Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարուսելները վտանգավոր են

Մայիս 11,2010 00:00

Հատկապես, եթե տեխնիկական փորձաքննություն չեն անցնում

Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում, ժամը 17-ի սահմաններում, աշխատելու ժամանակ պոկվել է կարուսելներից մեկի՝ «Թայֆուն» ատրակցիոնի շղթան, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ:
Երեկ տեղեկացանք, որ միջադեպի օրը գլխի սալջարդով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա Սիրարփի Մավոյանը եւ 13-ամյա Սոնա Գալստյանը առաջին բուժօգնություն են ստացել եւ դուրս գրվել: Ավելի ծանր վնասվածքներով «Միքայելյան» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել Մարինե եւ Մենուա Վարդանյանները: Երեկվա դրությամբ նրանց վիճակը բժիշկները գնահատում էին կայուն: «Առավոտի» հետ զրույցում բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ռաֆայել Գրիգորյանը վստահեցրեց, որ ճիշտ է՝ պարանոցի շրջանում ստացած սալջարդի հետեւանքով 35-ամյա Մարինեի առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում, սակայն նրանք դեռ 3-4 օր էլ պետք է մնան բժիշկների հսկողության տակ, որպեսզի հետազոտվեն, քանի որ հնարավոր է՝ ընթացքում բարդություններ ի հայտ գան: Բժշկի խոսքերով. «Այս պահի դրությամբ հիվանդների նյարդային վիճակը հանգիստ է: Բայց մենք պարտավոր ենք հետեւել, որպեսզի ուղեղի ցնցում կամ ներքին արյունահոսություն չլինի»:
13-ամյա Մենուան հիվանդանոց է տեղափոխվել գոտկատեղի սալջարդով: Ռ. Գրիգորյանի խոսքերով, բարեբախտաբար տղայի երիկամներն ու փայծաղը չեն վնասվել:
Երեկ զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանը հայտնել է, որ իրենց կարուսելն անսարք չի եղել, պարզապես կարուսելի երկաթային մասը կոտրվել է: Իսկ թե ինչ պատճառով, տնօրենը չի կարողացել պատասխանել, միայն նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մասնագետներն ուսումնասիրություն են սկսել: Պատճառները պարզ կլինեն 4-օրյա ժամկետում: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ պատահարի հանգամանքները ճշտվում են եւ կատարվում է հետաքննություն:

Հ. Գ. Այսօր խիստ մտահոգիչ է ոչ միայն Հաղթանակի զբոսայգու, այլեւ մայրաքաղաքի այլ զբոսայգիների կարուսելների տեխնիկական վիճակը:
Թեեւ կարուսելների հսկիչներն ու պատասխանատուները միանշանակ հերքում են իրենց մոտ դժբախտ պատահարների հնարավորությունը կամ ատրակցիոնների՝ վտանգավոր լինելը, բայց, փաստացիորեն, լինում են դեպքեր, երբ կարուսելից վերադառնում ես ջարդուխուրդ եղած: Անհանգստության տեղիք են տալիս հատկապես շղթաներով կարուսելները: Ու եթե անգամ Հաղթանակի զբոսայգու կարուսելը սարքին է եղել եւ, ինչպես այգու տնօրենն է պնդում՝ երկաթային մաս է կոտրվել, ապա կարելի է արդեն կարծիք կազմել, թե ինչպես են կարուսելներն ամեն տարի ենթարկվում փորձաքննության: Նշենք, որ կարուսելների անվտանգության պատասխանատուն արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն» է, որը ժամանակ առ ժամանակ պետք է փորձաքննության ենթարկի կարուսելները: Սակայն կոնկրետ այդ կարուսելը գրանցված չի եղել, տեխնիկական փորձաքննություն չի անցել եւ շահագործման իրավունք չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել