Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ 30 ՀԱԶԱՐ, ԾԱԽՍԸ՝ 40 ԵՎ ԱՎԵԼԻ

Մայիս 11,2010 00:00

Նույնիսկ «մոլոկանի» թթվով, լոբով ու փլավներով՝ նվազագույն կենսապահովման զամբյուղ չենք կարող լցնել

Մարդն իր գոյությունն ու առողջությունը պահպանելու համար օրական պետք է ուտի 2412.1 կկալ էներգետիկ արժեքով սնունդ: Համենայնդեպս, ըստ առողջապահության նախարարության հաշվարկների, նորման այդքան է: Երբ կարդում ես նախարարության մասնագետների ավելի մանրամասն հաշվարկները, թե օրական կոնկրետ ինչ պետք է ուտենք նորմայում՝ հասկանում ենք, որ հայ ազգի 80-90%-ը նորմայից դուրս է:
Այսպես, նախարարության դիտարկմամբ՝ օրվա ընթացքում մարդը պետք է ուտի 250 գրամ հաց, 20 գրամ ալյուր, 15 գրամ մակարոնեղեն, 5 գրամ ձավարեղեն, 2 գրամ ընդեղեն, 100 գրամ մսամթերք: Բնականաբար, մարդու առողջության համար շատ կարեւոր է սննդաբաժնում ընդգրկել կաթնամթերք, եւ, ըստ նախարարության հաշվարկների, մարդը պետք է խմի 1 բաժակ կաթ, ուտի 10 գրամ կաթնաշոռ, 20 գրամ կենդանական յուղ, 25 գրամ պանիր: Անհրաժեշտ է օրական ուտել նաեւ 250 գրամ կարտոֆիլ, 300 գրամ էլ այլ բանջարեղեն, 200 գրամ միրգ, 50 գրամ շաքար, 0,5 հատ ձու, 20 գրամ ձեթ, 10 գրամ մարգարին եւ 30 գրամ ձուկ: Չնայած առաջին հայացքից թվում է, թե այս ամենը շատ դժվար է 24 ժամվա ընթացքում տեղավորել ստամոքսում, սակայն իրականում հատկապես աշխատունակ տարիքի մարդկանց համար սա այն նվազագույն սննդամթերքն է, որը թույլ կտա կշտանալ:
Ավելի պարզ պատկերացնելու համար, թե ինչ է մտնում նախարարության կազմած այս նվազագույն կենսապահովման զամբյուղի մեջ, նշենք, որ եթե մարդը առավոտյան կաթնամթերքով մի թեթեւ նախաճաշ անի, կեսօրին՝ 1 պատառ մսով կամ ձկով հաց ուտի, ընթրիքին էլ 1 թեյի գդալ՝ բրնձով կամ մակարոնով փլավ եւ 2 ճաշի գդալ «մոլոկանի թթու»՝ 2412.1 կկալ կստանա: Իսկ եթե արանքներում էլ ցանկանա «հայավարի» սուրճ կամ թեյ խմել՝ նորման նույնիսկ կգերազանցի: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նույնիսկ այս նվազագույն կենսապահովման զամբյուղի սննդամթերքները գնելու համար մարդուն ամսական անհրաժեշտ է 26 հազար դրամ: Ընդ որում, այդ գումարը հաշվարկվել է ոչ թե կենտրոնի թանկուկրակ սուպերմարկետների գներով, այլ՝ այս տարվա առաջին եռամսյակում գրանցված շուկայական միջին կրպակային գներով: Բնականաբար, բացի ուտելուց, մարդը գոյատեւելու համար պետք է այլ ծախսեր էլ կատարի. վճարի կոմունալ վարձերի համար, հագուստ, կոշիկ գնի, տրանսպորտի, տարբեր ծառայությունների համար ծախսեր կատարի: Այս ամենը հաշվի առնելով՝ Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա հունվար-մարտ ամիսների համար հաշվարկել է, որ ամսական նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 40 234 դրամ է:
Նախկինում նույն զամբյուղի համար անհրաժեշտ էր 37300 դրամ, այսինքն՝ Հայաստանում առկա գնաճի պայմաններում, նույնիսկ պաշտոնական ցուցանիշներն են վկայում, որ ամսական 1 շնչի հաշվով ծախսը 3000 դրամով ավելացել է, ընդ որում՝ սա առաջին եռամսյակի տվյալն է, երբ գազի գնի բարձրացման ազդեցությունը ծախսերի վրա դեռ չի երեւում: Բացի այդ, վիճծառայությունը «բանջարեղեն» ասելով՝ հաշվարկել է միայն կաղամբի եւ գլուխ սոխի գինը, ձավարեղենից հաշվարկվել է միայն բրնձի գինը, ընդեղենից՝ լոբու, մսամթերքից՝ տավարի մսի գինը եւ մրգից՝ միայն խնձորինը: Բնականաբար, եթե 200 գրամ խնձորի փոխարեն հաշվեին բանանի,  կիվիի, նարնջի եւ ավելի թանկ մրգերի գինը, տավարի մսի փոխարեն՝ խոզի կամ գառան մսի գինը՝ ամսական անհրաժեշտ կլիներ 80-90 հազար դրամ: Բայց նույնիսկ այդ հաշվարկներով, երբ մարդը պետք է խնձորից բացի այլ միրգ չուտի եւ խորոված-մորովածի մասին մոռանա՝ դարձյալ դժվար է Հայաստանում գոյություն պահպանել:
Ուշագրավ է, որ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամ է: Փաստացի այդքան աշխատավարձով աշխատող բազմաթիվ մարդիկ կան, որոնք տան միակ կերակրողն ու եկամտի աղբյուրն են, դա նշանակում է, որ եթե այդ գումարը բաժանենք 2-3 անձից բաղկացած փոքր ընտանիքի անդամների միջեւ, կստացվի, որ մարդը ամսական կարող է ծախսել ընդամենը 10-13 հազար դրամ:
Ի դեպ, վերջին 10 օրերին վիճծառայությունն արձանագրել է, որ կարտոֆիլի, գազարի, հրուշակեղենի գները Հայաստանում նորից բարձրացել են, գազի սակագների բարձրացման արդյունքում եւս մի քանի ապրանքատեսակներ կթանկանան, հետեւաբար՝ հաջորդ եռամսյակին մեր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 40 հազար 234 դրամից էլ կանցնի: Օրինակ, Ազգային վիճծառայության աշխատակիցները վարձատրվում են նվազագույն աշխատավարձից էլ բարձր՝ 36 հազար դրամ, որից 6-7 հազար դրամը ամսվա ընթացքում ծախսում են տրանսպորտի վրա՝ տարբեր խանութներ գնալու, ուսումնասիրություններ ու հաշվարկներ կատարելու համար: Փաստորեն, ներկայիս նույնիսկ պաշտոնական ցուցանիշներով՝ վիճծառայության աշխատակիցը չի կարող հասցնել գնել նույնիսկ այն 1 հատիկ լոբին, 1 թեյի գդալ փլավը, 25 գրամ պանիրը, որն անհրաժեշտ է օրական գոյատեւելու համար: Կարելի է պատկերացնել, թե ինչպես են ապրում բազմանդամ ընտանիքները, որոնք տանը 1-2 աշխատող ունեն, այն էլ՝ ոչ թե վիճծառայությունում աշխատող, այլ՝ «Քրջի բազարում»: Խանութի վաճառողուհու, վարորդի, պահակի ընտանիքները, ըստ այդմ, առաջիկայում նորմային մոտենալու հույս էլ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել