Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերունդները կամրջվեցին

Մայիս 11,2010 00:00

Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում մայիսի 8-ին կազմակերպված միջոցառումը նվիրված էր Մեծ հայրենականի հաղթանակի 65-ամյակին: Այն «Սերունդների կամուրջ» խորագիրն էր կրում: Համերգային ծրագիրը դահլիճում մեկտեղել էր Մեծ հայրենականի վետերաններին ու մայրաքաղաքի դպրոցների աշակերտներին: «Այս միջոցառումը ամենաօրինակելի ու ամենաերկար պատմության դասը կլինի մեր աշակերտների համար»,- ասաց հանրապետության առաջին տիկինը՝ ավելացնելով, որ, հիրավի, անհրաժեշտություն է, որ մեր մատաղ սերունդը իրենց հերոս պապերի, հանուն հայրենիքի նրանց գործած սխրանքների ոգով դաստիարակվի: «Պատահական չէ, որ դահլիճում այսօր դպրոցականներն ավելի շատ են, քան մեծահասակները»,- ավելացրեց Ռիտա Սարգսյանը, ով մեկիկ-մեկիկ մոտեցավ եւ երախտիքի ջերմ խոսքերով անձամբ շնորհավորեց վետերաններին՝ փառքով վաստակած տոնի կապակցությամբ:
Ավելի քան 1,5 ժամ տեւած համերգային ծրագրի ողջ ընթացքում բեմում ոչ մի պրոֆեսիոնալ դերասան չկար, միայն դպրոցականներն էին: Նրանց շուրթերով նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդների լեզուներով խաղաղության, հիշատակի ու խոնարհումի կոչեր հնչեցին: Ժողովուրդների ազգային երգն ու պարը ներկայացնելուց զատ, երեխաները կատարեցին նաեւ Մեծ հայրենականի տարիներին հնչող ու մարտիկների եւ ժողովրդի կողմից սիրված երգեր, որոնց՝ հիշողություններից խոնավ աչքերով, մեղմ ձայնակցում էին նաեւ իրենք՝ վետերանները:
Համերգային ծրագիրն ավարտվել էր, բայց ներկա վետերաններից շատերը չէին հեռանում դահլիճից: Նրանք ջերմ զրուցում էին առաջին տիկնոջ հետ, ապա խմբերով կամ առանձին՝ լուսանկարվում նրա հետ: Լուսանկարները Ռիտա Սարգսյանը խոստացավ փոխանցել վետերաններին:
Միջոցառման վերջում վետերաններին խորհրդանշական նվերներ մատուցվեցին: «Վաղուց այսպիսի հաճելի պահեր չէինք ապրել,- ասում էին վետերանները,- այս ամենը մեզ հիշեցրեց, որ չենք մոռացվել, որ իզուր չի եղել մեր պայքարն ու հաղթանակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել