Հայրենական մեծ պատերազմի 90-ամյա վետերան Ադիբեկ Մանուկյանը 22 թոռան ու 18 ծոռան պապ է: Հաղթանակով ոգեւորված է, պետական աջակցությունից ու ուշադրությունից՝ դժգոհ ու հուսահատ. «Ես Ռոստովն եմ ազատագրել, ինչի համար Ռոստովի քաղաքապետը ինձ համբուրեց հերոսությանս համար ու ասաց՝ դու մեր քաղաքացին ես, իսկ հիմա, նույնիսկ Հաղթանակի օրվա առիթով՝ տարին մեկ անգամ, նախագահը մեզ չի շնորհավորում, միայն հեռուստացույցով խոսում են ու ինչ-որ միջոցառումներ կազմակերպում, բայց մեջը բան չկա: Թող դրա փոխարեն գոնե մեր թոշակները բարձրացնեն, մի քիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերեն, թե չէ՝ երկրորդական տեղում ենք»: Նրան բարկացնում է հատկապես Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, թե Հայաստանը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղը. «Ղալաթ է անում, նա չի կարողանա կռվել ու հետ վերցնել այդ տարածքները, դեռ Հայրենական պատերազմի տարիներին իմ աչքով եմ տեսել, որ ադրբեջանցի զինվորները վախվորած էին ու միշտ գլուխ էին պահում, օճառ էին ուտում, որ դիզենտերիա կպնեն, միայն թե կռվի չմասնակցեն: Էն թվերին օճառ ուտելու համար երկու ադրբեջանցու էլ գնդակահարեցին՝ իբրեւ ազգի դավաճան»: «Առավոտի» հետ զրույցում վետերան Վանյա Մանուչարյանն էլ մտաբերեց խորհրդային տարիները. «Այն ժամանակ ամեն շքանշանի համար փող էինք ստանում, տարին մեկ անգամ ԽՍՀՄ ցանկացած հանրապետություն անվճար այցելում էինք ու վերադառնում, սոցիալական ծախսերը 50%-ով կրճատված էր մեզ համար: Հիմա 5-6 հազար դրամ են տալիս ու ասում՝ համ լույս վճարեք ու բոլոր ծախսերը քաշեք, լավ է գոնե պատվովճարն են տալիս, միայն դա է մեզ մնում»: Վանյայի կարծիքով, այսօրվա երիտասարդության մեջ մարում է հայրենասիրական ոգին. «Ես 17 տարեկան էի, երբ կամավոր գրվեցի ու ռազմաճակատ գնացի: Իսկ հիմա ո՞ր երիտասարդը կամավոր կգրվի՝ շատ քչերը… Հիմա նույնիսկ բանակ չեն ուզում գնալ, ամեն ինչ անում են, ծանոթ-բարեկամ ու փող խաղացնում, որ բանակից ազատվեն»:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի առիթով Կենտրոն համայնքում բնակվող այս վետերանները երեկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հյուրերն էին: Վետերաններին շնորհավորեցին ոչ միայն բուհի ուսանողները, այլեւ երաժիշտներ եւ պարային համույթներ: Ի դեպ, միջոցառմանը հրավիրված էին ՀՀ պաշտպանության, ԿԳ նախարարները, բայց նրանցից ոչ ոք այդպես էլ չեկավ: