Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթություն՝ նոր մեթոդներով

Մայիս 08,2010 00:00

Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Մանկավարժական նախաձեռնությունների հայկական ասոցիացիայի» եւ ԿԳ նախարարության կազմակերպած «Համագործակցային գաղափարախոսության իրականացումը կրթական համակարգում» թեմայով կոնֆերանսի ամփոփիչ նիստը: Տարեկան գիտաժողովի մի քանի օրերի ընթացքում եղել են զեկույցներ, քննարկվել մանկավարժական մի շարք հարցեր՝ հանրակրթության ներկա վիճակը, նորարարական շարժման հեռանկարները կրթության ոլորտում եւ այլն: Տեղի ունեցավ «Թերհամալրված հանրակրթական հաստատությունների նորարարական համալիրի ստեղծում» ծրագրի շնորհանդեսը:
Մանկավարժական ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին, եւ հիմնական նպատակը համագործակցային պրոցեսի վրա հիմնված կրթական նոր եղանակի կայացումն է Հայաստանում, նորարարությունների միջոցով ապագային համահունչ կրթական համակարգի ստեղծումը: ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց. «Ուսումնական պրոցեսը եւ ընդհանրապես կրթական ոլորտը պետք է լինի համագործակցային գաղափարախոսության հիմքերով, այսինքն՝ ավանդական եւ ինչ- որ իմաստով արդեն հին համարվող ուսուցման կազմակերպման մոտեցումները համագործակցային գաղափարախոսությունից հեռու են, երեխաները որպես կանոն մրցակցային հարաբերություններում են, իսկ դա կրթության ոլորտում չի բերում նոր հաջողություններ, դա ավելի շուտ ստեղծում է ոչ հաճելի մթնոլորտ երեխաների, ուսուցիչների ու դպրոցների միջեւ»: Ի դեպ, «Մանկավարժական նախաձեռնությունն» ունի ոչ պետական հանրակրթական «Բյուրակն» կրթահամալիրը, որտեղ աշխատանքը կազմակերպվում է նոր մեթոդներով:
«Մանկավարժական նախաձեռնությունների հայկական ասոցիացիայի» անդամ Վարդան Պարսամյանն ասաց. «Ցանկացած ուսումնական եղանակ երկար գործընթաց է անցնում: Եվ դրա այս կամ այն չափով դանդաղ լինելը կախված է միջամտությունից: Այն, որ այսօր գործող ուսումնական համակարգը վաղ թե ուշ փոխարինվելու է նորով, ակնհայտ է: Մեր նախաձեռնությունն արագացնում է այն»: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ նշեց. «Կրթական բարեփոխումները կիրականացվեն, եթե մեր կողքին են հասարակական, միջազգային կազմակերպությունները: Մենք մարզերում ունենք շատ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ, որտեղ ուղղակի մեթոդ չունենք՝ ինչպես աշխատեն ուսուցիչները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել