Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանը տոնեց հաղթանակների օրը

Մայիս 11,2010 00:00

 Մայիսի 9-ին քաղաքամայր Երեւանը տոնեց հաղթանակների՝ Մեծ հայրենականի հաղթանակի 65 եւ Շուշիի ազատագրման 18-ամյակներին նվիրված  օրը: Երգ, պար, թմբուկների շքերթ, ժպտացող փոքրիկներ եւ տոնական տրամադրությամբ երեւանցիներ: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ տոնական բեմահարթակներ էին տեղադրվել Երեւանի սրտում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Կամերային երաժշտության տան հարակից այգում եւ Մաշտոցի պողոտա-Բուզանդի փողոց խաչմերուկի հատվածում: Ժամը 15-ին տոնական բոլոր բեմերում փողային երաժշտությունը ազդարարեց «Հաղթական հնչյուններ» փառատոնի մեկնարկը: Զուգահեռաբար տոնական միջոցառումներ էին ընթանում նաեւ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում: Երեւանցիներին իրենց կատարումներով ողջունեցին մայրաքաղաքի երաժշտական, արվեստի դպրոցների, մանկական համույթների եւ մշակույթի կենտրոնների սաները: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Հաղթանակի օրն անցկացրեց երեւանցիների հետ, շրջեց քաղաքում, եղավ տոնական միջոցառումների բոլոր հատվածներում: «Մշակութային օջախների մեր սաները շնորհավորում են Հայրենական պատերազմի մասնակիցներին եւ Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներին: Տոնական այս միջոցառումը առաջին հերթին երիտասարդ սերնդին է անհրաժեշտ, համոզված եմ, որ բեմից տոնական երգեր կատարող մեր փոքրիկները հասկանում են եւ գիտեն հաղթանակների պատմությունն ու արժեքը, որը փոխանցվել է իրենց որպես պատվիրան՝ այն պահելու եւ ամրապնդելու համար: Առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհավորել մեր ժողովրդի կրկնակի հաղթանակների տոնը: Գլուխ եմ խոնարհում բոլոր այն ընտանիքների առջեւ, ովքեր պատերազմում կորցրել են իրենց զավակներին»,- լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետը: Նա նշեց նաեւ, որ մայրաքաղաքում վերականգնվում է փողային նվագախմբեր ունենալու մշակույթը: Սա խորհրդանշական է՝ պատերազմի դաժան տարիներին հենց փողային նվագախմբերի կատարումներով էին իրենց հաղթանակները ցնծում մարտիկները:
Հյուսիսային պողոտայում համերգային ծրագիրը ապահովում էին Շենգավիթ, Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների մշակութային օջախների սաները: Կասկադում՝ Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների, իսկ Ազնավուրի հրապարակում՝ բեմը Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների երեխաներինն էր: Կամերային երաժշտության տան հարակից այգում եւ Մաշտոցի պողոտա-Բուզանդի փողոց խաչմերուկի հատվածում տոնական տրամադրության ապահովումը վստահված էր Նուբարաշեն, Նորք-Մարաշ, Կենտրոն, Քանաքեռ- Զեյթուն եւ Աջափնյակ վարչական շրջանների մշակութային կենտրոններին:  Երեւանյան փողոցները բազմամարդ էին եւ տոնական տրամադրությամբ: «Երեւանն այսօր ժպտում է, այս ամենն ինձ հիշեցնում է խորհրդային տարիների մայիսյան տոների շուքը»,- նշեց Նոր Նորքի բնակիչ Լաուրա Պետրոսյանը, ով քաղաքում շրջում էր ութամյա թոռնուհու՝ Աննայի հետ: 
                  
Հ. Գ. Օրերս Երեւանի ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն տվեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ առաջին կարգի զինվորական հաշմանդամներին 2010թ.-ի գույքահարկից ազատելու մասին նախաձեռնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել