«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, թե իրենք մամուլից են ծանոթացել ուսանողական հանրահավաքի եւ բողոքի երթի կապակցությամբ ԿԳՆ-ի տարածած հաղորդագրությանը, որից ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ միջոցառումների կազմակերպիչը «Ժառանգություն» կուսակցությունն էր:
«Ժառանգություն» կուսակցությունը, հարգելով ուսանողների ցանկությունը՝ չկուսակցականացնել իրենց խնդիրները, մշտապես զերծ է մնացել նշված միջոցառումներին միջամտելուց: Ինչ վերաբերում է «Ժառանգության» անդամ ուսանողներին, ապա կուսակցությանն անդամակցությունը չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, այդ թվում՝ ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները:
Զավեշտալի ենք համարում այն, որ «Ժառանգությանը», ուսանողության հիմնախնդիրները շահարկելու մեջ, անուղղակիորեն մեղադրում է ԿԳ նախարարությունը, որի աչալուրջ հսկողության ներքո տարիներ շարունակ տեղի է ունենում միջնակարգ եւ բարձրագույն կրթական հաստատությունների անսքող կուսակցականացում՝ տխուր հիշողություններ արթնացնող «կոմսոմոլացման» օրինակով»,- ասվում է հայտարարության մեջ: