Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակ՝ դարը արտացոլելու համար

Մայիս 08,2010 00:00

Երեկ «Տեսակետ» մամուլի ակումբում կայացավ բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանի ասուլիսը: Նա ապրիլի 19-26-ը Ստամբուլում մասնակցել է պոեզիայի փառատոնի: Ա. Հարությունյանի փոխանցմամբ, թուրքական «Պոետներն այստեղ են» փառատոնը գործում է 2006 թվականից: Փառատոնի մասնակիցը պարտադիր պետք է տիրապետի օտար լեզվի, որպեսզի կարողանա ներկայացնել իր բանաստեղծություններն ու ասելիքը: «Պոետներն այստեղ են» փառատոնին Հայաստանից նախորդ տարիներին մասնակցել է նաեւ գրականագետ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը:
Ա. Հարությունյանը ընդգծում է, որ ինքը ընթերցել է բանաստեղծություններ՝ քաղաքական ենթատեքստով: Նա ասում է, որ թեեւ թուրքական փառատոնը խուսափում է սուր անկյուններից, բայց, այդուհանդերձ, ինքն առանց երկյուղի ընթերցել է ցեղասպանությանը նվիրված իր բանաստեղծությունները: Ի դեպ, մի կտոր էլ նա լրագրողների համար կարդաց:
Բանաստեղծը պատմեց նաեւ, որ Թուրքիայում իր այդ բանաստեղծությունները ընթերցելիս դահլիճում շշուկներ է լսել, անգամ ներկաներից ոմանք ձեռքով խփել են սեղանին: Դա չի խանգարել Հարությունյանին «Պոեզիայում դարը արտացոլելու համար» մրցանակ ստանալ:
«Մրցանակը ինձ համար սպասված չի եղել: Մեծ մասամբ փառատոնի ընթացքում ընթերցվում էր սիրային լիրիկա»,- ասում է Ա. Հարությունյանը ու հավելում, որ, օրինակ, Ուկրաինայի ներկայացուցիչը փառատոնին ելույթ է ունեցել կիթառի հնչյունների ներքո, հանդես գալով՝ «Թքած, թե այսօր չես զանգի ինձ» բանաստեղծությամբ: Ըստ Ա. Հարությունյանի, ստամբուլյան մամուլի արձագանքները միանշանակ չեն եղել, իսկ կոնկրետ հայկական թերթերը դրվատանքով են արտահայտվել իր մասին: Ա. Հարությունյանը հավելեց նաեւ, որ պոեզիայի փառատոնը բավական լավ էր կազմակերպված եղել եւ ինքը գոհ է վերադարձել Հայաստան: Նշեց նաեւ, որ թուրք կոլեգաների հետ հետաքրքիր մասնագիտական քննարկում-զրույցներ է ունեցել: «Թուրք գործընկերներս զարմացած էին թուրքական պոեզիայի՝ իմ այդքան լավ իմացության վրա»,- եզրափակում է Ա. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել