Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՐԱԴԱԴԱՐ ՉԻ ԼԻՆԻ

Մայիս 11,2010 00:00

Սա փաստում են հայաստանցի եւ ադրբեջանցի լրագրողները

Մայիսի 7-ին Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը կոչով դիմել էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին՝ 2010թ. մայիսի 12-ին, ժամը 00:01-ից սկսած դադարեցնել հակամարտության կողմերի միջեւ քարոզչական պատերազմը, «թշնամական գործողությունները»՝ «հրաժարվել այնպիսի հրապարակումներից, որոնք վիրավորում են ամբողջ ազգի ու նրա առանձին ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ ազգամիջյան թշնամանք ու պատերազմի քարոզչություն են պարունակում»: Սա, նրա կարծիքով, «բարենպաստ պայմաններ կստեղծի ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղ երկխոսության շարունակման համար, կնպաստի իրական փոխզիջումների եւ փոխընդունելի լուծումների որոնմանը եւ այս հարցում կողմերի լրատվամիջոցների դիրքորոշումների մերձեցմանը»:
Լեռնային Ղարաբաղում գործող տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ 30 լրագրողների միավորող Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահի այս նախաձեռնությանը, սակայն, դրա հրապարակումից 4 օր անց որեւէ հրապարակային արձագանք չի եղել ո՛չ Հայաստանից, ո՛չ ԼՂ-ից եւ ո՛չ էլ առավել եւս Ադրբեջանից: Գեղամ Բաղդասարյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե այդ նախաձեռնությանը որոշ արձագանքներ եղել են, բայց դրանք բացառապես մասնավոր բնույթ են կրել: Դրան կողմ է արտահայտվել մասնավորապես Ղարաբաղի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը: «Հայտարարությունից հետո տեղեկատվական դաշտը ներկայացնող անձանց կողմից շատ մասնավոր բնույթի նամակներ եմ ստացել, բայց ինքս էլ տարակուսանքի մեջ եմ, որովհետեւ դրանք հրապարակային հայտարարություններ եւ կարծիքներ չէին, թեեւ դրանց հեղինակներն ասում են, թե նախաձեռնությունը ճիշտ քայլ է»,- ասաց Գ. Բաղդասարյանը՝ հավելելով, թե եղել են մարդիկ, ովքեր այնքան էլ ճիշտ չեն հասկացել այդ քայլի իմաստը:
Փորձեցինք հիշյալ կոչի վերաբերյալ ճշտել հայաստանյան լրագրողական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ներից մի քանիսի ղեկավարների կարծիքները:
«Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ «նման նախաձեռնություններով պարբերաբար հանդես գալը ամեն դեպքում պետք է»: Այլ խնդիր է, իհարկե, որ պարոն Նավասարդյանը այսօր առկա իրավիճակում դրանք իրատեսական չի համարում. «Մանավանդ վերջին մեկուկես-երկու տարիների ընթացքում, երբ սաստկացել է տեղեկատվական պատերազմը, եւ դա ուղղորդված բնույթ է կրում, չեմ կարծում, թե մենք կարող ենք որեւէ հաջողության հասնել»:
Իսկ արդյոք հաջողության չենք հասնի հենց ա՞յն պատճառով, որ այսօր քարոզչական պատերազմը մեր երկրներում ուղղորդված է, թե՞ կան այլ պատճառներ: Ի պատասխան մեր այս հարցին՝ Բ. Նավասարդյանը նկատեց, թե մեր երկրներում վարվող քաղաքականության մեջ տեղեկատվական պատերազմը շատ մեծ դեր է խաղում, դրան շատ մեծ ուշադրություն է դարձվում, եւ այդ ուղղությամբ երկու կողմերն էլ մեծ հնարավորություններ են ներդնում: «Ուստի ակնկալել, որ մոտ ապագայում այս իմաստով կարող է փոփոխություն լինել՝ իրատեսական չեմ համարում: Բայց որ ամեն դեպքում պետք է փորձել եւ պարբերաբար հիշեցնել տեղեկատվական պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, իհարկե, համաձայն եմ»:
«Առավոտի» հետ զրույցում, ըստ էության, նույն փաստարկները բերեց նաեւ «Բաքվի մամուլի ակումբի» նախագահ Արիֆ Ալիեւը: Նա նախ ասաց, թե իր համար հետաքրքիր է եղել ծանոթանալ այդ կոչին: Բայց ըստ նրա՝ «որպեսզի հնարավոր լինի հասնել նման գլոբալ խնդիրների լուծման, իհարկե, կոչերը բավարար չեն»: «Ցավոք, մենք՝ լրագրողներս, մի քիչ շատ ենք կախված մեզ շրջապատող հանգամանքներից, եւ մենք չենք կարող իրականություն դարձնել որեւէ նպատակ, եթե այն նույնիսկ շատ գայթակղիչ է, շատ ցանկալի՝ առանց հաշվի առնելու այն իրողությունները, որոնք շրջապատում են մեզ: Այդուհանդերձ, չնայած այդ կոչի պարունակած ռոմանտիզմին, դրան ծանոթանալն ինձ համար շատ հետաքրքիր էր: Ավելին, ես երկար տարիներ է՝ ճանաչում եմ այն լրագրողներին, որոնք հանդես են եկել նման կոչով, եւ կարծում եմ՝ այդ ուղղությամբ ցանկացած քայլ արժանի է հարգանքի եւ ուսումնասիրության»,- ասաց Ա. Ալիեւը: Արդյոք «շատ հանգամանքների» մասին խոսելիս Բաքվի մեր գործընկերը նկատի ուներ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ժողովրդավարության ցածր մակարդա՞կը, ԶԼՄ-ների գերակշիռ հատվածի՝ իշխանությունների վերահսկողության տակ գտնվելու հանգամա՞նքը: «Այն, ինչ թվարկեցիք, անշուշտ, մեծապես ճշմարիտ են, բայց եթե միայն դրանք լինեին իմ ասած հանգամանքները, դա դժբախտության կեսը կլիներ: Մեր, մասնավորապես, էլեկտրոնային ԶԼՄ-ները իսկապես կախված են իշխանություններից եւ շատ դեպքերում կատարում են քաղաքական պատվերներ կամ գտնվում են այդպիսի տրամադրությունների ազդեցության տակ, այդ քաղաքական ուժերի համակիրներ են: Դա վերաբերում է մասնավորապես էլեկտրոնային ԶԼՄ-ներին, որոնք ընդգրկում են երկրի ավելի քան 96 տոկոսը: Մենք բազմաթիվ անգամ բախվել ենք այն իրականության հետ, երբ լրագրողները որեւէ խնդրի լուծման ուղղությամբ մեծ ջանքեր են թափել, բայց կան սահմաններ, որոնցից այն կողմ լրագրողների ջանքերն ապարդյուն են: Նման կոչերի եւ նախաձեռնությունների իրականացման համար, բացի լրագրողների ջանքերից, անպայմանորեն պետք է, որ այդ ուղղությամբ նաեւ քաղաքական քայլեր լինեն: Օրինակ՝ 8-10 տարի առաջ ադրբեջանցի եւ հայ լրագրողների համար ավելի հեշտ էր այցելել հարեւան պետություններ, անձամբ տեսնել այն իրավիճակը, որը տիրում է այդ երկրներում, զրուցել մարդկանց հետ, ինչը շատ կարեւոր է: Ռեալ, ճշմարտացի տեղեկությունն առաջ գնալու գլխավոր նախապայմանն է: Այսինքն՝ ձեր մատնանշած նախաձեռնությունը շատ լուրջ, կիսափիլիսոփայական, կիսաքաղաքական, կիսամասնագիտական խնդիր է, որը, իհարկե, անհրաժեշտ է վարել, բայցեւ՝ հաշվի առնելով, որ դա մեծ ջանքեր եւ միջոցներ է պահանջում, եւ դրա համար անհրաժեշտ է, որ նման դիրքորոշում ունենան ոչ միայն լրագրողները, այլեւ քաղաքական գործիչները, նաեւ՝ հասարակական տրամադրությունները»:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը այս նախաձեռնության առնչությամբ հռետորական հարցադրում արեց. «Եթե Շուշիի ազատագրման մասին տեսանյութ է ցուցադրվում Հայաստանում կամ Ղարաբաղում՝ դա թշնամության տարածո՞ւմ է, թե՞ ոչ», ապա հավելեց, թե՝ այդ հարցով պարոն Բաղդասարյանն առաջին հերթին եւ գրեթե ամբողջությամբ պիտի դիմի ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնցից շատերին նա ճանաչում է: «Ես կարող եմ խոսել «Երկիր Մեդիայի» մասով: Կարծում եմ՝ դա կոչով կամ ինչ-որ ակցիայով չի արվում: Ռասայական խտրականությունը, ազգամիջյան թշնամանք սերմանելը նույնիսկ օրենքով են արգելված: Եվ եթե «Երկիր մեդիան» անդրադառնում է Թուրքիային կամ Ադրբեջանին, կամ ղարաբաղյան ազատամարտին, ապա դա անում է հարգանքով, ոչ թե հայհոյանքով, եւ դրա հետ մեկտեղ հնարավորինս լայն տեղեկատվություն է տալիս հարեւան երկու երկրներում տեղի ունեցող կամ Հայաստանին առնչվող զարգացումների մասին: Ինչ վերաբերում է քարոզչական պատերազմին, ապա՝ այո, պատերազմ ընթանում է, որովհետեւ հրադադարի եւ ոչ թե խաղաղության պայմանագիր է կնքված: Իսկ ցանկացած նման զինադադարային երկրում աբսուրդ կլիներ, եթե քարոզչական պատերազմ չլիներ: Դա թուլության մասին կխոսեր: Պետք է անկեղծ լինենք եւ ընդունենք, որ այդ տեղեկատվական պատերազմի հիմնական նախաձեռնողն էլ ադրբեջանական եւ թուրքական կողմն է, իսկ մեր՝ հայկական լրատվական գործակալությունները, ցավոք, շատ հաճախ ընկնում են հենց այդ տեղեկատվական պատերազմի թակարդը եւ արտատպում ու վերահրապարակում են ապատեղեկատվություններ»,- հայտարարեց Գ. Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել