Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ. ԴԵՐՍԻՄ

Մայիս 08,2010 00:00

Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմը գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք, հյուսիսից՝ Երզնկան է, հարավից՝ Խարբերդը, արեւելքից՝ Բինգյոլ-Մուշը, եւ արեւմուտքից՝ Սեբաստիան: Երեք կողմից շրջապատված է Եփրատով:
Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Դերսիմի հյուսիսում՝ պատմական Եկեղյաց գավառում էին գտնվում հայոց հեթանոսական աստվածների՝ Արամազդի, Անահիտի ու Միհրի մեհյանները: Շրջանը քեմալական իշխանության օրոք վերանվանվեց Թունչելի: Պատմական Դերսիմը բաժանված էր երկու մասի՝ Դաշտային եւ Լեռնային: Դաշտայինն ընդգրկում էր հայ, քուրդ եւ ղզլբաշ բնակչություն ունեցող Դերջանի ու Չարսանճագի գավառները, իսկ Լեռնայինը՝ Խութաց ձորն ու Տուժիկ Պապա լեռը, ըստ Խորենացու՝ Առյուծ լեռը (տես՝ Վահագն Գարագաշյանի «Դերսիմը եւ հայերը»):
Ըստ թուրքական աղբյուրների՝ այս շրջանում առայսօր պահպանվում է 107 եկեղեցի եւ 50 վանք: Չնայած այս երկրամասը հայկական թագավորների եւ արքայատոհմերի հովանու ներքո է եղել երկար ժամանակ, սակայն երբեք չի եղել զուտ հայաբնակ վայր:
Կ.Պոլսո Հայոց պատրիարքության հաշվումներով՝ Դերսիմի շրջանում առաքելական եկեղեցու ծուխն ունեցել է 16657 անձ (հայ):
Օտարազգի պատմաբանները հաստատում են, որ 17-րդ դարից սկսած՝ Բինգյոլի, Սեբաստիայի, Երզնկայի ու Խարբերդի շրջաններում ապրող հայերը, չդիմանալով օսմանյան թուրքերի ճնշումներին, հաստատվում էին Դերսիմում եւ կրոնափոխվելով՝ ընդունում ղզլբաշություն: Դաշտային Դերսիմում կային 100-ից ավելի հայ-ղզլբաշ խառն գյուղեր, որոնց թվի մասին պատմական հստակ տեղեկություններ չկան: Դաշտային Դերսիմի կամ Չարսանճագի հայության թիվը գնահատվում էր 40 հազար (Գ. Երեւանյան, «Պատմություն Չարսանճագի հայոց»): Ուրեմն՝ մոտավոր հաշվարկներով Դերսիմի Դաշտային եւ Լեռնային հայ բնակչության թիվը 50-75 հազար կլիներ: Հայոց ցեղասպանության օրերին դերսիմցիք չմասնակցեցին հայերի ջարդին, ինչպես սուննի իսլամ քրդերը: Դերսիմցիք իրենց մոտ ապաստան տվին ջարդերից ճողոպրած 30-40 հազար հայերի:
Գաղտնիք չէ, որ այսօր Թուրքիայում քիչ չեն հայերը, որոնք ընդունել են իսլամ՝ դրանով ապահովելով իրենց գոյությունը: Մահմեդականացված, սակայն ազգային ինքնությունը չկորցրած, իրենց հայկական արմատներին վերադառնալ ցանկացող հայության մի մեծ զանգված այսօր ապրում է Թուրքիայում, կոնկրետ՝ Դերսիմում: Հայերին ջարդերից փրկել եւ ապաստան են տվել դերսիմցիները, ովքեր դավանանքով ալեւիներ, իսկ ազգային պատկանելությամբ իրենց համարում են առանձին ժողովուրդ՝ յուրօրինակ մշակույթով ու հավատալիքներով: Նրանց հավատքը, կարելի է ասել, հավաքական է, որովհետեւ իր մեջ կրում է տարբեր կրոններից, աղանդներից ու ուղղություններից տարրեր:
Այսպիսով, 1915թ. Հայոց ցեղասպանության տարիներին շատ հայեր (տարբեր տվյալներով՝ 20-50 հազար) ապաստան գտան Դերսիմի ալեւիների մոտ: «Թուրքիայի դերսիմցի ալեւիների հետ մեր անձնական շփումների արդյունքում տեղեկացել ենք, որ, օրինակ, մինչեւ այսօր էլ նրանց շրջանում տարածված է մի դարձվածանման միտք՝ «Մեր տան հայը», որը կարելի է ընդունել իբրեւ հայերին իրենց տներում ապաստան տալու ուղղակի վկայություն եւ հիշողություն»,- իր հոդվածում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Հայության մի փոքր հատված կարողացավ խույս տալ ջարդերից, սակայն 1938թ. թուրքական պետությունը կոտորած կազմակերպեց Դերսիմում եւ թուրքական բանակի թիրախը 1915-ին այնտեղ ապաստանած հայերն էին: «1915-ին կիսատ թողածը շարունակեցին 1938-ին, եւ այդ կոտորածի ժամանակ սպանվեցին բավական մեծ թվով կրոնափոխ հայեր»,-գրում է Ռ. Մելքոնյանը:
Դերսիմի ալեւի հայերը իրոք կան, գոյություն ունեն, նրանք, ի տարբերություն համշենահայերի, ունեն ազգային հզոր ինքնագիտակցություն, արմատներին վերադառնալու ուժ ու պատրաստակամություն: Այսօր բազմաթիվ դերսիմցիներ փորձ են անում պաշտոնապես վերադառնալ իրենց արմատներին: Դրա մասին է վկայում նաեւ alevilerbirligi կայքի առկայությունը, որը տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի թվարկում եւ նկարագրում է իրավիճակը, որն առկա էր Օսմանյան կայսրությունում մինչ 1915թ., եւ թե ինչ ճակատագիր ունեցան դրանք մեծ կոտորածից հետո: Այս կայքում արեւմտահայությանը վերաբերող նյութերի մատուցումն ու գիտական հենքը պարզապես ապշեցնող է: Ավարտելով՝ ուզում եմ մեջբերել Հրանտ Դինքի թեւավոր խոսքը. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել