Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատժելը կունենա կանխարգելիչ նշանակություն

Մայիս 11,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ կոնկրետ քրեական գործերով գերմանացի գործընկերների հետ ձեւավորվել է համագործակցության դրական փորձ՝ գլխավոր դատախազը կարեւորել է փոխօգնության, համագործակցության կարգավորումը իրավական փաստաթղթերով: Դեսպանը հավաստել է իր պատրաստակամությունը աջակցելու եւ առավել զարգացնելու դատաիրավական ոլորտի համագործակցությունը:
Հյուրի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ Չարենցավանի ոստիկանության բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքին: «Ինչպես ընդհանրապես, այնպես էլ հարցաքննությունների ժամանակ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրումը պետք է բացառվի: Անընդունելի է բռնությամբ ցուցմունքներ վերցնելը: Այս աշխատաոճն անընդունելի է»,- ընդգծել է գլխավոր դատախազը՝ նշելով, որ հետամուտ է լինելու դեպքի լիարժեք բացահայտմանը: «Նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի առջեւ խնդիր է դրվել ապահովել քրեական գործի բազմակողմանիությունն ու լրիվությունը: Արդեն իսկ կատարվել է հսկայածավալ աշխատանք եւ բոլոր մեղավոր անձանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչը, կարծում եմ, կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայում»,- ընդգծել է Ա. Հովսեփյանը:
Դեսպանը բարձր է գնահատել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննության հրապարակայնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել