հայերին՝ գետաշենցիներին…
Անցել է ուղիղ 19 տարի: Հայաստանի համար շատ ծանր տարիներ. աթոռակռիվներ, «զուլալ» ընտրություններ, թիմ-թիմ «խաղեր», ընդհարումներ, օրը ցերեկով կրիմինալ ռազբորկաներ: Գետաշենցիները՝ ծվարած Հայանիստում, Արզնիում, Արտամետում եւ այլ բնակավայրերում, միանգամից եւ ամբողջապես դուրս մնացին տեսադաշտից, զրկվեցին ուշադրության արժանանալու ամենափոքր իսկ հույսից ու դիմակայում են կյանքի դժվարություններին:
Հայաստանում քիչ չեն մուրացկանները: Ման եկեք ողջ Հայաստանով եւ չեք գտնի գետաշենցի մեկ մուրացկանի: Այսօր, երբ լրանում է Գետաշենի բռնագաղթի 19-րդ տարելիցը, ոչ մի լրատվամիջոց, ինչպես անցած 19 տարիներին, ոչինչ չի ասում Գետաշենի ու գետաշենցիների մասին:
Միակ մխիթարանքը գետաշենցիների համար 2009թ. ապրիլի 30-ին «Արարատ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հայից հայ» հաղորդաշարն է: 1991թ. Վազգեն Մանուկյանն ասել էր, որ Գետաշենի անունը հայոց պատմության մեջ ոսկե տառերով կգրվի: Բայց առայժմ այս կոչին ոչինչ չի հետեւել:
Չնեղանալով ոչ մեկից, չպահանջելով ոչինչ, կրկին շնորհավորելով մայիսի 9-ի կրկնակի տոնը, խնդրում եմ բոլոր լրագրողներին՝ գոնե տարին մեկ անգամ, թեկուզ ուշացումով անդրադառնալ Գետաշենին ու գետաշենցիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել