Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐՔՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մայիս 11,2010 00:00

Ստեղծված խառնաշփոթը պարտավորեցնում է

Չարենցավանի ոստիկանության բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան գործով երկու անձ գտնվում է մեղադրյալի կարգավիճակում, սակայն ակնհայտ է, որ դրանց շրջանակն ընդլայնվելու միտում ունի:
Վահան Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնությունների մասին Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հայտարարությունը որքան անսպասելի, նույնքան էլ սպասելի էր հատկապես վերջին շրջանում հրապարակվող տեղեկությունների համատեքստում: Անսպասելի էր ոչ թե այն պատճառով, որ բռնությունների գործադրմամբ ցուցմունքներ վերցնելը բացառիկ երեւույթ է: Ուղղակի պաշտոնական աղբյուրները փորձում էին չբարձրաձայնել այդ երեւույթի մասին՝ թերեւս գործընկերային համերաշխության սկզբունքից ելնելով: Բայց երեւում է՝ անգամ այդ հարաբերություններում ամեն ինչ ունի իր չափը, առավել եւս, երբ կարծես թե մինչ այդ մի քանի անուղղակի նախազգուշացում եղել էր ոստիկանությանը՝ փոխելու աշխատաոճը:
Պաշտոնական լրահոսն ուսումնասիրելով՝ պետք է արձանագրենք, որ վերջին ամիսներին հաճախակի էր պաշտոնապես տեղեկություն տարածվում այս կամ այն ոստիկանի, օպերլիազորի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, չարաշահելու, կաշառք վերցնելու մասին: Ընդհուպ եղան դեպքեր, երբ «տուժողից» ոստիկանները, ՀՔԾ-ում քննվող գործերով, վերածվեցին մեղադրյալների՝ մեղադրվելով քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ: Նման մի քանի դեպքերի անդրադարձել է նաեւ «Առավոտը» եւ այս համատեքստում ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետին մեղադրանք առաջադրելը՝ Խալաֆյանից ինքնախոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով նրա նկատմամբ բռնություններ գործադրելու համար, թերեւս, անսպասելի չէր: Աշխատաոճը փոխելու համար ոստիկանությանն ուղղված անուղղակի նախազգուշացումները չծառայեցին իրենց նպատակին եւ, թերեւս, ոչինչ չէր մնում, քան այդ արատավոր երեւույթի մասին պաշտոնապես բարձրաձայնելը: Նկատենք, սակայն, որ բաժանմունքի պետին կալանավորելու մասին իր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ ՀՔԾ-ն կատարել էր նաեւ մեկ այլ ոչ պակաս ուշագրավ հայտարարություն, ինչը կարծես թե փոքր-ինչ ստվերում մնաց: «ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, այն է՝ չունենալով անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում, 2010թ. ապրիլի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հրահանգել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին»,- նշված է հատուկ քննչական ծառայության ինտերնետային էջում ապրիլի 29-ին տեղադրված հաղորդագրության մեջ: ՀՔԾ-ն սեւով սպիտակի վրա գրել է, որ Խալաֆյանին ոստիկանություն բերման ենթարկելը եղել է ապօրինի: Ասել կուզի՝ ապօրինությունների շղթան սկսել է հենց սկզբից, ինչը ենթադրում է, որ առնվազն կադրային լուրջ փոփոխություններն այս բաժնում անխուսափելի են եւ պարտադիր: Հիշենք՝ ցմահ դատապարտվածների փախուստը, որից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը հրաժարական տվեց, իսկ 5 աշխատակից կալանավորվեց:
Նկատենք, որ այս գործում հետաքրքիր զարգացումների պակաս ընդհանրապես չի զգացվում, այդ թվում՝ հերքումների տեսքով: Եթե ՀՔԾ-ն հերքեց ոստիկանապետի պաշտոնական հայտարարությունները, ապա նույն գործով բերման ենթարկված ու ազատ արձակված Նորայր Չիլյանի եւ Արայիկ Առաքելյանի հարազատները հերքեցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարությունները: Հիշեցնենք, որ վերջինս մասնավորապես պնդում էր, թե ոստիկանության Չարենցավանի բաժնում բռնություններ են գործադրվել ոչ միայն Խալաֆյանի, այլ նաեւ այլոց նկատմամբ, իսկ հետքերը թաքցնելու համար բերման ենթարկված եւ ազատ արձակված Ն. Չիլյանին եւ Ա. Առաքելյանին հեռացրել են Հայաստանից: Առաջինին, ի դեպ, ըստ Սաքունցի, ոստիկանությունում այնպես են ծեծել, որ անգամ կոտրվել էր ծնոտը: Նրա խոսքերով՝ բռնություն է գործադրվել նաեւ նույն գողության գործով ներկայումս նախնական կալանքի տակ գտնվող Դավիթ Գյուլումյանի նկատմամբ: «Մամուլում եղած այդ հրապարակումները ամբողջովին սուտ են, որեւէ նշված տեղեկություն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես կարող է ամուսնուս ծնոտը կոտրված կամ վնասված լինել՝ ես դրա մասին չիմանամ, չտեսնեմ, մենք բժշկի չդիմենք եւ նա այդ կոտրված ծնոտով մեկնի Հայաստանից»,- ասել է Նորայր Չիլյանի կինը՝ Հասմիկ Նաղդալյանը՝ ցուցմունք տալով, որ Սաքունցին իր ամուսինը տանը դիմավորել է ոչ թե մահճակալում պառկած, այլ ողջ եւ առողջ: «Երբ Սաքունցը եկել է մեր տուն՝ ամուսինս նրան նորմալ, առողջ դիմավորել է եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է թերթերում այդպիսի սուտ տեղեկություններ տպում»,- նշել է կինը, իսկ ամուսնու մեկնելը պատճառաբանել է աշխատանք գտնելու անհրաժեշտությամբ: ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նորայրը ոչ թե հանկարծակի է մեկնել Բելգիա՝ հոր մոտ, այլ դեռեւս ապրիլի 2-ին պատվիրված տոմսով: Կարծում ենք, նախաքննական մարմինը կփորձի ճշտել, թե արդյոք Նորայր Չիլյանն իրո՞ք դեռեւս ապրիլի 2-ին էր պատվիրել տոմսը, թե՞ ոչ: Բելգիա գնալու համար պահանջվում է վիզա, հետեւապես այնտեղ մեկնելու համար իրոք պետք է պատրաստվել նախապես եւ եթե նախաքննական մարմինը պարզի, որ նա իրոք մեկնել է Բելգիա՝ կմնա պարզել, թե ինչու է Սաքունցը շտապել սխալ տեղեկություններ տարածել: Ինչ վերաբերում է Արայիկ Առաքելյանին, ապա, նրա մոր եւ կնոջ ցուցմունքների համաձայն, նա մեկնել է ՌԴ՝ հոր մոտ աշխատելու: Նրա մայրը նույնպես, ըստ ՀՔԾ-ի, հերքել է Սաքունցի հայտարարությունը, թե ոստիկաններն են նրան «առաջարկել» հեռանալ Հայաստանից՝ վերադարձնելով անձնագրերը: «Դա միանշանակ սուտ է, որդուս անձնագիրը միշտ եղել է ինձ մոտ՝ տանը, ոստիկանները անձնագիրը չեն վերցրել եւ չեն վերադարձրել եւ որեւէ մեկը նրան չի ստիպել կամ պարտադրել մեկնել Հայաստանից»,- շեշտել է մայրը՝ Էլմիրա Առաքելյանը:
Ապօրինի ոստիկանության բաժին բերման ենթարկված եւ հետագայում կալանավորված մյուս երեք անձինք՝ Իսպիրյանը, Մարկոսյանը եւ Գյուլումյանը փորձագետների մոտ հայտարարել են, որ իրենց նկատմամբ բռնություններ չեն գործադրվել: Փորձաքննությամբ նույնպես նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ա. Սաքունցի պնդմամբ, մասնավորապես Դավիթ Գյուլումյանի վրա գործադրվել են բռնություններ: Նույնն են հայտարարում նաեւ վերջինիս հարազատները, սակայն հետաքրքիրն այն է, որ դատվելու մեծ փորձառություն ունեցող Դ. Գյուլումյանը, նախկինում նա 5 անգամ դատվել է, որից 3-ը՝ գողության համար, հրաժարվել է ցուցմունք տալ ենթադրյալ բռնությունների մասին: Ավելին՝ նրա մարմնի վրա բռնությունների հետքեր չի տեսել նաեւ օմբուդսմենի գրասենյակի աշխատանքային խումբը, որը ինչպես Գյուլումյանին, այնպես էլ Իսպիրյանին ու Մարկոսյանին այցելել էր դեռեւս ապրիլի 14-15-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ նշված երեք անձինք օմբուդսմենի ներկայացուցիչներին որեւէ գանգատ չեն ներկայացրել, ինչով, սակայն, վերջիններս չէին սահմանափակվել եւ անգամ անձամբ են զննել նրանց մարմինները… բռնության հետքեր չեն եղել: Հակառակ պարագայում համոզված ենք՝ օմբուդսմենը հենց նույն օրը հանդես կգար հայտարարությամբ եւ ավելի շատ կաղմկեր, քան այսօր փորձում է անել Սաքունցը: Թացն ու չորը խառնվել են, եւ ստեղծված խառնաշփոթը ուղղակի պարտավորեցնում է պետական մարմիններին՝ լինել առավել վճռական եւ սկզբունքային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել