Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՆ ԷԼ ԲՈՐՍԱՆԵՐ ԵՆ

Մայիս 11,2010 00:00

Երեկ կայացած ասուլիսում Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը մանրամասնել է կառավարությունում նախորդ հինգշաբթի իր հնչեցրած եւ բավականին արձագանքներ ստացած հայտարարության պատճառները: Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, թե կոալիցիոն կուսակցությունները դարձել են աշխատանքային բորսա եւ մարդիկ անդամագրվում են այդ կուսակցություններին՝  աշխատանքի տեղավորվելու համար: Երեկ պարոն Բադալյանն ասաց, որ ինքը առաջ էլ է այդ հարցը բարձրացրել կառավարության առաջ եւ պնդել, որ  քաղծառայության համակարգը պետք է զերծ պահվի ոտնձգություններից, իսկ դրա համար պարոն Բադալյանը մի դեղատոմս ունի՝ քաղծառայողները օրենքով իրավունք չունենան լինելու կուսակցական:
Պարոն Բադալյանը, պարզաբանելով իր հայտնած մտքի հիմքերը, ասել է, որ ինքը՝ որպես քաղծառայության համակարգի ստեղծման ակունքներում կանգնած մարդ, ուղղակի ցավ է զգում, երբ տեսնում է այդ խեղաթյուրումները: Նա պնդեց, որ իր հայտարարությունը որեւէ մեկին ուղղված բողոք կամ կոչ չէր, այլ ուղղակի տեղեկատվություն այն մասին, որ իր ղեկավարած օղակում նման բաներ (ճնշումների առաջ ընկրկելու դեպքեր) չեն եղել եւ չեն լինելու:
Իսկ եղե՞լ են արդյոք նման ճնշումներ՝ այս հարցին պարոն Բադալյանը ըստ էության չպատասխանեց, միայն ասաց հետեւյալը. «Ի՞նչ է նշանակում ճնշում: Ճնշման մի ձեւ կա՝ բարոյական ճնշում, որը կարող է լինել ընկերների, հարազատների, բարեկամների կողմից: Դա ինձ համար ավելի մեծ ճնշում է: Բարեբախտաբար, երկրի ղեկավարի կողմից ճնշում չի եղել, եւ դա երկրի քաղաքական ղեկավարության ուղեգիծն է: Սակայն ճնշումների փոխարեն լինում են տարբեր կուսակցականների կողմից խնդրանքներ՝ «ես չեմ չափել՝ որը շատ, որը՝ քիչ, բոլորն էլ դիմում են…»:
Սակայն, ըստ պարոն Բադալյանի՝ հարկավոր է կարողանալ դիմակայել դրանց, վեր դասել պետական շահը եւ մերժել այդ կարգի խնդրանքները, որպեսզի համակարգը կայանա: Նաեւ ավելացրել է, որ այդ կուսակցությունների անդամ նախարարները իրենց ղեկավարած հիմնարկները լցնում են իրենց կուսակիցներով, եւ շատ հաճախ՝ ոչ թե իրենց ցանկությամբ ու նախաձեռնությամբ, այլ որովհետեւ կուսակցապետն է այդպես ուզել: Ընդ որում, կրկին անուններ չտալով, նա շեշտել է, որ խոսքը վերաբերում է կոալիցիայի մեջ մտնող բոլոր նախարարներին: Նա կրկնել է կառավարությունում հնչեցրած իր այն միտքը, որ որոշ մարդիկ միանգամից մի քանի կուսակցական տոմս ունեն կամ թաշկինակի նման կուսակցություններ են փոխում՝ աշխատանքի համար, հացի խնդիր լուծելու համար: Սակայն դա տգեղ երեւույթ է, որը փչացնում, «դեգրադացնում է» մարդկային արժեհամակարգը եւ այդ կուսակցություններին էլ որեւէ օգուտ չի տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել