Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԵՐԸ

Մայիս 11,2010 00:00

Ուսանողական այգում իրականացվող կառուցապատման առիթով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մայիսի 5-ին  հանդիպել էր «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամներին եւ խոստացել բացառել ապագա կառուցապատումներն ու գետնափոր կառույցները Երեւանի հանրային կանաչ տարածքներում: Այս առնչությամբ, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը երեկ հայտարարություն է արել՝ նշելով,  որ քաղաքապետարանի հաղորդագրությունը  չի արտացոլում տեղի ունեցած քննարկման էությունը. «Ամբողջ քննարկման ընթացքում, չհերքելով բարձրացված պահանջի օրինականությունը, համաձայնելով շինարարության արդյունքում այգուն մեծ վնաս հասցնելու եւ դրա նպատակային նշանակությունն ի չիք դարձնելու փաստերի հետ՝ քաղաքային իշխանությունները փորձում էին առանց լուրջ հակափաստարկների համոզել, որ մասնակիցները համաձայնեն այս օբյեկտների կառուցման հետ՝ որպես նմանատիպ վերջին դեպք: Այդպիսի հիմնավորումը չի կարող հիմք ծառայել ՀՀ օրենքներով կարգավորվող հանրային զբոսայգում ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»:
Անդրադառնալով քաղաքապետի այն հայտարարությանը, թե «Մասնավոր ընկերությունների գործունեությունը կասեցնելու դեպքում սեփականատերերին պետք է փոխհատուցում տալ, քանի որ նրանք օրինական, պայմանագրային իրավունքներ ունեն», նախաձեռնության անդամները արձանագրում են, որ «այդպիսով  մասնավոր ընկերությունների շահերը վեր են դասվում Երեւանի քաղաքացիների կողմից հանրային զբոսայգիները ըստ օրենքի օգտագործելու իրավունքից եւ արդյունքում քաղաքապետարանը հրաժարվում է վերոնշյալ կառուցապատման համար պատասխանատվությունից»:
Նախաձեռնության անդամները տեղեկացնում են, որ ձեռնարկելու են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր միջոցները՝ Ուսանողական այգին ապօրինի կառույցներից ազատելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել