Այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշի, Մարդինից ընտրված պատգամավոր Էմինե Այնայի եւ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին ղեկավար Ահմեդ Թուրքի մասնակցությամբ Վաշինգտոնի Holiday Inn հյուրանոցում տեղի է ունեցել քրդական կուսակցության Վաշինգտոնյան ներկայացուցչության պաշտոնական բացումը: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Zaman»-ը: «Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական հարցն է: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում այդ խնդրի կարգավորման ուղղությամբ: Քրդական հարցը Միջին Արեւելքի մի ժողովրդի հարց լինելով մեկտեղ, այժմ դարձել է միջազգային հարց: Այսպիսի ներկայացուցչություններ բացելով, մենք ցանկանում ենք այդ խնդիրը Թուրքիայում ժողովրդավարական միջոցներով կարգավորելու ջանքերին մեր ներդրումն ունենալ»,- ներկայացուցչության բացման արարողության ժամանակ հայտարարել է կուսակցապետ Դեմիրթաշը:
Իսկ Թուրքիայում, նույն աղբյուրի մատուցմամբ, նախագահ Աբդուլա Գյուլը 14-րդ դարի թյուրք աշուղ Յունուս Էմրեին նվիրված միջոցառումների շարքին մասնակցելու համար արագընթաց գնացքով ժամանել է Էսքիշեհիր, որտեղ Էմրեի գերեզմանի մոտ լսել է Անթաքիայի Քաղաքակրթությունների երգչախմբի հայերեն իր պատվին կատարված հայտնի «Սարը գելին» հայկական երգը: