Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 08,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներորդ

ԱԶՆՎԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ

Եվ Նինան մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բայց դո՞ւ Մեժիրովի հետ ինչ կապ ունես», եւ ես ասացի՝ «մոռանում ես, որ Մեժիրովը մեր խմբի ղեկավարն ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմա հիշեցի», եւ ես ասացի՝ «համ էլ՝ ինքն իմ բանաստեղծությունները հավանում ա», եւ Նինան ծիծաղելով հարցրեց՝ «Ալեքսան Պետրովիչը հայերեն գիտի՞», եւ ես ասացի՝ «տողացիներս ա կարդացել. որ էդ տողացիները քննարկում էինք, կարդացել ու ահագին հավանել էր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լսել եմ. ասում են՝ էդ քննարկումդ շատ լավ ա անցել», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞վ ա ասել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չար լեզուները» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «քո էդ Բրիկսինան», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հիմա հասկացա», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ հասկացար», եւ ես ասացի՝ «Տանյան, Կոսմաչեւսկին ու Դագուրովն էլ էին Մեժիրովի հեղինակային երեկոյին եկել», եւ Նինան մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ես Ալեքսան Պետրովիչից շատ նեղացած եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, ինքը բոլորիդ հրավիրատոմս ա տվել՝ բացի ինձանից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի սրտնեղած ասաց՝ «երեւի ինքն էլ ա ինձ պրոֆեսիոնալ քարտուղարուհի համարում» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «դրա համար էլ մինչեւ հիմա ասպիրանտուրայիս հարցը չի լուծվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ռեկտորի քարտուղարուհի աշխատելդ պիտի որ ասպիրանտուրայիդ հարցում դրական դեր խաղա», եւ Նինան մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ես էլ էի մի ժամանակ էդպես կարծում» եւ մի քիչ էլ մտածեց ու հուսահատ ավելացրեց՝ «պարզվում ա՝ ճիշտ հակառակն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «արի ուրախ բաներից խոսենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «բայց ինչի՞ էիր Սամսոնին խաբում, թե Մեժիրովի հետ բիլիարդ ես խաղացել», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ խաբել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «չորս թե հինգ անգամ խաղացել ենք», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ եք խաղացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «իրա դաչայում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, էլիտայի ներկայացուցչի հետ եմ նստել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ոչ միայն նստել, այլեւ՝ պառկել էլ ես», եւ Նինան ժպտալով բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «էլիտայի ներկայացուցչի կենացը», եւ ես բաժակս իր բաժակին խփելով ասացի՝ «ապագա պրոֆեսորի կենացը», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մեր կենացը» ու մի քանի կում խմեց, եւ ես ասացի՝ «մեր կենացը» եւ խմեցի, եւ Նինան դեմքը ծամածռելով ասաց՝ «կոնյակից հետո էս օղու համը մի քիչ տարօրինակ ա», եւ ես Նինայի բերանը մի հատիկ զեյթուն դնելով ասացի՝ «կամաց-կամաց օղուն էլ կվարժվենք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «Աստծո տվածով պիտի բավարարվենք ու գոհանանք», եւ ես Նինայի ձեռքը բռնելով ասացի՝ «Սամսոնի հետ շփվելով՝ իսկական փիլիսոփա դառար», եւ Նինան ձեռքը հետ քաշելով ասաց՝ «Սամսոնը գալիս ա», եւ Սամսոնը մատուցարանով հայտնվելով ու ֆիլեները մեր առաջ դնելով ասաց՝ «բարի ախորժակ» եւ ժպտալով ավելացրեց՝ «այլեւս ձեզ չեմ անհանգստացնի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «շնորհակալություն», եւ ես ասացի՝ «շնորհակալություն», եւ երբ Սամսոնը գնաց, ես Նինային ասացի՝ «երեւի սխալ ենք նստել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞նց ենք սխալ նստել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես պիտի քո տեղը նստեի, դու՝ իմ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ ես ասացի՝ «ավելի լավ ա՝ դահլիճից ինձ տեսնեն, քան՝ քեզ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իսկապես խանդոտ ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուզում ես մեջքով դեպի դահլիճը նստեմ, որ նստածներն ու անցուդարձ անողներն ինձ չնայե՞ն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նաեւ ուզում ես, որ ինքս դահլիճում նստածներին ու անցուդարձ անողներին չնայեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «զարմանալի ա, որ էդ խելքով ասպիրանտուրա չես ընդունվել», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ուզում ես, որ նստածներն ու անցուդարձ անողները քե՞զ նայեն», եւ ես Նինայի ձեռքը բռնելով ասացի՝ «ճիշտ հակառակը», եւ Նինան հարցրեց՝ «այսինքն», եւ ես ժպտալով ասացի՝ «ես եմ ուզում իրանց տեսնեմ», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ես ուզում տեսնես», եւ ես ժպտալով ասացի՝ «հենց մեր կողմ նայող կամ մեր կողմ եկող լինի, անմիջապես ձեռքդ բաց կթողնեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փոխանակ ձեռքս բռնելու մասին մտածես, բաց թողնելու մասին ես մտածում» եւ մի քիչ էլ մտածեց ու տեղից վեր կենալով ավելացրեց՝ «արի տեղներս փոխենք», եւ ես ժպտալով ասացի՝ «ֆիլեն ուտենք՝ հետո», եւ Նինան ժպտալով ասաց՝ «տեղներս փոխենք, որ հանգիստ ուտենք», եւ երբ իմ բաժին ֆիլեն վերցնելով տեղիցս վեր կացա, Նինան ծիծաղելով ասաց՝ «խանդից խելքդ լրիվ թռցրել ես» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «էս ֆիլեներին դեռ ձեռք չենք տվել. ինչի՞ ես էդ ֆիլեները տեղափոխում», եւ ես Նինայի տեղը նստելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «իմ ֆիլեն դու կուտես, քոնը՝ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «խելքս լրիվ թռցրել եմ», եւ Նինան տեղս նստելով հարցրեց՝ «խանդի՞ց», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «սիրուց», եւ Նինան մեր բաժակները փոխելով ասաց՝ «բաժակները կարելի ա փոխել» եւ իր բաժակը բարձրացնելով հարցրեց՝ «սիրո կենացը խմե՞նք», եւ ես բաժակս բարձրացնելով ասացի՝ «խմենք, որ ախորժակով ուտենք» եւ բաժակս իր բաժակին խփելով ավելացրի՝ «սիրահարվածների կենացը», եւ Նինան բաժակը բաժակիս խփելով ասաց՝ «խանդողների կենացն էլ» եւ մինչեւ վերջ խմեց, եւ ես ժպտալով ասացի՝ «սիրողների ու խանդողների կենացը» ու մինչեւ վերջ խմեցի, եւ Նինան ձեռքերը շփելով ասաց՝ «հիմա էս արյունոտ ֆիլեն կհոշոտենք» եւ դանակն ու պատառաքաղը վերցնելով՝ սկսեց իր ֆիլեն կտրատել, ու ես էլ անցա իմ ֆիլեին, եւ բավական ժամանակ լուռ ուտում էինք, եւ երբ մեր ֆիլեների քառորդ մասն արդեն հոշոտել էինք, ես ժպտալով ասացի՝ «էս լռությունն էլ մի բան չի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ուտելու ժամանակ նույնիսկ համրերն են լռում», եւ ես ժպտալով ասացի՝ «համրերն արդեն կշտացան», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մի քիչ խոսենք, հետո էլի կուտենք», եւ ես ժպտալով ասացի՝ «սիրահարված մարդիկ շատախոս են դառնում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խանդողներն էլ պակաս շատախոս չեն», եւ ես ժպտալով ասացի՝ «առաջինը դո՛ւ Տանյայի հաշվով խանդեցիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Տանյայի հաշիվն արդեն փակված ա, բայց Սամսոնինը նոր-նոր ա սկսվում», եւ ես ժպտալով ասացի՝ «Սամսոնի հաշիվն էլ կփակենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «նույնիսկ ռեստորանում նստածներին ու անցուդարձ անողներին ես խանդում», եւ ես ասացի՝ «ռեստորանում համարյա մարդ չմնաց» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «երեւի բոլորը պոեզիայի էդ երեկոյին գնացին», եւ Նինան շրջվելով ու հատուկենտ նստածներին նայելով ասաց՝ «էս մնացողները երեւի մեզ պես պոեզիայից հեռու մարդիկ են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կամ էլ՝ հրավիրատոմսերը տանն են մոռացել», եւ ես ժպտալով ասացի՝ «կամ էլ՝ մեզ պես սիրահարված են», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «ո՞ւմ են սիրահարված. Բրիկսինայի՞ն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չէ. Պոտյոմկինային», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ազգանո՞ւնս որտեղից գիտես», եւ ես, իհարկե, չասացի, որ էդ օրն իր դարակները քչփորել ու բանաստեղծությունները կարդացել եւ իր Նինա Պոտյոմկինա անունն ու ազգանունն անխտիր բոլոր բանաստեղծությունների տակ տեսել էի, ու էդ հանգամանքը թաքցնելով՝ Նինային ասացի՝ «հետաքրքրվել՝ իմացել եմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շա՜տ հետաքրքրասերն ես» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «սովորաբար, քարտուղարուհիներն ազգանուն չեն ունենում», եւ ես ժպտալով ասացի՝ «դու սովորական քարտուղարուհի չես, Նինա Պոտյոմկինա» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «դու չքնաղ զրահանավ ես», եւ Նինան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «ես ազնվական ծագում ունեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես չէի էլ կասկածում», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «հեչ մտքովդ կանցնե՞ր, որ ազնվական ծագում ունեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «զգացվում էր», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց էր զգացվում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քո հպարտ կեցվածքից» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ քո ազնվական կեցվածքից», եւ Նինան փռթկացնելով հարցրեց՝ «ազնվական կեցվածքս տեղաշորի մեջ ե՞ս տեսել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ազնվական կեցվածքն ընենց բան ա, որ նույնիսկ տեղաշորի մեջ չես կարա թաքցնես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դաժան ժամանակներ ենք ապրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ազնվականները քարտուղարուհի են դառել», եւ ես ժպտալով ասացի՝ «ամեն դեպքում, քո ծագման համար պիտի հպարտանաս», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ ծագման համար դու ավելի պիտի հպարտանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «արդեն քանի գիշեր ա՝ ազնվականի հետ ես քնում», եւ ես ժպտալով ասացի՝ «էս գիշերն էլ դեմներս ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «նախապես ոչինչ պետք չի պլանավորել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ ազնվականների հետ կապված», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի օր առաջ մտքովս էլ չէր անցնի, որ կարող ա ազնվական ընկերուհի ունենամ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր պատմության ուսուցիչն ասում էր, որ Կլինի իշխան Պոտյոմկինն իմ նախապապերից ա էղել», եւ ես հարցրի՝ «ինքն էդ բաները որտեղի՞ց գիտի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը պատմության հետ կապված ամեն ինչ գիտի», եւ ես հարցրի՝ «հիմա ինքը կա՞», եւ Նինան ծիծաղելով հարցրեց՝ «իշխան Պոտյոմկի՞նը», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պատմության ուսուցիչը», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էդ պատմության ուսուցիչը հիմա Կլինի դպրոցի տնօրենն ա ու ամեն ինձ տեսնելիս համոզում ա, որ իրենց դպրոցում ուսուցչուհի աշխատեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «երեւի վրեդ աչք ունի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը քեզնից մի քանի տարով մեծ ա, բայց մինչեւ հիմա չի ամուսնացել», եւ ես ժպտալով ասացի՝ «հաստատ վրեդ աչք ունի», եւ Նինան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «առաջին տարին որ չընդունվեցի ու դպրոցում ջոկատավար էի աշխատում, ինքը մի քանի անգամ ինձ առաջարկություն արեց», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, տնօրենին մերժել ես», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էն ժամանակ դեռ ուսմասվար էր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պարզ ա, որ իշխանուհին ուսմասվարին պիտի մերժեր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, իշխանուհուց քարտուղարուհի մի քայլ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խեղճ իշխան Պոտյոմկինի մտքով կանցնե՞ր, որ իր հետնորդները քարտուղարուհի են դառնալու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինքը երեւի չի էլ իմացել՝ քարտուղարուհին ինչ բան ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը քարտուղարուհու պես բաներ լիքը ունեցած կլինի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դժվար թե քարտուղարուհի ունենար», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, քարտուղարուհին նույն բատրակն ա, մենակ թե՝ իգական սեռի», եւ ես ժպտալով ասացի՝ «բատրակ ծնվում են. չեն դառնում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես հաջողացրի դառնալ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ժամանակավոր բան ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ Պոտյոմկինների ազնվական լինելն էր ժամանակավոր», եւ ես ժպտալով ասացի՝ «կընդունվես ասպիրանտուրա, ազնվականությունդ կվերականգնես», եւ Նինան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «մեր ժամանակներում ասպիրանտուրա ընդունվելը բատրակների համար ավելի հեշտ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով ա ավելի հեշտ», եւ Նինան ասաց՝ «քծնանքի իմաստով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համապատասխան առարկաների դասախոսներին որ մի քիչ քծնեի, ասպիրանտուրայիս հարցերը վաղուց լուծված կլինեին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ստիպված պիտի ընտրություն կատարես», եւ Նինան հարցրեց՝ «ի՞նչ ընտրություն», եւ ես ժպտալով ասացի՝ «բատրակության ու ազնվականության միջեւ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս անգամ էլ որ ասպիրանտուրայիս հարցն առանց նվաստացման չլուծվի, թքելու եմ գնամ Կլին», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «տնօրենի հետ կամուսնանաս ու դասատու կաշխատես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «եթե կարծում ես, թե դա իմ ամենավատ տարբերակն ա, չարաչար սխալվում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հեչ վատ տարբերակ չի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ամենաանհաջողը էս տարբերակն ա» եւ դիմացի պատին նայելով ավելացրեց՝ «դու քեզ համար էդտեղ նստած աջուձախ նայում ու զվարճանում ես, իսկ ես էսպես մեջքով նստած՝ ստիպված եմ շարունակ էս հիմար մոզաիկային նայել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ մոզաիկա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «դու որ էստեղ՝ իմ տեղում էիր նստած, ո՞ւր էիր նայում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «քեզ էի նայում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «բա ե՞ս ուր նայեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ ինձ պիտի նայես», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «հենց ուզում եմ քեզ նայեմ՝ էս անհեթեթ մոզաիկան ուշադրությունս շեղում ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ մոզաիկա», եւ Նինան զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «իսկապե՞ս էս անհեթեթ տեսարանը չես տեսել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես, ի տարբերություն քեզ, ոչ թե պատին էի նայում, այլ՝ Նինա Պոտյոմկինային», եւ Նինան հետեւիս պատն ավելի ուշադիր զննելով ասաց՝ «չես էլ ուզո՞ւմ էս անհեթեթ տեսարանը տեսնես», եւ ես տեղիցս վեր կենալով ասացի՝ «հիմա կտեսնեմ» եւ պատի դիմաց կանգնած՝ բավական ժամանակ էդ պատն էի ուսումնասիրում ու էդ պատի բովանդակությունն էի փորձում ընկալել, եւ քանի որ էդ պատն ու էդ տեսարանն ահավոր մեծ էին, ես հետ-հետ քայլելով՝ ահագին հեռացա մեր սեղանից, որպեսզի ողջ տեսարանն ու ողջ պատը տեսադաշտիս մեջ տեղավորվեն, եւ երբ արդեն տեղավորվել էին, եւ երբ արդեն մեր սեղանից էնքան էի հեռացել, որ ընդհուպ մոտեցել էի բանկետի երկարուձիգ սեղանին, Սամսոնն ինձ տեսնելով զարմացած հարցրեց՝ «որեւէ բա՞ն է պատահել, Առմեն դժան», եւ ես ժպտալով ասացի՝ «չէ. էս մոզաիկան եմ ուսումնասիրում», եւ Սամսոնը զարմացած հարցրեց՝ «այսքան հեռվի՞ց», եւ ես ժպտալով ասացի՝ «էսքան հեռացա, որ ամբողջական տեսնեմ», եւ Սամսոնը միանգամայն լուրջ ասաց՝ «այս տեսարանը հատկապես արտասահմանցիների ուշադրությունն է գրավում», եւ Նինան, որ էդ պահին արդեն մեր կողքին էր, Սամսոնին ասաց՝ «Արմենն էլ ա արտասահմանցի», եւ Սամսոնը ժպտալով Նինային ասաց՝ «կուրիցա նի պծիցա, Արմենիա նի զագրանիցա» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «այս տեսարանն իսկապես արտասահմանցի հյուրերին շատ է հետաքրքրում» եւ մի քիչ էլ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «սոցռեալիստական ստեղծագործություն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սիմվոլիստական որոշ շեղումներով», եւ Նինան ժպտալով Սամսոնին հարցրեց՝ «իսկ այս գլուխգործոցի հիմնական գաղափարը ո՞րն է», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով Նինային ասաց՝ «դուք ոչ թե պատկերասրահ եք եկել, այլ՝ ռեստորան» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ես էլ ոչ թե արվեստաբան եմ, այլ ընդամենը՝ մատուցող», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «մատուցող եք, բայց արվեստաբաններից լավ եք բացատրում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ինձ ավելի լավ կզգայի, եթե դուք մեր պատրաստած ֆիլեներով այսպես զմայլվեիք» եւ մի քիչ էլ մտածեց ու հանդիմանանքով ավելացրեց՝ «ձեր ֆիլեները կուսական վիճակում են. երեւի չեք էլ դիպչել», եւ Նինան արդարանալով ասաց՝ «ահագին կերանք», եւ Սամսոնը հանդիմանանքով ասաց՝ «դուք ավելի շատ խոսում էիք, քան՝ ուտում», եւ Նինան ժպտալով ինձ ասաց՝ «մեզ հետեւում են, Արմեն», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «տեղերով էլ փոխվել եք», եւ Նինան մոզաիկան ցույց տալով ասաց՝ «տեղս փոխեցի, որ էս հիասքանչ տեսարանը միշտ աչքիս առաջ լինի», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «ձեւով սիմվոլիստական, բովանդակությամբ՝ սոցռեալիստական» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «այս պաննոն հիմնականում տուրիստների ուշադրությանն է արժանանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ուսերը թոթվելով ասաց՝ «անկեղծ ասած, ես այս պաննոյի գեղարվեստական արժեքը չեմ ընկալում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «առավոտից իրիկուն աչքներիդ առաջ է, դրա համար էլ արժեքը չեք ընկալում», եւ Սամսոնը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ազատ ժամանակ ունենամ, մանրակրկիտ կուսումնասիրեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «անհույս բան է», եւ Սամսոնը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչն է անհույս», եւ Նինան ժպտալով Սամսոնին ասաց՝ «դուք երբեւէ ազատ ժամանակ չեք ունենա», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «իբր իմ հոգսերը քիչ են, հաճախորդներն էլ մյուս կողմից են հոգսս ավելացնում», եւ Նինան հարցրեց՝ «ո՞նց են ավելացնում», եւ Սամսոնը ժպտալով ասաց՝ «իրենց բաժին ֆիլեները չուտելով» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ուտեք չուտեք, միեւնույն է, գումարը վճարելու եք, Առմեն դժան», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզեք չուզեք, միեւնույն է, ուտելու ենք», եւ Նինան ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ շատ համեղ է», եւ Սամսոնը Նինային ժպտալով ասաց՝ «հեչ չի զգացվում», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ց պիտի զգացվեր», եւ Սամսոնը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ձեր ֆիլեներն ի սկզբանե ինչպես կային՝ էդպես էլ մնացել են», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ի սկզբանե ֆիլեն էր», եւ Սամսոնը հիացմունքով Նինային նայելով հարցրեց՝ «միգուցե տանեմ նորի՞ց տաքացնեմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շնորհակալ ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի լավ է՝ Ալեքսան Պետրովիչի բանկետի սեղանով զբաղվեք», եւ Սամսոնը ժամացույցին նայելով ասաց՝ ճիշտ եք ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իսկ դուք ձեր ֆիլեներով լրջորեն զբաղվեք, որպեսզի խիղճս հանգիստ լինի», եւ մենք վերադարձանք մեր տեղերը, եւ Նինան նորից մոզաիկային նայելով ասաց՝ «նորից պիտի տեղս փոխեմ» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «էս տեսարանն արդեն ներվերիս վրա շատ ուժեղ ա ազդում», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «չեմ հասկանում՝ ինչի՞ ենք դեմդիմաց նստել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «բա ո՞նց նստենք», եւ ես ժպտալով ասացի՝ «որ կողքս նստես, համ էդ տեսարանը չես տեսնի, համ էլ իրար ավելի մոտիկ կլինենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խելքներս լրիվ թռցրել ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էդ հասարակ բանը հասկանալու համար առանձնապես մեծ խելք պետք չէր» եւ իր ֆիլեն ու մյուս պարագաները տեղափոխելով ու կողքս նստելով ասաց՝ «համ էլ՝ դահլիճի անցուդարձն աչքիս առաջ կլինի», եւ ես ասացի՝ «բայց ոչ մի անցուդարձ չկա», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մի ժամից կսկսվի», եւ ես հարցրի՝ «մի ժամ նստելո՞ւ ենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես հաստատ նստելու եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե դու որեւէ տեղ ես շտապում, կարող ես գնալ», եւ ես ասացի՝ «ինձ որ մնա՝ մինչեւ տասներկուսն էլ կմնանք», եւ Նինան ժպտալով ասաց՝ «էդպես էլ կանենք» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ես անպայման պիտի մնամ, որպեսզի Ալեքսան Պետրովիչին նեղացածությունս հայտնեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ նեղացածություն», եւ Նինան վրդովված ասաց՝ «ամեն պատահական մարդու հրավիրատոմս ա տվել, բայց ինձ չի տվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու լավ ես պրծել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ լավ պրծել», եւ ես ժպտալով ասացի՝ «որ քեզ հրավիրատոմս տված լիներ, հիմի ինքը պիտի քեզանից նեղանար, որ իրա երեկոյին չես գնացել», եւ Նինան մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «բայց ինչի՞ ես կարծում, որ չէի գնա», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ կմոռանայիր», եւ Նինան ավելի զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի մոռանայի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ո՞նց էի մոռացել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ինձնով գայթակղվել՝ մոռացել էիր», եւ ես ժպտալով ասացի՝ «դու էլ պակաս չէիր գայթակղվել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ հրավիրատոմս ունենայի, երեւի էդ հրավիրատոմսով կգայթակղվեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ոչ թե երեւի, այլ՝ հաստատ»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել