Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՅԲՈՐԻՍՏՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ 13 ՏԱՐԻ ԱՆՑ

Մայիս 08,2010 00:00

\"\"Անցած 36 տարիների ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցած որեւէ կուսակցություն կառավարություն ձեւավորելու համար մեծամասնություն չունի: Պահպանողականները մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններում թեեւ հաղթել են, բայց բացարձակ մեծամասնություն խորհրդարանում չունեն:
Դա հայտնի է դարձել գործող 650 ընտրատարածքներից 600-ից ստացված ընտրությունների արդյունքների հաշվարկից հետո:
Լեյբորիստները, որոնք 1997թ.-ից երկրում իշխանության ղեկին էին, այլեւս չեն կարող խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել, բայց առայժմ պարզ չէ, թե խորհրդարան անցած կուսակցություններից որի հետ է հնարավոր կառավարություն ձեւավորել: Պահպանողական կուսակցության առաջնորդ Դեւիդ Քեմերոնը (ձախից) հայտարարել է, թե «լեյբորիստների կառավարությունը կորցրել է երկիրը կառավարելու մանդատը»:
Այս ընտրություններում պարտված լեյբորիստները, սակայն, հայտարարում են, թե իրենց առաջնորդ, գործող վարչապետ Գորդոն Բրաունը իրավունք ունի փորձելու կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Այդ նպատակով նա արդեն բանակցություններ է սկսել Նիկ Կլեգգի (աջից) գլխավորած լիբերալ-դեմոկրատների հետ, որոնք այս ընտրություններում զբաղեցրել են երրորդ տեղը: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, նույնիսկ այդպիսի տանդեմի դեպքում պահպանողականներն ու լիբերալ դեմոկրատները միասին իրենց հավաքած քվեներով չեն կարող խորհրդարանում մեծամասնություն կազմել, նրանք խորհրդարանում միասին կունենան ընդամենը 317 մանդատ՝ այն դեպքում, երբ մեծամասնություն ունենալու եւ կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ է ունենալ 326 մանդատ: Եթե պահպանողականներին նույնիսկ հաջողվի կոալիցիոն կառավարություն ձեւավորել, ապա նրանք այդ կառավարության կազմում փոքրամասնություն կկազմեն: Լիբերալ-դեմոկրատների ղեկավար Նիկ Կլեգգը խոստովանել է, որ իր համար քվեարկության հայտարարված արդյունքները հիասթափեցնող են եղել:
Առայժմ երկրում, որպես իշխող կուսակցություն, մնում են լեյբորիստները:
Մայիսի 6-ի բրիտանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում Դեւիդ Քեմերոնի առաջնորդած Պահպանողական կուսակցությունը, ըստ BBC-ի տվյալների, ստացել է 291, գործող վարչապետ Գորդոն Բրաունի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը՝ 251 եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ Նիկ Կլեգգի գլխավորությամբ, 52 մանդատ:
«Reuters»-ի տվյալներով, որոնք հիմնված են ընտրական տեղամասերից դուրս եկած եւ արդեն քվեարկած քաղաքացիների հարցման վրա, պահպանողականները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կունենան 305, լեյբորիստները՝ 255 եւ լիբերալ-դեմոկրատները՝ 61 տեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել