Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎԱՐԴԱԳՈՒՅՆԻ ՄԵՋ

Մայիս 08,2010 00:00

Ժնեւում հենց այսպիսի գույնով են փորձել ներկայացնել Հայաստանում առկա իրավիճակը ՀՀ իշխանությունները, բայց քաջատեղյակ օտարերկրացիների ելույթները նրանց համար սառը ցնցուղ են դարձել:

Մայիսի 6-ին Ժնեւում ՄԱԿ, Համընդհանուր պարբերական դիտարկում-Universal Periodic Review (UPR) Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն իր զեկույցում փորձել է մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հիմնարար ազատությունների ոլորտներում Հայաստանում առկա իրավիճակը ներկայացնել բացառապես վարդագույն երանգներով: Ինչպես Ժնեւում տեղի ունեցած եւ ավելի քան երեք ժամ տեւած նիստին մասնակցած Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն է ընդգծում, ՀՀ ԱԳ փոխնախարարը, օրինակ՝ պատմել է, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է արտահայտման ազատությունն իր հարակից ձեւերով, եւ մամուլի ու զանգվածային լրատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորված է երկրում, իսկ 2001թ.-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հիման վրա ձեւավորվել է անկախ կարգավորող մարմին: Շեշտենք, որ խոսքը մեզ հանրահայտ ՀՌԱՀ-ի մասին է: Նա ասել է նաեւ, թե Հայաստանը հավատարիմ է Մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության սկզբունքի հիման վրա հասարակության կառուցման գաղափարին:
Բարեբախտաբար, ինչպես շեշտում է Լ. Բարսեղյանը, դահլիճում այլ երկրների մի շարք ներկայացուցիչներ այս զեկույցին հաջորդած ելույթներում կարողացել են բավականաչափ հստակ հատկանշել այն խնդիրները, որոնք Մարդու իրավունքների ոլորտում առկա են Հայաստանում, եւ պատկերը առավել իրական է դարձել, քան ներկայացվել էր ԱԳ փոխնախարարի վիրտուալ Հայաստանին վերաբերող զեկույցում: Լ. Բարսեղյանը «Առավոտին» է փոխանցել 47 երկրների ներկայացուցիչների հարցադրումների եւ առաջարկությունների համառոտ քաղվածքները: Ըստ այդմ, իրենց ելույթներում մի շարք երկրների ներկայացուցիչներ մտահոգիչ են համարել Հայաստանում իրավապաշտպանների եւ ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների դեմ հարձակումները, դրանք ու նաեւ 2008-ի նախագահական ընտրություններից հետո կատարված իրավախախտումները, մարտիմեկյան 10 սպանությունների գործը հետաքննելու եւ իրականացնողներին արդարադատությանը հանձնելու վերաբերյալ առաջարկներ են արել, խոսել են նաեւ ոստիկանների դիրքի չարաշահումների դեպքերը պատշաճ հետաքննելու, նաեւ դատական համակարգի լիակատար անկախությունը ապահովելու, կալանավայրերում եւ բանտերում տեղի ունեցող խոշտանգումների դեպքերը շուտափույթ հետաքննելու անհրաժեշտության մասին: Օտարերկրյա պատվիրակները առաջարկել են նաեւ ապահովել 2008-ի հունիսին ԵԴ-ի՝ «Ա1+»-ի վերաբերյալ կայացրած վճռի կատարումը՝ հեռուստաընկերության ոտնահարված իրավունքի վերականգնման համար, իսկ դատական համակարգի մասով՝ առաջնորդվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ իրականացրած դատական համակարգի մոնիտորինգի արդյունքներով եւ արդարադատության բարեփոխումներ իրականացնել:
Իսպանիայի ներկայացուցիչը, օրինակ, առաջարկել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարել եւ հեռուստաընկերություններին ու ռադիոկայաններին հեռարձակման լիցենզիաներ ստանալու հնարավորություն տալ, «Ժողովների, երթերի եւ հանրահավաքների մասին» օրենքի 9, 4 եւ 3 հոդվածում փոփոխություններ կատարել՝ ապահովելու համար հավաքների ազատությունը: ԱՄՆ ներկայացուցիչն էլ շեշտել է, որ թեեւ 2009թ. համաներումը թույլ տվեց բանտերից ազատել 30 հոգու, որոնք ակնհայտորեն հետապնդվել էին քաղաքական հայացքների համար, ինչը դրական քայլ էր, բայց ուրիշները մնացել են բանտերում, եւ հարկավոր է ավելին անել, որպեսզի ապահովվի հարգանքը ընդդիմության քաղաքական ազատությունների նկատմամբ եւ ակտիվիստները հնարավորություն ստանան առանց վախենալու գործունեություն իրականացնել: Գերմանիայի ներկայացուցիչն իր հերթին առաջարկել է Հայաստանին հատուկ զեկուցող հրավիրել դատարանների եւ փաստաբանների անկախության խնդրով: Իսկ ահա Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ արձանագրելով, որ 2008-ի ընտրություններից հետո ընդդիմությունն ու լրագրողները հարձակումների են ենթարկվել, առաջարկել է խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել եւ հետաքննել տեղի ունեցած օրինախախտումները: «Ոստիկանությունը պիտի իմանա, թե ինչպիսի պատասխանատվություն է կրելու մարդկանց իրավունքների խախտումների համար»,- հայտարարել է Շվեյցարիայի պատվիրակը:
Այս ելույթներից հետո խոսել է ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ, ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը, որն, ի դեպ, «Մարտի 1»-ի գործերով դատարաններում պաշտպանում էր քաղբանտարկյալներին ներկայացված մեղադրանքները: Նա, իհարկե, փորձել է «ջրել» Հայաստանին ներկայացված մեղադրանքները՝ հերքելով, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ու կրկնել է օրերս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունն առ այն, թե՝ ՀՀ որոշ քաղաքական ուժեր քաղաքական պաշտպանության տակ են առել 14 դատապարտվածների, բայց նրանք ձերբակալվել են ոչ թե քաղաքական համոզմունքների, այլ կոնկրետ քրեական իրավախախտումների՝ անկարգությունների կազմակերպման եւ իրականացման, ապօրինի «զենք-զինամթերք» պահելու, կավատության համար: Ըստ նրա, ոստիկանությունում խոշտանգումների մասին բոլոր հաղորդումները պարտադիր քննվում են, իսկ «Մարտի 1»-ի սպանությունների հետաքննության շրջանակներում հարուցվել է 2 քրգործ 4 ոստիկանների դեմ, որոնցից մեկի դատավարությունն արդեն ավարտվել է, եւ ոստիկանները դատապարտվել են, իսկ մյուս գործով նախաքննություն է իրականացվում:
Ի դեպ, Հայաստանի զեկույցի վերջնական տարբերակը հաստատվելու է մայիսի 10-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել