Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՀՈԳԻԴ, ԿԱՄՔԴ ՊԻՆԴ ԵՆ»

Մայիս 11,2010 00:00

Հարցազրույց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ

– ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց նախաձեռնելու կոչով դիմել է Սփյուռքի հայկական կազմակերպություններին. ինչպե՞ս եք վերաբերվում նման գործընթաց սկսելուն:
– Ես, ընդհանրապես, ԼՂՀ-ն Հայաստանին միացման կողմնակից եմ, եւ 1988-ի պայքարն էլ «Միացում» կարգախոսով ենք սկսել: Ղարաբաղն էլ է Հայաստան. միշտ էլ եղել է Հայաստանի մի մասը եւ պետք է, որ այդպես էլ լինի:
– Այդ դեպքում, ինչո՞ւ ինքներդ հենց Ղարաբաղում չեք նախաձեռնում նման գործընթաց:
– Մեկ-երկու տարի առաջ նման մի քննարկում կազմակերպեցինք, որին ներկա էին նաեւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: Անկեղծ ասած, մեր բերած փաստարկներին նրանցից ոչ մեկը չկարողացավ ընդդիմանալ, ոչ էլ կարողացան հիմնավորել, թե, ըստ իրենց, ինչո՞ւ պիտի Ղարաբաղն անկախանա: Մենք մեր տեսակետին պինդ կանգնած ենք եւ երբեք էլ չենք հրաժարվի, բայց, մյուս կողմից՝ ասողին էլ լսող է պետք: Մեզնից կախված ամենն անում ենք. մարդկանց հետ զրուցում ենք, բացատրում, որ ճիշտը միանալն է: Ու պիտի ասեմ, որ ժողովուրդը լավ էլ ընդունում է մեր տեսակետը, քանի որ այն ժամանակ ոչ ոք չէր մտածում անկախության մասին: Եթե պատերազմի ժամանակ մեկին հարցնեիր՝ անկախության համա՞ր ես կռվում, վրադ կծիծաղեին, որովհետեւ բոլորը գիտեին, որ նպատակը միացումն է: Հիմա ինչ-որ սուտ գաղափարներ են մտցնում:
– Երկու հայկական պետության գոյությամբ հայ ազգը պառակտվո՞ւմ է:
– Ի վերջո, այո: Հիմա այդ գործընթացը չի երեւում, կոծկված է: Ճիշտ է, Ղարաբաղն Ուկրաինա չի դառնա, բայց կարծում եմ, տեղին է ռուսների օրինակը բերել. Ռուսաստանը Կիեւից սկսվեց, նույն ժողովուրդն է, բայց այսօր ոնց որ ոխերիմ թշնամիներ լինեն: Կիսվելը, ի վերջո, դա է: Ասենք, մի հիսուն տարի հետո ես չեմ բացառում, որ ղարաբաղցիները սկսեն մտածել, որ իրենք հայ չեն, ղարաբաղցի են, կամ էլ հակառակը՝ Հայաստանի հայը Ղարաբաղի հային հայ չհամարի: Էսպիսի հարցեր էլ կան: Ինչպես ասում են, խոսքն «առնում է»: Առաջ «ազատագրված տարածքներ» էր, հետո ասվեց՝ «գրավյալ», ու կամաց-կամաց սկսեցին հանգիստ ասել ու գրել «գրավյալ տարածքներ», այսինքն՝ փաստորեն, քոնը չի, գրավել ես: Ու դա շատ լավ աշխատում է: Դրանք ազատագրված են, ազատագրել ենք, բայց որ տարածք է՝ տարածքն ի՞նչ է, բիզնեսի բառ է՝ առնում են, ծախում, բան ես սարքում, որ ավելի թանկ ծախեն, բայց դա հայրենիք է, տարածք չի: Այո, ամեն խոսքն էլ աշխատում է եւ, որ կիսես, ի վերջո աշխատելու է:
– Այո, բայց այդ տարանջատման հիմքը դրվեց եւ լավ խորացավ հենց ծագումով ղարաբաղցի Հայաստանի նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Այսինքն՝ նախապես ծրագրավորվա՞ծ էր:
– Ես չէի ասի, թե միայն Ռոբերտի կողմից է, թիմի կողմից է՝ Լեւոն, Ռոբերտ:
– Սերժ Սարգսյանն այդ թիմից չէ՞:
– Քանի տարի է՝ իրար հետ էին, կարո՞ղ է իմ թիմից է:
– Ըստ Ձեզ, Հայաստանի երեք նախագահները համաձայնեցվա՞ծ են աշխատում:
– Չէ, վերջերս նույնիսկ շատ անհամաձայն են միմյանց հետ, չեմ ուզում այդ թեմայի մեջ խորանալ, բայց հենց սկզբից նույն թիմն էր:
– Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո շատերը կանխատեսում են, որ ԼՂՀ խնդրի կարգավորման դաշտում աշխուժացում կլինի, Հայաստանի վրա ճնշումներ կլինեն, անգամ խոսվում է, որ Մեդվեդեւի՝ Թուրքիա այցից հետո Հայաստանին կոնկրետ գործողությունների ժամանակացույցն է առաջադրվելու. լուրջ վերաբերվո՞ւմ եք նման խոսակցություններին:
– Առաջարկվող լուծումները հայկական կողմին ձեռնտու չեն, իսկ Ռուսաստանին ձեռնտու չէ հայկական կողմի թուլացումը: Ես, ընդհանրապես, էսպես եմ պատկերացնում. մենք երբ հոգեպես պատրաստ լինենք՝ կվերադարձնենք հողերը, իսկ եթե չցանկանանք տալ՝ չենք տա: Այսինքն՝ խնդիրը մեր մեջ է, մեզ ճիշտ պահելու: Էդ գերտերություն կոչվածների նիստ ու կացն էլ գիտենք, բայց, ամեն դեպքում, մարդու կամքի գործոնը շատ մեծ բան է, չի կարելի անտեսել: Հոգեւորն է երկիր կառուցում. եթե հոգիդ, կամքդ պինդ են՝ ամեն ինչ նորմալ է, եթե չէ…
– Իսկ պատերազմի վերսկսումը հավանական համարո՞ւմ եք:
– Էդ պատերազմը, ի վերջո, լինելու է. ե՞րբ, ի՞նչ ձեւով՝ չեմ կարող ասել, բայց կարող է մի օր սկսվի, մեկ շաբաթում մտնենք Բաքուն գրավենք, եւ՝ վերջ:
– Հարցի վերջնական լուծումը պատերազմո՞վ եք պատկերացնում:
– Երեւի:
– Ի՞նչ կցանկանաք եւ ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:
– Հոգեւոր վերելք. դա ամեն ինչ իր ճիշտ տեղն է բերում: Մնացյալը միջոց է: Մենք «շողուլից ընկել ենք», միջոցներն ու նպատակները խառնել ենք, փողը դարձրել ենք կուռք, կորցրել ենք մարդկային դեմքը: Միայն հոգեւոր վերելքը կփրկի մեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել