Hermitage Capital ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Ուիլյամ Ֆելիքս Բրաուդերը Միացյալ Նահանգների Կոնգրեսին կոչ է արել պաշտպանել ՌԴ-ից թվով 60 պաշտոնյաների մուտքն ԱՄՆ արգելելու նախաձեռնությանը: Բարձրաստիճան պաշտոնյաների այդ ցանկը, որում ընդգրկվածները կասկածվում են իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի (նկարում) մահվանն առնչություններ ունենալու մեջ, գլխավորում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցի, ՌԴ ՆԳՆ հետաքննչական կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Անիչինը: «Newsru»-ի մատուցմամբ, ցուցակում են հայտնվել նաեւ ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը եւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնտեսական անվտանգության գերատեսչության ղեկավարի տեղակալ Վիկտոր Վորոնինը:
Նախօրեին Ուիլյամ Ֆելիքս Բրաուդերը 2009թ. աշնանը Մոսկվայի մեկուսարանում մահացած իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի գործին վերաբերող զեկույցով հանդես էր եկել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում: Բրաուդերը Կոնգրեսի անդամներին կոչ է արել պաշտպանել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, սենատոր Բենջամին Կարդինի հիշյալ առաջարկը, որով նա դիմել էր Պետդեպարտամենտին: Իր ելույթում Բրաուդերը շեշտել է, որ նման արգելքը համոզիչ դրսեւորում կլինի առ այն, որ ամերիկյան իշխանությունները չեն հանդուրժում կտտանքները, սպանություններն ու Ռուսաստանում չինովնիկների կոռումպացվածությունը: Նա նաեւ առաջարկել է, որ ԱՄՆ գանձատունը սառեցնի այդ չինովնիկների՝ Միացյալ Նահանգների տարածքում ունեցած ակտիվներն ու բանկային հաշիվները, եթե այդպիսիք կան:
Հիշեցնենք, որ Մագնիտսկին կոռուպցիայի, պետական ֆինանսական միջոցների գողության մեջ մեղադրում էր ռուսական բարձրաստիճան մի շարք չինովնիկների, որոնց անունները ներառված են 60 հոգանոց այդ ցուցակում: Նման մեղադրանքներ առաջադրելուց հետո իրավաբանին կալանավորել էին հարկերից խուսափելու մեղադրանքով: Նա մահացել էր Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում՝ սրտի կաթվածից, բայց իրավապաշտպանները պնդում էին, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Մագնիտսկիին միտումնավոր բուժօգնություն չի ցուցաբերվել: