Հայաստանի ամերիկյան համալսարանում երեկ կայացավ «Aragil, the White Stork» վավերագրական ֆիլմը: Նկարի հեղինակը ծնունդով իրաքցի, ներկայումս ամերիկաբնակ Շիրակ Խոջայանն է: Նա եղել է հոլիվուդյան այնպիսի ֆիլմերի պրոդյուսեր/մոնտաժող, ինչպիսիք են «The Norseman», «The Evictors», «The Legend of Boggy Creek II», «Sacred Ground» եւ այլն:
Պաշտամունքային թռչնատեսակի` սպիտակ արագիլի «կերպարը» միջոց է մարդկանց ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրելու համար: Արագիլը բացառիկ թռչուն է ոչ միայն մեր ժողովրդի լեգենդների մեջ: Այն նաեւ բացառիկ ցուցիչ է՝ վեր հանելու բնապահպանական խնդիրները. ուսումնասիրելով արագիլներին՝ կարելի է պարզել հողի եւ ջրաճահճային տարածքների աղտոտվածության, թունաքիմիկատների առկայության աստիճանը, կլիմայի փոփոխության ազդեցությունը, ջրային միջավայրի ետաճը, ինչպես նաեւ մարդու վերաբերմունքը բնությանը: Հայաստանում սպիտակ արագիլի ուսումնասիրություններով զբաղվում է միայն Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան բնապահպանական կենտրոնը», որի աշխատանքներում ներգրավված են բների հարեւանությամբ ապրող բնակիչները. նրանց դիտարկումներն ու գրանցումները անմիջականորեն տեղ են գտնում գիտահետազոտական աշխատանքներում: 2007թ.-ին «Հակոբյան բնապահպանական կենտրոնի» «Սպիտակ արագիլ» ծրագիրն արժանացավ Միացյալ Թագավորության բնապահպանական ամենախոշոր՝ Ուիթլի մրցանակին, որը հանձնվեց ՄԲ-ի արքայադուստր Աննայի կողմից: