Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկուսարանի փոխարեն տարել են հացատուն

Մայիս 11,2010 00:00

Կալանավորվել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկաններ` ոստիկանության ավագ Եղիա Հովհաննիսյանը եւ ոստիկանության սերժանտ Վահե Նազարյանը: Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք ստանալու փորձ անելու մեջ:
Եղիա Հովհաննիսյանը եւ Վահե Նազարյանը 2010 թվականի ապրիլի 28-ին կազմակերպել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, թմրամիջոց պահելու մեջ մեղադրվող Քաջիկ Դավթյանի տեղափոխումը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարան` իր վերաբերյալ քննվող քրեական գործով հերթական դատական նիստին մասնակցելու համար: Դրանից հետո Եղիա Հովհաննիսյանն ու Վահե Նազարյանը, Քաջիկ Դավթյանին «Նուբարաշեն» տեղափոխելու փոխարեն, տարել են հացատուն՝ բնականաբար համապատասխան վարձատրության դիմաց: Մասնավորապես՝ ժամը 14-ի սահմաններում, Վահե Նազարյանի անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի 25 ՏՏ 837 պետհամարանիշի ավտոմեքենայով Քաջիկ Դավթյանին տարել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գասպարյան փողոցի 2-րդ շենքի հատվածում տեղակայված հացատուն: Դրա դիմաց Ք. Դավթյանը խոստացել էր վճարել 20.000 դրամ: Սակայն այդ գումարը սերժանտներն այդպես էլ չստացան, քանզի հացատնից կալանավորը դիմել էր փախուստի, եւ նրան տեղափոխող սերժանտներն իրենք դարձան կալանավորներ: Հատուկ քննչական ծառայությունը նրանց մեղադրանքներ է առաջադրել եւ դատարանին միջնորդել որպես խափանման միջոց կիրառել կալանավորում, ինչը բավարարվել է: Նրանք ներկայումս գտնվում են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ամբաստանյալ Ք. Դավթյանի փախուստի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել